ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ավիացիայի թեման գերակշռում էր երեկ «Դե ֆակտո» ակումբում գործարարՄիխայիլ Բաղդասարովիհրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Անդրադառնալով իրեն պատկանող «Արմավիա» ավիաընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, գործարարը հայտնեց, որ ընկերությունը ծրագրում է բացել նորՙ Երեւան-Լոս Անջելես եւ Երեւան-Նյու Յորք կանոնավոր չվերթերը: Այդ կապակցությամբ բանակցություններ են վարվում նորՙ Airbus 330, Airbus 340 եւ Boeing 747 ինքնաթիռներ ձեռք բերելու ուղղությամբ, որոնք կկարողանան առանց վայրէջքի 14 ժամանոց չվերթ իրականացնել: Միխայիլ Բաղդասարովի հավաստմամբ, ինքնաթիռների ձեռքբերման բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, եւ չվերթերը կսկսեն 2009-ի ապրիլ-մայիս ամիսներից: Եկող տարի նախատեսվում է բացել նաեւ մեկ այլ նոր չվերթՙ Երեւան-Դուբայ-Կալկաթա, որը կգործի շաբաթը 7 օր: Դուբայ-Կալկաթա չվերթի հաշվին կէժանանա Երեւան-Դուբայ ուղղությամբ չվերթը:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամիՙ իր բիզնեսի վրա ազդեցության մասին խոսելով, Միխայիլ Բաղդասարովը նախ նշեց, որ մեր երկիրը դեռ շատ չի տուժել դրանից, տուժելու ենք հետոՙ 2009-ին, երբ պահանջարկն ու սպառումը նվազեն: Դա նշանակում է, որ կնվազի նաեւ արտադրությունը, կպակասեն աշխատատեղերը, մի խոսքով, ամեն ինչ փոխկապակցված է: Ինչ վերաբերում է սեփական բիզնեսին, ապա, գործարարի կարծիքով, պահանջարկի նվազման պատճառով հնարավոր է, որ պակասեն նաեւ ավիաուղեւորները, իսկ իրեն պատկանող «Միկա-ցեմենտը» ավելի քիչ ցեմենտ արտադրի: Միաժամանակ, Միխայիլ Բաղդասարովը այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանում արդեն սովորական է դարձել ճգնաժամի պայմաններում աշխատելըՙ շրջափակում, պատերազմ Վրաստանում եւ այլն:
Այսպես կոչված օդի տուրքի վերացման եւ այն ավիատոմսի արժեքի մեջ մտցնելու հարցի առնչությամբ «Արմավիայի» սեփականատերն այն կարծիքը հայտնեց, որ դրան ինքը համաձայն է, եթե տուրքի չափը կրկնակի նվազեցվի: Նա մասնավորապես նշեց, որ երբ մտցվում էր այդ տուրքը, այն ժամանակ դա կազմում էր 20 դոլար, իսկ այժմ դարձել է 34 դոլար:
Ցեմենտի գործարանի վերաբերյալ Միխայիլ Բաղդասարովը տեղեկացրեց, որ ցանկություն կար այն վաճառելու եւ այդ գումարով նոր ինքնաթիռներ գնելու, բայց Վրաստանի օգոստոսյան դեպքերից հետո ռուսական գնորդ ընկերությունը իջեցրեց գինը, ինչը ձեռնտու չէր: Այժմ գործարանը չինական մասնագետների աջակցությամբ վերակառուցվելու է: Բանն այն է, որ ժամանակին գործարանը կառուցվել է որպես ալյումինի արտադրության, բայց հետագայում որոշվել է ցեմենտ արտադրել: Դրա պատճառով արտադրության ներկայիս ցիկլը թանկ է արժենում, եւ վերակառուցման նպատակը ցեմենտի ինքնարժեքն իջեցնելն է: Առաջիկայում, նաեւ սեզոնային գործոնի հետ կապված, ցեմենտի գները կնվազեն: Նույն կանխատեսումը Միխայիլ Բաղդասարովն արեց ավիավառելիքի եւ բենզինի գների վերաբերյալ:
Խոսելով բիտումի նոր գործարանի կառուցման մասին, գործարարն ասաց, որ այն նախատեսված է Հայաստանի պահանջարկը բավարարելու համար, բայց կարող է նաեւ արտահանվել Վրաստան եւ Իրան: Նա հավաստիացրեց, որ արտադրվելու է բարձրորակ 110 մակնիշի բիտում եւ ավելի էժան գնով: