«Ի սփյուռս աշխարհի» («Աշխարհը եւ մենք») պայմանական անունը կրող խաղարկային փաստա-վավերագրական ֆիլմաշարի նախագծի հեղինակ, պրոդյուսեր, «Ման Փիքչերս» ստուդիայի տնօրեն Մանվել Սարիբեկյանն ու ստեղծագործական խումբը նպատակ ունեն ստեղծելու «մի ինքնատիպ տեսահանրագիտարան աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի պատմության եւ ներկայի մասին»:
Առաջինը կնկարահանվի «Փրկության եւ արարման եզր» (Ֆրանսիա) ֆիլմը, որի սցենարի հեղինակն է գրող, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը: Նրա խոսքով, ֆիլմը պետք է ունենա երկու հասցեատեր. «Չեմ կարծում, թե մեր նպատակը պետք է լինի ֆիլմ նկարահանել միայն Հայաստանի եւ սփյուռքահայության համար: Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր գաղութ, ֆրանսիական, լատինաամերիկյան կամ մերձավորարեւելյան, բոլորը մաս են կազմում այդ երկրների հասարակություններիՙ քաղաքական, տնտեսական ու մշակութային առումներով: Որքան հիշում եմ, մենք միշտ սփյուռքին նայել ենք հիմնականում որպես Հայաստանից դուրս գտնվող հայկական աշխարհ, բայց արդի աշխարհի քաղաքական եւ մշակութային հարաբերությունները պահանջում են ամեն մի գաղութ դիտարկել այդ երկրի համատեքստում: Առանձնացնելը կնշանակի պարզապես աղքատացնել այդ երեւույթը: Ես լավ եմ ճանաչում ֆրանսիական գաղութը եւ եթե ամեն մի առանձին դեպքի թիկունքին չտեսնենք ֆրանսիական իրականությունը, չենք հասկանա բուն իրողությունը հենց հայկական համատեքստում: Դրանք շաղկապված են եւ պետք է դիտել միասնության մեջ: Շատ կարեւոր է, որ այս ֆիլմով կարողանանք լուրջ երկխոսություն սկսել յուրաքանչյուր երկրի արդի քաղաքակրթության հետ: Կարծում եմ, գլոբալ իմաստով, սա է այս ֆիլմի կարեւոր նպատակներից մեկը»:
Մանվել Սարիբեկյանը նույնպես համոզված է, որ ֆիլմաշարն առաջին հերթին հասցեագրված է աշխարհին. «Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ ոչ միայն մեր ժողովրդի մի մասնիկն է օտար եզերքում, այլեւ այդ երկրի անտրոհելի մի մասը: Սա նշանակում է, որ հայերին ապաստան տված յուրաքանչյուր երկրի համար կարեւոր է, թե տվյալ գաղութը ինչ տեղ է գրավում իրենց հասարակության մեջ, ինչ դերակատարում է ունեցել իրենց պատմության կարեւոր դրվագներում, ինչով է նպաստում այսօր այդ երկրի զարգացմանը: Այս ֆիլմաշարը հնարավորություն կտա, որ աշխարհասփյուռ հայ համայնքները ճանաչեն միմյանց: Սփյուռքի համապարփակ ուսումնասիրություն առ այսօր չի եղել: Փաստորեն, առաջին անգամն է, որ այն պիտի ներկայացվի ամբողջապես, ժամանակի եւ տարածության առումով առավել ընդարձակ, բազմակողմանի, իր բոլոր բնագավառներով ու դրսեւորումներով»:
Այս նախագիծը նրան առիթ է տվել լինելու Փարիզի եւ Մարսելի հայկական կազմակերպությունների արխիվում, որտեղ պահվում են եզակի փաստաթղթեր, լուսանկարներ, նյութեր: «Այնտեղ ծնվեցին նոր մտահղացումներՙ ստեղծելու ֆիլմաշարեր սփյուռքի մտավորականների, բարերարների, ինչպես նաեւ ազգային-ազատագրական պայքարի հերոսների մասին», ասում է Սարիբեկյանը:
Ֆիլմի նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել սփյուռքի ու Հայաստանի մի շարք կազմակերպությունների եւ անհատների շրջանում, որոնք, ինչպես նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատրաստակամություն են հայտնել մասնակցելու եւ աջակցելու ֆիլմաշարի ստեղծմանը: Այն կիրականացվի մասնակցությամբ Հայաստանի մշակույթի նախարարության, ազգային կինոկենտրոնի, ֆրանսիական ու տեղական մի շարք կազմակերությունների հետ համատեղ: Ստեղծագործական ու խորհրդատվական խմբում ընդգրկված են ճանաչված մասնագետներ, որոնց թիվը հետագայում կավելանա:
Այժմ ակնկալում են մոտակա օրերին վերջնական պատասխան ստանալ պետական աջակցության մասնաբաժնի եւ ձեւաչափի մասին, որպեսզի մնացած ծախսերը կարողանան հոգալ հովանավորների եւ մասնակիցների օգնությամբ:
Հավատանք, որ նրանց ակնկալիքները կիրականան ամբողջապես:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Նկար 1. Կոմիտասի արձանը Փարիզում, քանդակագործՙ Դավիթ Երեւանցի