Ըստ «Նոյյան տապանի», ԼՂ մուտքի արտոնագիր ունենալը հզոր տաբու է դարձել Ադրբեջան այցելողների համար, գրել է կանադական Esprit de Corps ռազմական հանդեսի խմբագիր եւ մի շարք գրքերի հեղինակ Սքոթ Թեյլորը, կանադական The Chronicle Herald-ում տպագրված իր հոդվածում: Հարավային Օսիայում լրագրողական հետաքննությունն ավարտելուց հետո, Թեյլորը Մինվոդիից (Ռուսաստան) ուղեւորվել է Բաքուՙ արտաքին գործերի նախարարության համալսարանում ելույթ ունենալու համար: «Բաքու ժամանելով, անձնագիրս ներկայացրի օդանավակայանի աշխատակցին, վստահ, որ ունեմ երկիր մտնելու օրինական արտոնագիր եւ պաշտոնական հրավեր, գրում է Սքոթը, սակայն դրանք հօդս ցնդեցին, երբ օդանավակայանի աշխատակցուհին սեփական աչքերին չհավատալով պարզեց, որ ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում»: Անմիջապես այնտեղ հայտնված ոստիկանության աշխատակիցները Սքոթին շտապ ուղեկցեցին առանձին սենյակ հարցաքննության համար: Շնորհիվ Օտտավայի դեսպանատան մի քանի հրատապ զանգերի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարի անմիջական միջամտության Սքոթին մի քանի ժամից ազատ արձակեցին: «Այս իրավիճակի բնականոն ընթացքը կլիներ ԿԳԲ-ի միջամտությունն ու երկրից պաշտոնական արտաքսումը,- գրում է կանադացի լրագրողը:- Իմ բախտը բերեց»: