Օգտագործելով նրա ընձեռած հնարավորություններըՙ բացասական հետեւանքները չեզոքացնելու համար
Երբ համաշխարհային լրատվամիջոցները սկսեցին խոսել ամերիկյան ֆինանսական ճգնաժամի մասին, աշխարհի մնացած երկրների մեծ մասում թերեւս այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե դա ի՞նչ է, եւ չէին մտածում, թե այն հասնելու է նաեւ իրենց: Դրա պատճառը թերեւս այն էր, որ երկու տարի առաջ ԱՄՆ-ում սկսված հիպոթեկային ճգնաժամը էական ազդեցություն այլ երկրների տնտեսությունների եւ կենսամակարդակի վրա չթողեց: Շատերը մտածեցին, որ սա էլ կանցնի, առանց հասկանալու, որ երկու տարի առաջ սկսված հիպոթեկային ճգնաժամը ընդհանուր ֆինանսական ճգնաժամի միայն սկիզբն էր եւ առիթը: Ինչեւէ:
Վերջին 1-2 ամիսներին արդեն աշխարհում սկսեցին զգալ ճգնաժամի անմիջական ազդեցությունն իրենց տնտեսությունների վրա պետությունները, իրենց բիզնեսի վրաՙ գործարարները, եւ իրենց կյանքումՙ սովորական մարդիկ: Որքան էլ մենք բոլորս չէինք ցանկանում եւ որքան էլ երկրի վարչապետը հույս էր հայտնում, որ ճգնաժամի ալիքները չեն հասնի Հայաստան, դա, այնուամենայնիվ, տեղի ունեցավ նաեւ մեզ մոտ:
Թե Հայաստանի տնտեսության վրա ինչպես կազդեր միջազգային ճգնաժամը եւ ինչից հնարավոր կլիներ խուսափել, անդրադարձել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում («Ազգ», 19 հոկտեմբերի, 2008, «Միջազգային ֆինանսական ճգնաժամն ազդելու է Հայաստանի վրա»): Այդ պահին դեռ հանքարդյունաբերական կոմբինատներում չէր դադարեցվել աշխատանքը, արդյունաբերական այլ ճյուղերի մյուս ձեռնարկություններն էլ չէին բարձրաձայնել իրենց դժվարությունների մասին, շինարարության ոլորտը եւ անշարժ գույքի շուկան սպասողական իրավիճակում էին: Միաժամանակ ընդգծել էինք, որ մեր ֆինանսական համակարգում ճգնաժամ չի լինի:
Ինչպիսի՞ն է իրավիճակն այժմ եւ ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում:
Նախ անդրադառնանք ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքներին, որոնք արդեն առկա են: Դրանից հիմնականն այժմ մեր արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկումՙ հանքարդյունաբերության մեջ ստեղծված վիճակն է: Պղնձի եւ մոլիբդենի պահանջարկի, հետեւաբար նաեւ գների կտրուկ անկումը միջազգային շուկայում մեկ ամսվա ընթացքում վնասաբեր դարձրեց այս ձեռնարկությունների հետագա աշխատանքը: Դժբախտաբար, այս միտումը կարող է շարունակվել եւ հավանական դարձնել նաեւ մետաղական հանքանյութեր մշակող ընկերությունների գործունեության ամբողջական կամ մասնակի դադարեցումը: Ինչ ջանքեր էլ գործադրի կառավարությունն այստեղ, հանքարդյունահանման եւ մետաղամշակման ձեռնարկությունների լիարժեք գործունեությունը կարող է վերսկսվել միայն միջազգային գների բարձրանալու դեպքում:
Դեռեւս նկատելի չէ սննդարդյունաբերության, մասնավորապես արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների վրա ճգնաժամի ազդեցությունը, բայց արդեն նրանք էլ սկսել են խոսել պահանջարկի անկման միտումների մասին: Առաջիկայում հնարավոր է այս ճյուղում եւս արտահանման նվազում:
