Ըստ «Արմենպրեսի», վարչապետի հանձնարարականով` միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով հանրապետությունում կստեղծվի խորհուրդ, որը լուծումներ կառաջարկի արտադրական ձեռնարկություններում առաջացած խնդիրների վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարության ճյուղային եւ տարածաշրջանային տնտեսական զարգացման վարչության պետ Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցության դիմակայման միջոցառումների շրջանակներում Հայաստանում նախատեսվում է ստեղծել նաեւ ազատ առեւտրի գոտի: Արդեն մշակված է համապատասխան հայեցակարգ, որն օրերս կքննարկվի կառավարությունում: Առաջնահերթ ազատ առեւտրի գոտի կստեղծվի «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետեւ տնտեսական ուղղվածությամբ նմանատիպ գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն Գյումրիում: Հ. Միրզոյանի տեղեկացմամբ` արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ, որը համաձայնել է կազմակերպել աշխատանքը: