«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԾԵՐԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2002 թվականից, եվրոպական մի շարք համանուն կառույցների ֆինանսավորմամբ իրականացնում է «Տնային խնամք ծերերի համար» ծրագիրը, որի նպատակը միայնակ ծերերին հոգատար վերաբերմունք եւ կարեկից խնամք տրամադրելով, նրանց կենսակերպի բարելավմանը նպաստելն է: Գործնական աջակցության տարբեր ձեռնարկներից բացի, ծրագիրը ներառում է նաեւ հասարակության մեջ ծերերի հիմնախնդիրների ակտիվ քարոզչության միջոցառումներ: Այդ հիմնախնդիրների լուսաբանումը խթանելու եւ խրախուսելու նպատակով կազմակերպությունը սեպտեմբեր ամսին տարբեր անվանակարգերով բաց մրցույթ էր հայտարարել: Վերջինիս արդյունքներն ամփոփվեցին երեկ, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում կազմակերպված ցերեկույթի ժամանակ:

Ինչպես նշեցին ծրագրի պատասխանատուները, մրցույթին մասնակցել են լրագրողներ, նկարիչներ, այլ ստեղծագործողներ Գյումրիից, Գավառից, Վանաձորից եւ մայրաքաղաք Երեւանից: Սրահում ցուցադրված գործերը տարբեր կողմերով ներկայացնում էին տարեցներին ու նրանց խնդիրները: Հավաքվածները հետաքրքրությամբ դիտեցին մրցույթում հաղթող ճանաչված, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության լրագրող Լուսինե Սարգսյանի հեղինակած «Մենության ձայնը» տեսաֆիլմը, որը նկարահանվել էր «Հայկական Կարիտասի» պատվերով եւ պատմում էր միայնակ մարդու կենցաղի, հույզերի ու մտահոգությունների մասին:

Լավագույն հեռուստառեպորտաժի համար սահմանված մրցանակին արժանացավ «Շանթ» ՀՌԸ լրագրող Արտակ Հովհաննիսյանը, լավագույն հոդվածի համար պարգեւատրվեցին «Կումայրի», «Շրջապատ» շաբաթաթերթերի լրագրողներ Լիդա Շաղգամյանը, Գուրգեն Ենգոյանը (Գյումրի), անկախ լրագրող Անի Գասպարյանը (Երեւան): Ներկայացված գեղանկարների գծով հաղթողներ ճանաչվեցին Գյումրիից Էմին Սաֆարյանը, ծրագրի շահառու Սերգեյ Միրզոյանը, Վանաձորից Համլետ Չատինյանը, լուսանկարի գծով` «Շանթի» օպերատոր Արտյոմ Խաչատրյանը: Մրցույթի եւս մի խումբ մասնակիցներ պարգեւատրվեցին նվերներով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4