Վերջապես Հայաստանն էլ քաղաքակիրթ երկրների նման «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենք կունենա, որը երեկ ԱԺ-ում քննարկվեց երրորդ ընթերցմամբ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի խոսքով` այդպիսով առանձին-առանձին օրենքներով կարգավորվող ոլորտը վերջապես համապատասխանեցվեց մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային, եւ Հայաստանում եւս փախստականը օրենքով մարդ է, որը պետք է անկախ իր կարգավիճակից, լիարժեք հնարավորություններ եւ իրավունքներ ունենա ապրելու, աշխատելու եւ այլն:
Օրենքը ՄԱԿ-ի փախստականների հարցերի գրասենյակի, ԱԺ հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության ջանքերի արդյունք է, որը նախապես քննարկվել է քաղաքացիական հասարակության միավորների հետ, լսումներ են եղել, տեւական աշխատանք է կատարվել, այդպիսով կարգավորվել է դաշտը: Օրենքի լայն հայացքի մասին Մ. Մնացականյանը մի օրինակ բերեց. մինչեւ հիմա ամեն սահման հատողի որպես լրտեսի էինք նայում, այժմ հենց օրենքը թույլ է տալիս նրան դիտել այլ տեսանկյուններից` գուցե փախստական է կամ ապաստան հայցող, ասել է թեՙ այլեւս ռեժիմային ձեւով չենք մոտենա խնդրին, այլՙ մարդու իրավունքները հարգելով:
Մ. Խ.