Վերջին տարիներին բուռն թափով զարգացող շինարարությունը հոկտեմբեր ամսվա տվյալներով նախորդ ամսվա համեմատ կտրուկ անկում է արձանագրել: Շինարարության ծավալները, փաստորեն, սկսել են նվազել, ինչի հավանականության մասին նույնպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, իսկ անշարժ գույքի շուկայում դեռ շարունակվում է սպասողական իրավիճակը:
Բացասական գործոններից է նաեւ մասնավոր փոխանցումների նվազումը, որը նկատվում է դեռ օգոստոսից: Քանի որ ճգնաժամը սկիզբ է առել ԱՄՆ-ում ու լուրջ բացասական ազդեցություն է ունեցել նաեւ Ռուսաստանի տնտեսության վրա եւ քանի որ հենց այս երկու երկրներից են հիմնականում մասնավոր փոխանցումները գալիս Հայաստան, ապա հավանական է, որ դրանք հետագայում եւս նվազեն:
Սակայն որքան էլ անսովոր թվա ոմանց եւ որքան էլ այդ միտքը շահարկման ենթարկեն սեփական տգիտությունը թաքցնել չկարողացողները, միջազգային ֆինանսական ճգնաժամը նաեւ դրական ազդեցություններ է թողնում եւ նոր հնարավորություններ բացում Հայաստանի համար:
Նախՙ կրկին փաստենք, որ Հայաստանի ֆինանսական համակարգը եւ մասնավորապես բանկայինը զերծ մնացին ֆինանսական ճգնաժամից եւ համանման զարգացումներ մեզ մոտ հնարավոր չեն: Պատճառներն այն են, որ հայկական բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն եւ լավ կապիտալիզացված են: Այսինքն, նրանց սեփականատերերն անընդհատ ավելացնում են այդ բանկերի կապիտալը, բանկերն ունեն բավարար միջոցներ ընթացիկ վճարումներ իրականացնելու համար, աճում են տրամադրված վարկերն ու ներգրավված ավանդները, ակտիվները հուսալի են եւ այլն: Եվ դաՙ չնայած այն բանին, որ հայկական բանկերի սեփականատեր օտարերկրյա բանկերից շատերը դժվարություններ ունեն եւ չեն կարող նոր միջոցներ հատկացնել:
Հայկական բանկերի հուսալիությունը փաստում է նաեւ այն, որ վերջերս միջազգային ֆինանսական կառույցներ եւ միջազգային համբավ ունեցող խոշոր բանկեր իրենց գումարներն են ներդնում հայկական բանկերում: Եվրոբանկը մի շարք հայկական բանկերի վերջին մեկ ամսվա ընթացքում նոր վարկեր տրամադրեց եւ դարձավ թվով 4-րդ հայկական բանկի բաժնետերը: Սինդիկացված վարկեր մեր բանկերին տրամադրեցին մի շարք միջազգային բանկեր: Կարող ենք արձանագրել, որ ֆինանսական միջոցների ներհոսք է նկատվում դեպի Հայաստանի բանկային համակարգ: Սա ճգնաժամի դրական հետեւանքն է, որը կարող էր եւ չլինել, եթե մեր բանկային օրենսդրությունն ու բանկային վերահսկողությունը չլինեին անհրաժեշտ բարձրության վրա:
Ֆինանսների ներհոսքը կարող է նաեւ արագացնել Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության նպատակների իրականացումը: Հիմա, միջազգային ճգնաժամի այս օրերին ամենահարմար պահն է Հայաստանի ֆինանսական համակարգը որպես ճգնաժամը շրջանցած կղզյակ աշխարհում ագրեսիվ գովազդելու համար: Առայժմ դա չի արվում, այլ միայն խոսվում է Հայաստանում: Մինչդեռ դա հնարավորությունների լուրջ պատուհան է եւ կարող է ոչ պակաս զգալի միջոցներ բերել Հայաստան, քան այն գումարները, որ Հայաստանի կառավարությունը ջանում է ստանալ Համաշխարհային բանկից եւ մյուս միջազգային ֆինանսական կառույցներից:
