«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ ԿԻԵՎՈՒՄ

Օրերս Կիեւում տեղի ունեցավ Թումանյան-Շեւչենկո եռօրյա գիտական նստաշրջան, որը կազմակերպել էր Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտն ու Շեւչենկոյի անվան համալսարանը: Հայկական պատվիրակության կազմում էին ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, գրականագետ Գուրգեն Հովհաննիսյանն ու այլ պատվավոր անձինք:

«Ուկրաինացիները մեկ տարի շուտ սկսեցին տոնել Թումանյանի ծննդյան 140 ամյակը: Հուսադրող էր հայապահպանության բարձր հիմքերի վրա լինելը: Բազմաթիվ հայեր մեծ նվիրումով են աշխատում` պահպանելով հայ մշակույթի բարձրությունը ոչ միայն հայերի, այլեւ ուկրաինացիների համար: Բազմաթիվ դպրոցներում անցկացվել էին հատուկ դասեր նվիրված Թումանյանին: Զարմացել էինք, թե ուկրաինացի դպրոցականներն ինչպիսի հիացմունքով էին շարադրություններ գրել Թումանյանի ստեղծագործությունների մասին: Երեխաները մեծ բանաստեղծին անդրադարձել էին նաեւ կերպարվեստի միջոցով` նկարազարդելով մեծ բանաստեղծի հայտնի հեքիաթները»,«Ազգ»-ի հետ զրույցում ասաց թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը:

Թումանյանական օրերի ընթացքում տեղի ունեցավ երգահան Մացոյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան: «Մասնակցում էր Ուկրաինայի պետական երգչախումբն ու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Զարմանալի երեւույթ էր: Դերակատարները ուկրաինացիներ էին, սակայն Անուշը հրաշալիորեն կատարվեց հայերեն լեզվով: Ինչքան պետք է սիրեին Թումանյանին, ու ինչքան սիրով բեմադրեին «Անուշը», որ արդյունքն այդքան լավը լիներ: Անգամ Փարիզից էին հայեր ժամանել օպերան ունկնդրելու համար», ասաց թումանյանագետը նշելով, որ բանաստեղծի հոբելյանական օրերի շրջանակներում տեղի կունենան գրական ընթերցումներ, պոեզիայի երեկոներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4