«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր, հետեւողական գրչի տեր Հարութ Սասունյանը նոր փաստերով դարձյալ անդրադառնում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վրա ճնշում գործադրելու Թուրքիայի փորձերին: Ստորեւ նրա հոդվածը` թարգմանաբար:
Թուրք պաշտոնյաները հետզհետե ավելի են մտահոգվում Մ. Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հայկական հարցերի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից: Հետեւաբար փորձում են սիրաշահել նրան եւ նրա թիմակիցներին` օգտագործելով տարբեր միջոցներ:
Նույնիսկ թոշակառու, նախկին դիվանագետներ են ընդգրկվում այդ «խաղի» մեջ: Վաշինգտոնում նախկին թուրք դեսպան Ֆարուք Լողօղլուն վերջերս մի երկար «բաց նամակ» է ուղարկել Օբամային: 23 կետերից բաղկացած այդ նամակը Մ. Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների տարբեր ոլորտներին է անդրադառնում եւ տպագրվել է «Թուրք արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի» (TUSIAD) հրատարակած Private View հանդեսի 2008-ի աշնանային համարում:
Դեսպան Լողօղլուն եղել է «Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի» (ASAM) նախագահը: Նա ներկայումս էլ Թուրքիայի արտգործնախարարության Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի վարչության անդամ է: «Սիրաշահեք Թուրքիային որպես գլխավոր գործընկերոջ» վերնագրով նամակը եզակի հնարավորություն է տալիս ծանոթանալու Թուրքիայի արտգործնախարարության քաղաքական ծրագրերին եւ առհասարակ մտածողությանը:
Նա իր նամակը սկսում է Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ զուր նմանություններ որոնելով: Նա թյուրիմացաբար պնդում է, թե երկու երկրները «միեւնույն արժեքներն ու ազգային շահերն են» հետապնդում, ինչպիսիք են «ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հիմնական ազատությունները եւ շուկայական տնտեսությունը», եւ հանգում է այն եզրակացության, որ երկու երկրների օրակարգային, առաջնային խնդիրներն ու կարիքները համընկնում են իրենց բովանդակությամբ:
Զարմանալի չէ, որ նա քանիցս անդրադառնում է հայկական խնդիրներին: Նամակի երկրորդ կետում նա նշում է, որ Մ. Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները բարելավվել են «անցյալ տարի Կոնգրեսում Հայկական ցեղասպանության բանաձեւի քննարկումների դադարեցումից հետո»:
Դաստիարակելու տոնով գրված նամակում դեսպան Լողօղլուն անընդհատ խորհուրդներ է տալիս Օբամային, թե ինչպես պետք է վարվի պաշտոնը ստանձնելուց հետո: 6-րդ կետում նա պահանջում է, որ նորընտիր նախագահը «թուրքերին սիրաշահելու քաղաքականությունը» համարի իր առաջին պարտականությունը, քանի որ հասարակական հարցումները քանիցս ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչությունը շատ վատ կարծիք ունի Մ. Նահանգների վերաբերյալ»:
Նամակի յոթերորդ կետում Օբամային իր «կրտսեր գործակատարը» համարող նախկին դեսպանը հրամայում է նախագահին «անվնաս դարձնել... հայերի եւ մյուս հակաթուրք քարոզչական ընկերությունների ջանքերը»: «Դուք պետք է համոզեք թուրք հասարակությանը, որ արդարացի եք վարվում եւ տեղի չեք տալիս որեւէ խմբակցության պահանջների առաջ, հատկապես եթե այդ պահանջները առնվազն վիճելի են», գրում է նա:
Ութերորդ կետում նա հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւն ու քրդական PKK-ի դեմ պայքարը պետք է լինեն այն երկու կոնկրետ հարցերը, որոնց Օբաման պետք է անդրադառնա իր նախագահության առաջին օրերին: «Այս հարցերը մեր հարաբերությունների նորմալացման «մեխն» են կազմում: Կոնգրեսում անցկացված որեւէ հայանպաստ որոշում նշանակալի, եթե ոչ անուղղելի վնաս է հասցնելու Ձեր հեղինակությանը Թուրքիայում եւ փչացնելու է մեր հարաբերությունների ամբողջ կառուցվածքը: Ավելին, դա չի լուծելու որեւէ հարց եւ, փոխարենը խանգարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված դրական գործընթացին:
Դուք պետք է քաջալերեք այդ գործընթացը, որն ընթանում է երկխոսության եւ հաշտեցման ուղղությամբ», գրում է նա:
Տասներկուերորդ կետում նա հավաստիացնում է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ «էներգիայի կենտրոն», որպեսզի «հակակշռի ռուսական գերիշխանությանը այս բնագավառում»: Այս նախադասությունը ինքնին բացահայտում է Ռուսաստանի Դաշնության հետ ընկերական հարաբերություններ հաստատելու թուրքական կառավարության կեղծավորությունը: Դա միաժամանակ շարունակությունն է օսմանյան այն քաղաքականության, որ ձեւանալով երկու հզոր պետությունների բարեկամ` իրականում Թուրքիան աշխատում է մեկը մյուսի դեմ լարել:
Քսաներկուերորդ կետում նա խորհուրդ է տալիս Օբամային Ռուսաստանի հետ իր հարաբերություններում չմոռանալ «ԱՄՆ-ի համար Թուրքիայի հատուկ կարգավիճակը»: Այնուհետեւ` բարելավել դրական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դա «բխում է մեր ազգային շահերից»:
Վերջում նախկին դեսպանը հրավիրում է նորընտիր նախագահին այցելել Թուրքիա «ամենավաղ հնարավորության դեպքում», որպեսզի ավելի ջերմ մթնոլորտում հարթվեն խնդիրները:
Հավանաբար ո՛չ Օբաման, ո՛չ էլ իր օգնականներից որեւէ մեկը ժամանակ չեն ունենա կարդալու այս երկարաշունչ նամակը: Բայց դա մի ավելորդ անգամ եւս հաստատում է, թե ինչքան լարված են թուրքերը Օբամայի նախագահ դառնալուց եւ նրա նախընտրական խոստումների իրականացման հեռանկարներից:
Թարգմ. Հ. Ծ.