«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


Ո՞Վ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԻ Ս. ՆՈՐԱՇԵՆԻՆ

Հայ բլոգերները «թաղեցին» վրաց ժողովրդավարությունը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայկական Ս. Նորաշեն եկեղեցու նկատմամբ վրացի քահանա Թարիելի ոտնձգությունները տարօրինակորեն անարձագանք են մնում լայն հասարակայնության կողմից: Դրանով մտահոգություն չեն արտահայտում ոչ վրացահայ համայնքի ներկայացուցիչները, ոչ էլ հայաստանցիները: Ու այն, ինչ երեկ կազմակերպել էին հայաստանցի բլոգերները, ավելի շուտ բացառությունների կարգից էր, քան հաճախակի պատահող երեւույթների:

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտակայքում մի խումբ բլոգերներ Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ իրենց ակցիան ավելի շուտ բեմադրել էին` ներկայացնելով «Վրաստանի նորածին ժողովրդավարության թաղումը»: Վրաստանի իշխանություններից պահանջը արդեն Ս. Նորաշենի գերեզմանաքարերի ավերումն ու տեղափոխումը կազմակերպող հայր Թարիելին պատժելն էր:

Հետաքրքրական է, որ այսօրինակ կարեւորագույն հարցում իրենց մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում ինտերնետ տարածության մեջ շփվելու նախընտրություն տվող երիտասարդները, որոնց ավելի հաճախ իներտության մեջ են մեղադրում վիրտուալ իրականությունից դուրս հարցերում: Մինչդեռ պարզվում է, հենց վիրտուալ իրականության մեջ ավելի ակտիվ են քննարկում հայկական Նորաշենի վրացականացման վտանգին առնչվող հարցեր, քան այլ իրականությունում, որ թերեւս արդեն պայմանականորեն են կոչվում ռեալ:

«Ազգը» բազմիցս անդրադարձել է Վրաստանում հայկական եկեղեցիների ճակատագրին, սակայն ցավով պիտի նշել, որ այդ հարցին հավուր պատշաճի չեն վերաբերվում հայկական իշխանություններն ու հայկական եկեղեցին: Ի վերջո, եթե այս տարվա նոյեմբերի 16-ին հայր Թարիելի լկտիությունը բավարարեց արդեն պղծելու հայկական գերեզմանները, որ գտնվում են Ս. Նորաշենի բակում, ապա դրանում մեծապես մեղավոր է այն լռությունը, այն անարդյունավետ գործունեությունը, որ այսպես թե այնպես գոնե իրագործվում է Նորաշենի պաշտպանության համար:

Դժվար է հասկանալ` տեր կանգնելու ո՞ւժ չունենք, ոգի՞, թե՞ ցանկություն.... Հետաքրքրական է իմանալ, թե, ասենք, վրաց խորհրդարանում ինչո՞վ են զբաղվում հայաբնակ տարածքները ներկայացնող պատգամավորները, ինչո՞ւ են հանգիստ քնում թիֆլիսահայերն ու բացի երբեմն-երբեմն տարբեր խնդիրների բարձրաձայնումից չեն ուզում տարբեր խոսք ասել Ջավախքից: Ի վերջո, Ս. Նորաշենը թիֆլիսահայությանը չէ միայն կամ ջավախքցունը, այն ժառանգություն է նույն Վրաստանի համար, որի հոգեւոր սպասավորն իր պատարագի համար «մաքրում է» եկեղեցու բակը հայկական շիրմաքարերից:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի նախագահը պաշտոնական այցելությամբ եղավ Վրաստանում, մի որոշ ժամանակ անց հետաձգված իր այցելությունն ի վերջո կիրականացնի նաեւ Հայաստանի վարչապետը: Ու եթե մինչեւ Հայաստանի նախագահի այցելությունը կար, բայց չէր իրականացվում հայր Թարիելի կառուցած վրացական սիմվոլիկայով պարսպի քանդման Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումը, ապա նույն գործելակերպի շարունակման դեպքում շատ հավանական է, որ վարչապետի այցելությանը հաջորդի վրաց պատարագ Ս. Նորաշենում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4