Բավական է մատնանշենք մեկ օրինակ: Արտերկրում գտնվող մեր հայրենակիցների մեծամասնությունը, բնականաբար, ունի որոշակի խնայողություններ, որոնցից էլ Հայաստան փոխանցումներ են կատարվում: Աշխատած գումարների հիմնական մասը նրանք իրենց հետ բերում են Հայաստան վերադառնալիս: Ֆինանսական ճգնաժամից տուժած ռուսական կամ ամերիկյան բանկերում գտնվող նրանց միջոցները դեպի Հայաստանի բանկեր ուղղելը ոչ միայն դրանք կփրկեն փոշիացման սպառնալիքից, այլեւ էական ֆինանսական միջոցներ կբերեն հայկական բանկերին ու տնտեսությանը: Իսկ եթե արտերկրում ժամանակավոր աշխատածներին ավելանան նաեւ սեփական բիզնես ունեցողների օտարերկրյա ինչ-որ բանկում, արժեթղթերի մեջ կամ «բարձի» տակ դրած գումարները, չխոսելով արդեն սփյուռքի միջոցների մասին, ապա կարելի է միայն ենթադրել, թե դա ինչ արդյունք կտա: Այդ ժամանակ արդեն կարող ենք խոսել ոչ թե ճգնաժամին դիմակայելու, այլ տնտեսության զարգացման նոր ու հավակնոտ ծրագրերն առաջ մղելու մասին: Սակայն ոչ միայն կառավարությունը, այլեւ հենց իրենքՙ հայկական բանկերը քայլեր չեն կատարում արտերկրում ագրեսիվ ներկայանալու ուղղությամբ:
Ճգնաժամի ընձեռած մյուս դրական գործոնը չի կարելի աչքաթող անել: Դա միջազգային շուկայում հումքային ապրանքներիՙ բենզինի, ցորենի եւ այլնի գների իջնելն է: Հայաստանում բենզինի գների նվազման տեմպն ավելի բարձր է, քան միջազգային գներինը: Թեեւ ուշացումով, սննդամթերքի (ալյուր, բրինձ եւ այլն) որոշ գներ նույնպես նվազել են եւ անգամ հացի գներն են սկսել իջնել: Սա հնարավորություն կարող է լինել մեր արդյունաբերության եւ հատկապես սննդարդյունաբերության համար: Ճյուղի ընկերությունները, օգտվելով հումքի եւ վառելիքի գների իջեցումից, հնարավորություն են ստացել նվազեցնելու իրենց արտադրության ծախսերը եւ անգամ պահանջարկի նվազման պայմաններում զարգանալու:
Ճգնաժամը հնարավորություն է ստեղծում նաեւ մեր տնտեսության բազմազանեցման (դիվերսիֆիկացման) համար: Եթե վերջին տարիներին տնտեսական աճն առավելապես տեղի էր ունենում շինարարության եւ ծառայությունների ոլորտների զարգացման հաշվին, ապա այստեղ նկատվող պահանջարկի անկման եւ ծավալների նվազման միտումների առկայությամբ, ինչպես նաեւ հումքի էժանացմամբ, դեպի Հայաստան ֆինանսական նոր միջոցների հոսքի պարագայում հնարավորություն է առաջանում զարգացնելու նաեւ տնտեսության իրական հատվածըՙ արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը:
Ասվածին պետք է ավելացնել, որ կառավարության քայլերը ճգնաժամի բացասական ազդեցություններին դիմակայելու ուղղությամբ չի կարելի անտեսել: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից նոր վարկային միջոցներ ներգրավելըՙ փոքր ու միջին բիզնեսին վարկավորելու համար, գործարար պայմանների բարելավումը, պետություն-մասնավոր համագործակցության ստեղծումը եւ համահայկական նշանակության ծրագրերի նախաձեռնումը թույլ կտան չեզոքացնել բացասական գործոններն ու պահպանել երկրի տնտեսական աճը: Մնում է, որ դրանք կյանքի կոչվեն, ինչպես նաեւ հնարավորինս լավ օգտագործվեն այն երկու հիմնական հնարավորություններըՙ ֆինանսների ներհոսք եւ հումքի գների նվազում, որոնք ընձեռվել են մեզ այս պահին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