Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Պրահայում տեղի ունեցավ Հարավային Կովկասի սառեցված հակամարտություններին նվիրված միջազգային համաժողով, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային բոլոր խնդիրներըՙ ռուս-վրացական հարաբերությունները, հայ-ադրբեջանական հակամարտությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Կոսովոյի նախադեպը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկա վիճակը, ԵՄ-ի հետ հարաբերությունները:
Պրահայում գործող Միջազգային հարցերի ընկերակցության կազմակերպած «Հարավային Կովկասը 2008-ին եւ հետո. սառեցված հակամարտություններ կամ սառեցված խաղաղություն» ընդհանուր խորագրով համաժողովը անցկացվում էր Չեխիայի եվրոպական հարցերով փոխվարչապետ Ալեքսանդր Վոնդրայի հովանու ներքո: Այս համաժողովի քննարկումների ելույթներից պետք է առանձնացնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչՊիտեր Սեմնեբիիելույթը: Վերջինս հստակ նշեց, որ ԵՄ-ն հավատացած էր, որ կովկասյան հակամարտությունները կարող են լուծվել քայլ առ քայլ, սակայն Վրաստանի դեպքերով խախտվեց այդ կայունությունը, եւ այժմ պատերազմից հետո Եվրոպական միությունը դարձել է մի բրոքեր, որ պաշտպանում է խնդրի քաղաքական լուծումը: Բացի այդ, Վրաստանի քաղաքական սիստեմը պետք է ազատ ու բաց լինի, որպեսզի նորմալ բանավեճ ծավալվի երկրի քաղաքական համակարգի դեմոկրատացման համար: Նա նաեւ խոստովանեց, որ հետ նայելով արվածին, իհարկե, կարելի էր ավելին անել, որպեսզի պատերազմ չլիներ: Մյուս կողմիցՙ նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանի երկու այլ երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի համար լուծելու Ղարաբաղի խնդիրը: Ղարաբաղի խնդրին նվիրված նիստը վարում էր Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տնօրենԼորենս Շիթը, որը շատերին ծանոթ է նաեւ իբրեւ Ռոյթեր լրատվական գործակալության Կովկասի բյուրոյի նախկին տնօրեն:
Ղարաբաղյան խնդրի քննարկումը նույնպես անցավ հետաքրքրական բացահայտումներով, որոնցից առաջինն արեց չեխ վերլուծաբանԲլանկա Հանչիլովան, ասելով, թե ի սկզբանե այս հակամարտությունը ունեցել է կրոնական բնույթ: Զարմանալին այն է, որ Կովկասի խնդիրներով զբաղվող եվրոպացի քաղաքագետները 20 տարի անց էլ մնում են նույն կաղապարված գնահատականների գերին: Դեռ լավ է, համաժողովի այդ նիստի մասնակից, Գլոբալիզացիայի եւ շրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետՍտեփան Գրիգորյաննիր ելույթը սկսեց մինչ այդ հնչած սխալ գնահատականների ուղղումով, ասելով նաեւ, որ ղարաբաղյան խնդրի մեջ երբեք կրոնական տարրը որոշիչ չի եղել, ընդամենը 1-3 տոկոս է եղել, եւ որ դա հիմնականում քաղաքական հակամարտություն է: Ի դեպ, մեր հայրենակիցն իր ելույթում կարեւորեց մոսկովյան հռչակագիրը, ասելով, որ լուրջ փաստաթուղթ է եւ առաջին անգամ նախագահների մակարդակով ստորագրված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկել են: Անգլիացի կովկասագետԹոմաս դը Վոլիկարծիքով էլ, Ռուսաստանը շատ է շահագրգռված ղարաբաղյան հակամարտության արագ լուծումով, լրիվ մեկուսացման ենթարկելով Վրաստանին: Սակայն այս խնդրում գլխավորը մարկետինգն է, քանի որ միջազգային հանրությունը հասկանում է, որ պետք է լուծել խնդիրը, բայց դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չկան: Պետք է լուծվի կոնսենսուսի հարցը եւ ճիշտ մարկետինգ արվի: Եվ այդ նպատակով, ըստ նրա, Ղարաբաղի հարցը պետք է առաջին տեղում լինի տարածաշրջանային խնդիրների օրակարգում:
