Երեկ այդ մասին տեղեկացրել է «Զամանը»: Ահա թե ինչ է գրել թուրքական թերթը. «Նախորդ օրը Ստամբուլ էր այցելել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա դիմավորումն ու ուղեւորումը հատուկ արարողակարգով կազմակերպելու միջոցով Թուրքիան յուրահատուկ ժեստ արեց: Թուրքիայի արտգործնախարարությունը Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում Էդվարդ Նալբանդյանին դիմավորեց «Պետական հյուրասրահում», այլ ոչ թե օտարերկրյա հյուրերի համար նախատեսված VIP սրահում: Չնայած նա Թուրքիա էր ժամանել աշխատանքային այցով, սակայն հյուրընկալվեց բացառապես պետության նախագահների, վարչապետների, թագավորների եւ թագուհիների համար նախատեսված «Պետական հյուրասրահում»: Թեեւ այս հյուրասրահից օգտվում են նաեւ պետական մյուս գործիչները, սակայն դա կատարվում է շատ հազվադեպ եւ հատուկ թույլտվությամբ: Հյուրասրահի մուտքի մոտ բարձրացվեցին Թուրքիայի եւ Հայաստանի դրոշները: Նալբանդյանը նույն արարողակարգով էլ ուղեւորվեց: Մինչդեռ երկու երկրների միջեւ նույնիսկ չկան պաշտոնական բանակցություններ: Նկատի ունենալով այս հանգամանքը, «Բահչեշեհիր» համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆ. Հասան Քյոնին ասաց, որ «այս հատուկ արարողակարգը Հայաստանին արված յուրատեսակ ժեստ է»:
Հ. Չ.