Մենք պետք ունինք հպարտութեան...»
Շնորհանդես եւ ֆիլմադիտում «Նարեկացի» արվեստի միությունում
Նախորդ օրը «Նարեկացի» արվեստի միության սրահում տեղի ունեցավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի բնակիչ, ֆուտբոլասեր Խաչիկ Բաղդասարյանի «Անկյունային» գրքույկի շնորհանդեսը եւ Տիգրան Խզմալյանի 1998 թվականին հեղինակած «Արարատ-73» ֆիլմի դիտումը: Ներկաների շարքում էին «Արարատ-73»-ի առանցքային խաղացողներից Նիկոլայ Ղազարյանը, Արկադի Անդրեասյանը եւ Սերգեյ Պողոսյանը, ինչպես եւ թիմի հետագա հենասյուներից Խորեն Հովհաննիսյանը:
Հետաքրքրական է գրքույկի երեւույթն ինքնին: «Արարատ-73»-ի 35-ամյակը պիտի որ Բերձորում մեկուկես տասնամյակ առաջ հաստատված մտավորական Խաչիկ Բաղդասարյանը հիշեր ու այս տարեդարձին նվիրեր իր նոր հրատարակությունը, որը լույս է տեսել Ստեփանակերտում` մի քանի օր առաջ: Հեղինակի մուտքի խոսքում ասված է, թե նա իր պատմվածքում կերպավորել է հայկական ֆուտբոլի մեծագույն դեմքերին` ընդհանուր եւ հավաքական մի կերպարում:
Շնորհանդեսին ելույթ ունեցան հեղինակը, հասարակական գործիչ Գարեգին Ղազարյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ ուրիշներ: Սկզբում ներկաները միմյանց շնորհավորեցին ՀՀ շախմատի հավաքականի Դրեզդենում երեկ նվաճած փառքի համար: Այս հաղթանակը համեմատվեց «Արարատի» 1973 թվականի կրկնակի նվաճումների հետ: Հատուկ նշվեց, որ ֆուտբոլը եւս, նախ եւ առաջ, մտքի խաղ է: Ներկաները խոր ցավով իմացան, թե «Արարատ-73»-ի վետերանների թոշակը ամոթալի գումար է` 17 հազար դրամ (ՀՀ իշխանավորները ամոթի զգացում ունե՞ն արդյոք):
Այնուհետեւ ցուցադրվեց «Արարատ-73» ֆիլմը, որը Տիգրան Խզմալյանը ռուսերենով պատրաստել է «Երեւան» կինոստուդիայում եւ որն արժանացել է ընդամենը մեկ ցուցադրման 1998 թվականին: 28 րոպեանոց վավերագրական ֆիլմը ֆուտբոլային թիմի հաղթանակները ներկայացնում է 20-րդ դարի հայոց պատմության համաշարադրանքում` Հայոց ցեղասպանություն, Երկրորդ աշխարհամարտ, մեծ հայրենադարձություն եւ հայկական գրավյալ հողերի մի մասի ազատագրության սովետական ծրագրեր, Մոլոտովի տխրահռչակ հայտարարություն, Տիգրան Պետրոսյանի շախմատային չեմպիոնական նվաճումը 1963 թվականին, Մեծ եղեռնի 50-ամյակի նշումները Երեւանում եւ սփյուռքում` ընդհուպ 1980-ականների վերջի արցախյան շարժումը: Ֆիլմը մինչեւ ողնուծուծը ողողված է ազգային հպարտության եւ հաղթանակների կերտման կամքի ոգով:
Ուղղակի անհասկանալի, այլեւ դատապարտելի է այն փաստը, որ Տիգրան Խզմալյանի նկատմամբ հայտարարված պատերազմի պատճառով (այլապես ո՞րն է գոնե այս օրերին ֆիլմը չցուցադրելու պատճառը) ֆիլմը չի ցուցադրվում մեծ պաստառի վրա` կինոթատրոններում եւ հեռուստաեթերում, որոնցում տերն ու տիրականը աղբն է, մինչդեռ մենք կարիք ունենք հայ բանաստեղծության իշխան Վահան Թեքեյանի` այս հրապարակման վերնագրում նշվածին` հպարտությա՛ն:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