ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի ընդհանուր իրավասության 216 դատավորները 2009 թվականին կստանան կրկնակի բարձր աշխատավարձ` 440 հազար դրամ դրույքաչափով, որն, ի դեպ, այսուհետեւ պետք է սահմանվի բյուջեի օրենքով, յուրաքանչյուր տարի: Կարելի է ենթադրել, որ մեր դատավորներն այսուհետեւ այլեւս չեն կաշառվելու, չեն կոռումպացվելու եւ միայն արդար վճիռներ են կայացնելու: Համենայն դեպս` այդ բացատրությամբ էր հիմնավորվում երեկ նոր օրենսդրական փաթեթը, որ կառավարությունը բերել էր Ազգային ժողով, եւ որով 2009-ի բյուջեով առանձին հոդվածներով պետք է սահմանվեն դատավորների եւ գլխավոր դատախազի աշխատավարձերի պատոնական դրույքաչափերը: Հիմնական զեկուցող, աշխատանքի եւ սոցապահովության նախարար Արսեն Համբարձումյանը ներկայացրեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի այդ փաթեթը, որով հիմնավորում որպես նշվում է, թե դաշտը կարգավորող օրենսդրությունը գործում է 2003-ի հուլիսի 1-ից, մինչդեռ մինչ այժմ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխության չի ենթարկվել:
Մի խոսքով` մեր դատավորների աշխատավարձի դրույքաչափը պետք է ամեն տարի սահմանվի բյուջեի օրենքում առանձին տողով: Սա տեղավորվում է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում, եւ ըստ Ա. Համբարձումյանի` «Դատավորի առաքելությանը համապատասխան վարձատրություն ապահովելու ճանապարհով մենք կարող ենք հերթական կարեւոր քայլը կատարել անկախ եւ անաչառ դատական համակարգ ունենալու համար», սա` որպես հիմնավորում: Գլխավոր դատախազի պաշտոնեական դրույքաչափը եւս սահմանվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային օրենքով, սակայն նրա աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Եթե տարանջատում չլինի` դատախազության օրենքի, դատական օրենսգրքի, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի օրենքներով, ապա ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշխատավարձին անդրադառնալիս նաեւ անդրադարձ կլինի դատախազների աշխատավարձին, իսկ վերջիններիս աշխատավարձը 2008-ի հունվարից արդեն իսկ բարձրացել է, մինչդեռ մեր խեղճ դատավորները 2003-ից մինչ օրս նույն խեղճուկրակ (220 հազ. դրամ) աշխատավարձով են արդարադատություն իրականացնում: Այդ պատճառով դատավորների աշխատավարձը բյուջեով կարգավորելու այս փոփոխություններն են առաջարկվում: Իհարկե, լավ կլիներ, որ գործադիրի եւ օրենսդիրի աշխատավարձերը եւս զուգահեռ բարձրանային, մտածում էին երեկ ԱԺ դահլիճում հնչեցրած ելույթներում պատգամավորները, բայց գործադիրը ներկայացնող պաշտոնյան հիշեցնում էր, որ եղած հնարավորությունները թույլ չեն տալիս այս բարձրացումները տարածել բոլորի վրա: «2009-ին ԱԺ պատգամավորների համար լուծվելու է օգնականների աշխատավարձերի խնդիրը, իսկ գործադիրը համեստաբար իր համար ոչինչ չի պահանջում», ասաց Ա. Համբարձումյանը:
Սակայն չի կարելի ասել, որ պատգամավորները համաձայն էին նրա հետ: Օրինակ, ՀՀԿ խմբակցությունից Ռաֆիկ Պետրոսյանը, որը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան է եղել երկար տարիներ, ու ներկա դատավորների մեծ մասը նրա ձեռքի տակից է անցել, վստահ է, որ բյուջեի վրա 1 մլրդ դրամ հավելյալ ծախս բերող այս բարձրացումը չի կարող արմատախիլ անել կոռուպցիան դատական համակարգից, դա գումարի վատնում է, քանի որ դատարաններին վերահսկելու մեխանիզմ չկա, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Ստեփան Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց, որ բյուջեի այդ մեկ տողի հետ կապված` համակարգի արդյունավետություն քննարկել չի լինի, իսկ ելույթում էլ այս բարձրացումը համարեց հետմարտիմեկյան դատական խայտառակ պրոցեսների իրականացման համար երախտագիտություն, Արծվիկ Մինասյանը մտահոգությունը ձեւակերպեց հարցով. «Դատարաններն ավելի քաղաքական մարմին չե՞նք դարձնում` կախված կառավարությունից եւ ԱԺ-ից, անկախությունը չե՞ն կորցնում»: Նաիրա Զոհրաբյանը հաշվարկ էր ուզում, թե դրանից որքա՞ն կնվազի կոռուպցիան: Լիլիթ Գալստյանը սոցիալական լարվածության խնդիրը մատնանշեց, Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց` արդյոք կա՞ մի ուրիշ երկիր, որտեղ որոշ համակարգերում երկրի նախագահից ավելի բարձր աշխատավարձեր են ստանում: «Քանի՞ դատավոր է պատժվել կաշառք վերցնելու համար», հարցրեց հասարակ պատգամավոր Տիգրան Թորոսյանը` նույնպես թերահավատ, որ աշխատավարձի բարձրացումով կաշառքը կվերանա: Նույնիսկ երիտասարդ հանրապետական Արտակ Դավթյանը կառավարությանը խորհուրդ տվեց` չուրանալ ծնողին (իմա` բարձրացնել ԱԺ պատգամավորների աշխատավարձը):
Մտածելու տեղիք էր տալիս էլի ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանի ասածը. թե` ովքեր համաձայն են այդ հիմնավորմամբ աշխատավարձի բարձրացմանը, համաձայն են իրենց սոցիալական գնահատականին, ամոթ է: Այսինքն` ԱԺ բարձր ամբիոնից պաշտոնատար անձի շուրթերից հնչած խոսքից կարելի է եզրակացնել, որ մինչեւ հիմա դատավորները կաշառք են վերցրել, քանի որ ցածր աշխատավարձ են ստացել...ուրեմն բոլոր քիչ ստացողները, ստացվում է, կարո՞ղ են կաշառք վերցնել:
Պատգամավորներից շատերն առաջարկեցին հետ վերցնել օրենքը: