Սեւծովյան ավազանի եւ կովկասյան տարածաշրջանի համագործակցության երկրների կինոդպրոցի բացումը կարելի է համարել այս ամսվա երեւանյան կինոիրադարձությունը` իրանցի հանրահայտ կինոբեմադրիչ Աբբաս Քյառոստամիի վարպետության գործնական դասերով, հայ, վրացի, թուրք եւ պարսիկ երիտասարդ կինոբեմադրիչների շփումով եւ մեկ շաբաթվա ընթացքում մոտ 15 կարճամետրաժ ֆիլմերի ստեղծումով: Երեւանի կենտրոնական փողոցներում վաղուց այդքան կինոխցիկներ չէին երեւացել: Ոգեւորված էին հատկապես Աբբաս Քյառոստամիի սաները, որոնք առաջին անգամ էին Հայաստանում ու ջանում էին կինոխցիկով որսալ իրենց գրավող բոլոր կադրերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին եւ Աբբաս Քյառոստամիին սկզբում զարմացրել է հայաստանցիների պասիվությունը, սակայն դասընթացի ավարտին նրանց ֆիլմերը դիտելուց հետո դժգոհելու պատճառ այլեւս չեն ունեցել: «Հայկական կինոն կարիք ուներ երիտասարդ արյան, ինչի համար եւ ստեղծվեց այս կինոդպրոցը շնորհիվ «ՎիվաՍել» ընկերության աջակցության: Վարպետների հետ շփումը չափազանց կարեւոր է. Ատոմ Էգոյանի, Աբբաս Քյառոստամիի, Վիմ Վենդերսի եւ այլոց մեկ դասը համարում եմ ավելի օգտավետ հայաստանյան բուհերի մեկամյա դասընթացից: Դա ոչ թե կինոգիտելիքի փոխանցում է, այլ կոնկրետ աշխատանք ֆիլմի վրա: Փաստորեն, մեկ շաբաթվա ընթացքում ունեցանք մոտ 15 կարճամետրաժ ֆիլմ. այդպիսի արդյունք չէր կարող ստանալ եւ ոչ մի ինստիտուտ նույնիսկ ամբողջ տարվա ընթացքում: Այնպես որ, մշակույթի նախարարության եւ ազգային կինոկենտրոնի հետ պիտի շարունակենք այս դասընթացը, որպեսզի տարածաշրջանի երիտասարդ ռեժիսորների հայացքն ուղղված լինի Հայաստանին: Այդպիսի վարպետների դասընթացներին մասնակցելը յուրաքանչյուր երիտասարդ կինոբեմադրիչի երազանքն է: Հաջորդ դասընթացը կլինի փետրվարին կամ մարտին, տեսնենք, թե այդ ժամանակ որ կինովարպետն ազատ ժամանակ կունենա, նրան էլ կհրավիրենք», ասաց Հարություն Խաչատրյանը:
Նոյեմբերի 11-17-ը անցկացված կինոդասընթացի նախավերջին օրն ինձ հաջողվեց զրուցել Աբբաս Քյառոստամիի հետ` «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ նա սպասում էր նկարահանումներից ուր որ է վերադարձող մասնակիցներին: Նրա պատասխանատվության զգացումն ապշեցրեց ինձ. Քյառոստամին մերժում էր տեսարժան որեւէ վայր գնալու ոսկեծիրանային ամեն մի առաջարկ, ասելով, որ ուսանողների հետ շատ գործ ունի անելու եւ պետք է նրանց կողքին լինի:
- Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կունենա կինոդպրոցը Հայաստանում եւ հարեւան երկրներում կինոարվեստի զարգացման համար:
- Կարծում եմ, կարեւոր նշանակություն կունենա, քանի որ մեր երկրներում շատ քիչ կինոդպրոցներ կան: Մեր ուսանողների համար հրաշալի կենտրոն կդառնա ծանոթանալու եւ միասին աշխատելու համար: Վարպետության գործնական դասերի ամենամեծ առավելությունն այն է, որ ուսանողները կարողանում են ֆիլմեր նկարահանել: Համալսարաններում նրանք առավելապես ստանում են տեսական գիտելիքներ, իսկ այստեղ տեսականը զուգակցվում է գործնականի հետ, ինչն, անշուշտ, ավելի արդյունավետ է:
- Ի՞նչ ձեւաչափ ընտրեցիք դասընթացի համար, ի՞նչ հաջողվեց անել մեկ շաբաթում:
- Ընտրեցի մի քանի սյուժե եւ ուսանողներին հանձնարարեցի ֆիլմեր նկարահանել դրանց հիման վրա: Վարպետության դասեր անցկացնելու իմ փորձը ցույց է տվել, որ այդպես աշխատանքն ավելի արդյունավետ է լինում: Եթե ուսանողներին ազատ ես թողնում, նրանք չեն կարողանում կողմնորոշվել, իսկ այսպես ավելի հստակ են աշխատում: Հորինում էի բավականին պարզ սյուժեներ, որպեսզի նրանք կարողանային չնչին գումարով, նույնիսկ իրենց գրպանում եղածով ֆիլմ նկարահանել:
- Հարեւան երկրների երիտասարդ կինոբեմադրիչների հետ աշխատելիս կինոմտածողության ի՞նչ տարբերություններ նկատեցիք:
- Բոլոր երկրներում հիմա հատուկ ուշադրություն են դարձնում մեծ ծախսերով նկարահանված ֆիլմերին: Դա արեւմտյան կինոյի ազդեցությունն է, որից ձեւավորված մտածողությունը բնորոշ է գրեթե բոլոր երիտասարդներին: Այսպիսի դասընթացներով փորձում ենք նրանց հակառակն ապացուցել, սովորեցնել, որ բարձրարվեստ ֆիլմ կարելի է ստեղծել ոչ թե խոշոր գումարով, այլ սովորական մարդկանց կյանքն արտացոլելով:
- Կինոդպրոցի բացման առիթով Փարաջանովի թանգարանում հրավիրված մամլո ասուլիսում ասացիք, որ ձեր նպատակն անկախ կինո ստեղծելն է, որովհետեւ կինոն այսօր ծառայում է կապիտալիզմին եւ որպես արվեստի տեսակ անհետանում է: Նաեւ նշեցիք, որ անկախ եւ բարձրարվեստ կինո ստեղծելու համար պետք է նվազեցնել ֆինանսական միջոցները: Մեծ ծախսերի փոխարեն պետք է հենվել մտքի ու գաղափարի վրա եւ ստեղծել նոր կինոարվեստ:
- Դա ոչ թե մեր ընտրությունն է, այլ միակ ձեւը բարձրարվեստ ֆիլմեր նկարահանելու: Նախորդ օրը դիտեցի Հարություն Խաչատրյանի նորՙ «Սահման» ֆիլմը եւ ուղղակի հիացած եմ: Նրան հարցրեցի, թե քանի՞ օր է ֆիլմը ցուցադրվելու Հայաստանում: Ասացՙ երկու օր: Ցավալի փաստ է, որ այս որակի ֆիլմը, որի վրա կինոբեմադրիչն աշխատել է երկու տարի, ցուցադրվելու է միայն երկու օր: Մեր դասընթացների նպատակը նաեւ երիտասարդներին այս տեսակի կինոյի հետ ծանոթացնելն է, քանի որ այդ կինոն դուրս է արդի կինոհեղեղից:
- Այդ որակի կինոն մասսայական հանդիսատես չունի գրեթե ամբողջ աշխարհում: Ի՞նչ եք կարծում, դա կապված է մարդկանց մտավոր եւ հոգեւոր պահանջների աղքատացման հետ, թե՞ գոյություն ունի մեկ այլ պատճառ:
- Առաջին պատճառն այն է, որ ֆիլմ նկարահանելու համար միջոցներ են հարկավոր, իսկ գումար տրամադրողները սովորաբար թելադրում են իրենց ճաշակը, պահանջները: Չեմ կարող ասել, որ մենք մեր աշխատանքով կարող ենք պայքարել դրա դեմ ու հաղթել, բայց հենց այն հանգամանքը, որ բարձրարվեստ ֆիլմեր նկարահանվում են թեկուզ երկու տարին մեկ, նշանակում էՙ այդ տեսակի կինոն դեռ գոյություն ունի:
- Հայաստանում քչերը գիտեն, որ դուք նաեւ պոետ եք: Ցավոք, ձեր բանաստեղծությունները թարգմանված չեն հայերեն: Միջազգային մամուլում ձեր մասին գրված հոդվածներում նշվում է, որ ձեր ֆիլմերը արտացոլանքն են ձեր պոեզիայի: Փաստորեն, ձեր ֆիլմերի բանաստեղծականությունը բխում է ձեր պոետիկ խառնվածքից:
- Բանաստեղծություններ սկսել եմ գրել ֆիլմեր նկարահանելուց առաջ: Կարծում եմ, բոլոր արվեստները ձգտում են հասնել բանաստեղծության: Եթե արվեստը բանաստեղծական չէ, ուրեմն արժեքավոր չէ:
- Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ կինոարվեստն ի զորու է փոխել մարդկանց աշխարհընկալումը:
- Այդ հարցի պատասխանը շատ դժվար է. համաձայնելու դեպքում նշանակում է, որ շատ լավատես եմ ու միամիտ, իսկ չհամաձայնելու դեպքում, որ անհույս եմ ու հոռետես, ինչը լավ բան չէ: Ինչպե՞ս կարող էր Հարություն Խաչատրյանի ֆիլմը չազդել ինձ վրա, երբ նա կարողացել է յուրահատուկ ձեւով ինձ ներկայացնել բոլորովին նոր կերպար կինոյում: Այդպիսի բան ես ոչ մի տեղ չէի տեսել: Աչքերիդ առաջ գոմեշ է, որին նայելիս զգում ու հասկանում ես, որ նա էլ մտածողություն ու զգացմունքներ ունի: Այսօր աշխարհում նկարահանվում են ֆիլմեր, որոնց հերոսները պոռնիկներ են, մաքսանենգներ, մարդասպաններ, որոնց չի կարելի մարդ կոչել: Իսկ Հարություն Խաչատրյանի ֆիլմում տեսնում ենք մի գոմեշ, որն այդ բոլոր հերոսներից շատ ավելի մարդկային է:
Ինչպե՞ս կարող է այդպիսի կինոն չազդել ինձ վրա ու չփոխել իմ աշխարհընկալումը: Ուրեմն, հիմա կարող եմ ձեր նախորդ հարցին հստակ պատասխանելՙ այո՛, այս ֆիլմն ինձ վրա այնքան ուժեղ տպավորություն թողեց, որ երբեք չեմ մոռանա:
- Կինոն ձեզ օգնում է ապրել այս աշխարհում, թե՞ ձեր մասնագիտությունն է, ինքնարտահայտման միջոցը:
- Դա իմ մասնագիտությունն է եւ ինձ հնարավորություն է տալիս իմ ներաշխարհում եղածն ու կուտակվածը փոխանցելու մարդկանց: Այդ ներքին կապը ստեղծելը բավականին դժվար է, բայց երբեմն ստացվում է:
- Ձեր ֆիլմերը պարզ ու հասարակ մարդկանց մասին են, որոնց կենսափիլիսոփայությունը կինոդիտողի մեջ առաջացնում է սեր, գթասրտություն, տանում է ինքնաճանաչման եւ ինքնամաքրման: Կարո՞ղ ենք ասել, որ ձեր արվեստով ձգտել եք հենց դրան հասնել:
- Արվեստում ամեն բան իմաստ ունի, ստեղծագործելու ժամանակ մեր մտքում անպայման պետք է նպատակ լինի: Իմ կարծիքով, ֆիլմը խաղարկային է, վավերագրական, թե անիմացիոն, նրա ամենակարեւոր հատկանիշը մարդկանց ինչ-որ բան ասելն է: Նկատի չունեմ, որ բոլոր ֆիլմերը մեզ նոր բան են ասում այս աշխարհի եւ մարդկանց կյանքի մասին: Ամեն բան լսել ենք ու անցել: Կարեւորն այն է, թե արվեստագետն ինչպես է իր խոսքը հասցնում հանդիսատեսին եւ ազդում նրա վրա: Նա, ով ավելի հարուստ, խորն ու բանաստեղծական է ասում իր խոսքը, հենց նրա արվեստն էլ ազդում է մեզ վրա:
- Շնորհակալ եմ, որ այդքան զբաղված լինելով, համաձայնեցիք ժամանակ տրամադրել այս զրույցի համար: Կինոդպրոցի բացումը ձեզ Հայաստան բերող երկրորդ առիթն էր, իսկ ե՞րբ կլինի երրորդը:
- Ձեր երկրում ինչ-որ գրավիչ, ձգող բան կա ինձ համար: Մեկ-երկու այցն, իրոք, բավականին քիչ է, եւ առիթի դեպքում անպայման կգամ:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