«Մուսթաֆա» խորագրով երկու ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմը հոկտեմբերի վերջին Թուրքիայի Հանրապետության հռչակման 85-րդ եւ նրա հիմնադիրՙ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 70-ամյակի կապակցությամբ երկրում ցուցադրվելուց հետո հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:
«Վաթան» թերթի սյունակագիր Յիգիթ Բուլութը ֆիլմը որակել է «արտառոց», նշելով, որ դա «ժողովրդի աչքին Աթաթուրքին նսեմացնելու ջանքերին նպաստող վերջին փորձն է»: «Մի՛ դիտեք այդ վավերագրական ֆիլմը, արգելե՛ք մարդկանց դիտել եւ ամենակարեւորըՙ մի՛ թույլատրեք, որ երեխաները դիտեն, որպեսզի Աթաթուրքին նսեմացնող սերմերը չներթափանցեն նրանց ենթագիտակցության մեջ», գրել է նա:
Մեկ այլ թերթ նշել է, որ 1 մլն եվրո բյուջեով նկարահանված ֆիլմը ցուցադրման առաջին հինգ օրերի ընթացքում արդեն իսկ կես մլն հանդիսատես է բերել կինոդահլիճներ եւ «ամբողջովին իջեցրել է Աթաթուրքին իր հեղինակավոր պատվանդանից»: Իսկ Քեմալիստները, որոնք կուռքի են վերածել եւ անհատի պաշտամունքի առարկա դարձրել Աթաթուրքին, եւ իրենց համարում են նրա ժառանգության անշահախնդիր պահապանները, գտնում են, որ ֆիլմը անպատվում է Թուրքիայի ազգային հերոսին:
Այլ ազգայնականներ քննադատում են ֆիլմի ռեժիսոր, լրագրող Չան Դունդարին այն բանի համար, որ Աթաթուրքի պատանեկությունը մարմնավորող երեխան ազգությամբ հույն է եւ ոչ թե թուրք: Ինչպես հայտնի է, Աթաթուրքը ծնվել է Թեսալոնիկեում (Սալոնիկ, Հունաստան), հենց այդ պատճառով Դունդարը ֆիլմի հունական էպիզոդների նկարահանման ժամանակ ներգրավել է տեղացիներին: Ավելինՙ Թուրքիայի գլխավոր բջջային պրովայդեր «Թուրքսելը» դադարեցրել է ֆիլմի հովանավորությունըՙ դժգոհությունների պատճառով բաժանորդներին չկորցնելու համար: Սակայն նոր սերնդի ներկայացուցիչներից 22-ամյա Գորկեմ Դագչին դրական է գնահատել Աթաթուրքի կերպարը ֆիլմում: «Հետաքրքրական էր իմանալ, որ նա մեզ նման սովորական մարդ էր եւ ուներ իր թերությունները»: Խնդիրն այն է, որ ռեժիսորը Աթաթուրքին պատկերել է որպես կնամոլ, խմող ու ծխող անձնավորություն, ինչը, ավելացնենք մեր կողմից, ամբողջովին ճիշտ է:
«Աթաթուրքը այն սոսինձն է, որը միավորված է պահում թուրք ժողովրդին: Նա թուրքերի առաջնորդն է, ազգային տիպարը», գրել են համալսարանական պրոֆեսորներՙ Ահմետ Էրջանն ու Օրհան Քուրալը, որոնք Ստամբուլում ռեժիսորի դեմ դատական հայց են ներկայացրել «Աթաթուրքին անարգելու» համար:
Ըստ «Ռոյթերի», «Մուստաֆա» ֆիլմը շատ տեղ չի հատկացնում Աթաթուրքի քաջագործություններին ու նվաճումներին: Փոխարենը նրան պատկերում է որպես միայնակ, մելանխոլիկ, երբեմն մթությունից վախեցող մի անձնավորությունՙ թուրքական ավանդական «րաքին» ըմպող եւ օրական երեք տուփ սիգարետ ծխող:
«Ես ցանկացա Աթաթուրքին ներկայացնել նոր սերնդին որպես մեզանից մեկին, որպես սովորական մի անձնավորության, որն ունի իր թերությունները, եւ ոչ թե այն տիպարին, որ մեզ են ներկայացնում դպրոցում, կամ բանակում», բացատրել է Դունդարըՙ «Ասոշիեյթեդ պրեսին» տված հարցազրույցում: «Ի՞նչ վատ բան կա, որ հրամանատարը ռազմաճակատից սիրային նամակ է գրում իր ընտրյալին: Մարդիկ ինձ քննադատում են դրա համար, ասելով, որ նրան պատկերել եմ որպես կնամոլ: Աթաթուրքին «դոգմա» են դարձրելՙ քարացած սրբություն, իսկ ես նրան տեսնում եմ որպես դժվարություններ ունեցող, պայքարող, նաեւ սայթաքող եւ երբեմն վեհերոտ անձնավորություն», ավելացրել է նա:
«Ֆիլմը բացահայտումներ չի պարունակում, հազարավոր գրքեր են գրված նրա մասին, բայց թերեւս առաջին անգամ է անդրադառնում նրա անձնական կյանքինՙ օգտագործելով արխիվային նյութեր, սեւ ու սպիտակ պատկերներ», եզրակացնում է հոդվածագիրը: «Աշխարհիկ կառույցները անհանգստացած են, քանի որ հանրապետության հիմքերն են քննության առնված, բայց մյուս կողմիցՙ նման ֆիլմի ստեղծումը խոսում է այն մասին, որ հասարակությունը հասունանում է եւ կարող է նման հարցեր քննարկել», կարծիք է հայտնել գրող Հյու Պոպը:
Մասնագետների ու պատմաբանների համոզմամբ, մահմեդականությանն ու քուրդ ազգայնական շարժմանը վերաբերող Աթաթուրքի բազմաթիվ նամակներն ու ծրագրային փաստաթղթերը մինչ օրս փակի տակ են մնում զինվորական արխիվներում:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Նկար 1. Կադր «Մուսթաֆա» ֆիլմից