«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բժիշկների համաշխարհային խորհուրդը, որին անդամակցում են 85 երկրների առողջապահական հիմնարկություններ, Հայաստանի թեկնածությունն է ներկայացրել որպես «Տարվա երկիր» եւ այդ առիթով նշել, որ ցեղասպանություն է իրագործվել հայերի դեմ, 1914-18 թվականներին 1,5 միլիոն հայեր են սպանվել, իսկ ողջ մնացածները ցրվել են աշխարհի չորս կողմը: Խորհուրդը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի տագնապին ու մանրամասներ հաղորդել շարժման եւ պատերազմի վերաբերյալ:

Տեղեկացնելով այս մասին, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի թղթակիցն Անկարայից նշել է, որ թուրք բժիշկները, բնականաբար, գոհ չեն համաշխարհային խորհրդի այս կեցվածքից եւ պատրաստվում են պահանջել խորհրդից, որ համացանցից հանի հաղորդագրության այդ մասը: «Խորհրդի դիրքորոշումն ընդհանրապես հակաթուրքական է: 2004-ին էլ Աբդուլլահ Օջալանին պաշտպանեցին նրանք», ասել է Թուրքիայի բժշկական միության պատասխանատու անդամներից դոկտ. Ալի Ռըզա Ուչերը, ավելացնելով, որ Թուրքիայի առողջապահության նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ: «Եթե չկարողանանք հաջողության հասնել, ապա Թուրքիայի բժիշկների միությունը պետք է հրաժարվի միջազգային խորհրդին անդամակցելուց», եզրակացրել է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4