Ադրբեջանցի քաղաքագետԱրիֆ Յունուսովիկարծիքովՙ ադրբեջանական հասարակության բոլոր թեւերը շատ բացասական վերաբերմունք ունեն Մոսկովյան հռչակագրին, քանի որ հասարակական կարծիքի պատրաստմանը խոչընդոտել է հենց երկրի իշխանությունը: Սովետական տարիներից ի վեր Ադրբեջանի քաղաքական համակարգում գրեթե ոչինչ չի փոխվել: Հենց դա է, քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի դժբախտությունըՙ «Ավտորիտար էլեմենտներով եւ դեմոկրատական դիզայնով» պետություն: Նրա ասելով, այսօր Ադրբեջանում շարունակվում է երկրի իսլամիզացիան եւ ոչինչ չի արվում Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ հասարակական կարծիքի նախապատրաստման համար: Ուստի բանախոսը ԵՄ ներկայացուցչին հարց ուղղեցՙ թե ինչո՞ւ չեն պատժամիջոցներ կիրառում Ադրբեջանի նկատմամբ եւ խնդրեց օգնել Ադրբեջանի դեմոկրատացմանը: Վերջինիս Պիտեր Սեմնեբին պատասխանեց, որ պատժամիջոցները ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցնի, ավելին, կկորցնեն փոփոխություններ անելու հնարավորությունը:
«Եթե Ղարաբաղը որեւէ կողմին տրվի, դա կդառնա անկայունության օջախ, քանի որ Ղարաբաղը հոգեհարազատ է թե՛ հայերին եւ թե՛ ադրբեջանցիներին», ասաց Յունուսովը:
Ղարաբաղյան հակամարտության լուծման արագացման դեմ խոսեցին Ստեփան Գրիգորյանն ու լեհ վերլուծաբանՎոյցեխ Գորեցկին, նշելով, որ ամենավտանգավորը կոնֆլիկտի լուծման արագացումն է: «Կոնկորդ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենԴավիթ Շահնազարյաննէլ առաջարկեց իր մոտեցումըՙ պետք է շտապել դանդաղ: Նա նշեց, որ 1997 թվականին կորցրեցին իրական կարգավորման հնարավորությունը, մտավախություն կա, որ հիմա էլ կկորցնեն: Հետեւաբար, կարեւորելով այս պահը, հայաստանյան արմատական ընդդիմությունը նույնիսկ ժամանակավորապես դադարեցրել է զանգվածային հավաքները, որպեսզի չվնասեն բանակցությունների ընթացքին: Շահնազարյանը վերջում ավելացրեց, որ իրենք խելամիտ փոխզիջման կողմնակիցն են:
Համաժողովում այլ գնահատականներ էլ հնչեցին, մասնավորապես տիկին Բլանկան Ղարաբաղի խնդիրը շատ նմանեցրեց Կիպրոսի խնդրին եւ շեշտեց, որ Ղարաբաղը ոչ մի որոշում չի ընդունի, եթե դրան չի մասնակցել: Իսկ Ստեփան Գրիգորյանն էլ ներկաներին հորդորեց, որ եկել է ժամանակը, որպեսզի բոլորս սովորենք հաշվի նստել նաեւ փոքրամասնության կարծիքի հետ:
Ի դեպ, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի պատմության դասագրքերի ուսումնասիրությունները, որ իրականացրել էր չեխական Միջազգային հարցերի ընկերակցությունը, գրքույկի տեսքով ներկայացվեց համաժողովի մասնակիցներին: Այդ ծրագրի հայկական կողմի ներկայացուցիչ Միքայել Զոլյանի հետ մեր զրույցը, ինչպես նաեւ հարցազրույցները Պիտեր Սեմնեբիի, Ստեփան Գրիգորյանի, եւ «Եվրասիա» հիմնադրամի Երեւանի գրասենյակի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ կարդացեք «Օրեր» եվրոպական ամսագրում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա