«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


ԷՐԻՔ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՈՇԱԿԱՌՈՒ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հինգ նոր կինոսցենարիստներ հաղթող են ճանաչվել Ամերիկյան կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի («Օսքարի» տան) 23-րդ Դոն եւ Ջի Նիքոլ հեղինակավոր եւ բարձր թոշակին արժանանալու մրցույթում: Այն հանձնվում է լավագույն սցենարների հեղինակներինՙ մեկ տարում լիամետրաժ ֆիլմի սցենար գրելու եւ զարգացնելու համար: Այս տարվա սցենարական մրցույթին ներկայացվել է 5224 կինոսցենար: Հաղթողների երջանիկ հնգյակի մեջ է նաեւ ամերիկահայ երիտասարդ կինոբեմադրիչ եւ սցենարիստ, այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնում իր «Կապույտ ժամը» ֆիլմի համար 3 մրցանակների արժանացած Էրիք Նազարյանըՙ «Հսկաները» սցենարի համար: 22 տարվա ընթացքում Էրիքը այս բարձր պարգեւին արժանացած առաջին հայն է: Այս տարի դատակազմը ղեկավարել է 1992-ին նույն թոշակին արժանացած Սյուզաննա Գրանթը («Էրին Բրոկովիչ» կինոֆիլմի սցենարիստը), իսկ հանձնախմբի անդամ է եղել հոլիվուդյան նշանավոր դերասանուհի Էվա Մարիա Սենթը:

«Ես չափազանց երախտապարտ եմ «Նիքոլ» դատակազմին, Ակադեմիային, որը կինոարվեստի Էվերեստն է, եւ հորսՙ Հայկ Նազարյանին, որն իմ 14-րդ տարեդարձին ինձ էր նվիրել իմ առաջին կինոսցենարըՙ Բադ Շուլբերգի «Ջրի ափին» գործը:

Խոնարհաբար ընդունում եմ այս մեծ պատիվը եւ պետք եղածը կանեմՙ գրելով սցենարներ, որոնք, հուսով եմ, կշարունակեն համաշխարհային կինոյի իմ սիրելի սցենարիստների եւ բեմադրիչների ավանդույթները»:

32-ամյա Նազարյանը ծնվել է Հրազդան քաղաքում, ներգաղթած իրանահայերի ընտանիքում: Չորս տարեկանում տեղափոխվել է Մ.Նահանգներ: Ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի կինոյի եւ հեռատեսիլի դպրոցը: Նրա առաջին լիամետրաժ ժապավենըՙ բավականին փոքր բյուջեով նկարահանված «Կապույտ ժամը», առաջին անգամ ցուցադրվել է Սան Սեբաստիանի 55-րդ կինոփառատոնում (Իտալիա) եւ շարունակում է շրջել աշխարհի տարբեր փառատոներում ու շահել նոր մրցանակներ:

Էրիք Նազարյանը էլեկտրոնային նամակով մեզ ներկայացրեց Ամերիկյան կինոակադեմիայի պարգեւին արժանացած իր նոր սցենարի բովանդակությունը: «Հսկաները» ընտանեկան դրամա է Մոնթիի մասինՙ երիտասարդ ուսանող, որը տառապում է Մարֆանի սինդրոմով: Դա հազվագյուտ վիճակ է, որը պատճառում է սրտի հիվանդություն եւ վերջույթների գերաճ: Երբ տղայի մոտ ախտորոշվում է կյանքին սպառնացող անեւրիզմ աորտայում, Մոնթին եւ նրա ամուսնալուծված ծնողները յոթ օրվա ընթացքում պետք է պատրաստվեն իրենց կյանքի մեծագույն մարտահրավերին: «Ես այս սցենարը գրել եմ նկատի ունենալով իմ եղբայր Ռավիկին, որն ունի այդ խնդիրը: Նա չափազանց խիզախ մարդ է, մի քանի տարի առաջ ենթարկվեց սրտի ծանր վիրահատության: Դրանից օրեր ու գիշերներ առաջ Մոնթիի կերպարը սկսեց հայտնվել իմ մտքի աչքերում: Սկսեցի գրել Ռավիկի մասին, եւ առաջին տեսարանի գաղափարները սկսեցին ի հայտ գալ: Ուզում էի, որ կերպարը լիներ երազող, որն օգտագործում է իր երազներըՙ պայքարելու այն բաների դեմ, որոնք անզոր է փոխել իրական կյանքում: Իմ ներշնչանքը մարդկային սիրտն էՙ իր ողջ կենսաբանական ու խորհրդանշական նշանակությամբ: Երբ Մոնթիի սիրտը վտանգվում է, նրա ծնողները, որոնք յոթ տարի իրար հետ չեն խոսել, հանկարծ գիտակցում են, որ կանգնած են իրենց զավակին կորցնելու վտանգի առջեւ: Այդ վախը նրանց ատիճանաբար մոտեցնում է հաշտության: Ես հավատում եմ հաշտությանն ու հույսին որպես երկու հիմնական թեմաներ, որ ճեղքում են սահմանները եւ միավորում մարդկանց: Գրելով «Հսկաները» հույս ունեի արժանին մատուցել եղբորս, որն աշխարհի իմ իմացած ամենաուժեղ մարդկանցից է, ու ներկայացնել պատմությունը մի ընտանիքի, որն ընդունում է փաստերը փոխելու իր անզորությունը: Այս սցենարով նաեւ հույս ունեմ մեծացնելու իրազեկությունը Մարֆանի սինդրոմի վերաբերյալ, մանավանդ որ, ըստ վերջին վիճակագրության, դրանով տառապում է յուրաքանչյուր հինգ հազար մարդուց մեկը»:

Իր հորից բացի (որը ժամանակին ուսանել էր Երեւանի մանկավարժական ինստիտուտումՙ Հենրիկ Մալյանի դասարանում) Էրիքը կարոտով է հիշում նաեւ մեծ հորը. «Իմ լուսահոգի Հովհաննես պապիկը նույնպես մեծ ներշնչանք էր ինձ համար: Նա ինքնուս արձակագիր էր եւ ճշմարիտ գրող, որն ուներ աշխարհի ամենագեղեցիկ ձեռագիրը: Նա ինձ համար կարդում էր Հ. Թումանյանի պատմվածքները, Ա. Իսահակյանի բանաստեղծությունները: Իմ Թավուզ տատիկը մինչ օրս արտասանում է աշուղ Ջիվանու երգերը: Ես ներշնչված եմ ավելի շատ գրելու եւ նոր պատմություներ ստեղծելու Հայաստանի մասին 21-րդ դարումՙ համաշխարհայնացման դարաշրջանում: Հայ ժողովուրդն այնքան բան ունի պատմելու: Մենք պատմողների հին ցեղ ենք: Երբ ես Հայաստանում եմ, զգում եմ, որ Թումանյանի, Րաֆֆու, Սարոյանի եւ հատկապես Եղիշե Չարենցի հոգիները սավառնում են օդում, ասես նրանք երբեք չեն հեռացել մեզանից: Նրանց խոսքերը հնչում են ինձ համարՙ ուր էլ որ գնամ: Մեր հին պատմությունը, մոտ անցյալը, գալիքըՙ այս բոլորը թեմաներ են, որ ես հետաքրքրված եմ պատմելու, պատմություններ, որոնք գործ ունեն մարդկային զգացմունքների եւ սրտի հետ:

Սիրով եւ կարոտով իմ բարի հայրենակիցներինՙ

Էրիք Նազարյան»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4