2008-ի աշունը նշանակալի էր Չեխիայում լայն տարածում գտած հայկական թխվածքիՙ «Մառլենկա»-ի արտադրության համար: Նախՙ Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում ավարտվեց «Միկո Ինթերնեշընլի» նոր գործարանի շենքի կառուցումը, որի պաշտոնական բացումը նախատեսված է 2009-ի մայիսին: «Մառլենկա» ապրանքանիշը պաշտոնապես ստացավ Եվրոպական միության գրանցում եւ այժմ պաշտպանված է ԵՄ անդամ բոլոր երկրներում: Իսկ չեխական գարեջուրը, որը դարավոր պատմություն ունի, միայն վերջերս ստացավ Եվրոպական միության ապրանքանիշային պաշտպանվածությունը: Ընդ որում, այդ որոշումը կվերաբերի միայն հատուկ տեխնոլոգիաներով Չեխիայում արտադրված 2.6- 6 տոկոսանոց գարեջրի տեսականուն:
Երբ ավարտվի «Միկո Ինթերնեշնըլի» նոր մասնաշենքում տեղադրվելիք հոսքագծի փորձարկումը, «Մառլենկա» թխվածքից զատ կարտադրվեն նաեւ Հայաստանում տարածված ավանդական մի քանի թխվածքատեսակներ, օգտագործելով ժամանակակից հոլանդական հոսքագիծը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընկերության սեփականատեր եւ նախագահԳեւորգ Ավետիսյանը, այսօր գործարանում աշխատում են երկու հարյուր հոգիՙ չորս հերթափոխով: Ամեն ամիս մոտ 100 հազար տուփից ավելի «Մառլենկա» է առաքվում պատվիրատուներինՙ եվրոպական 9 երկրներ: Այդ թիվը կկրկնապատկվիՙ նոր մասնաշենքի բացումից հետո:
Եվրոպական լավագույն փորձն ու ժամանակակից դիզայնը, աշխատակիցների աշխատանքի ու հանգստի համար նախատեսված հարմարավետ հարկաբաժինները, նորագույն տեխնոլոգիան, նոր մասնաշենքում «Մառլենկա»-ի արտադրությունը կհասցնեն մի նոր որակի: Տարվա երեք լավագույն ընկերություններից մեկը ճանաչված ընկերությունը, որը նաեւ առաջիններից մեկն է Չեխիայում, ստացել է բնական մթերքի որակավորում եւ Ա կարգի որականշան, 2009 թվականը կդիմավորի նոր մասնաշենքում, որի առջեւ ծածանվում են Չեխիայի, Հայաստանի եւ «Միկո Ինթերնեշընլ» ընկերության 6x2 մետրանոց դրոշները:
Իսկ մինչ այդ սպառողներին է հասնում «Մառլենկա» թխվածքի նոր խմբաքանակը, որի տուփերին գրված է «մեղրով հրաշքի» մասին: Մասնավորապես նշվում է, որ 1704 թվականին առաջին անգամ հայ Գեորգուս Դեոդատն է սուրճ բերել Չեխիա եւ Պրահայում հիմնել առաջին սրճարանըՙ «Ոսկե օձի մոտ» անունով, ապա երեք հարյուր տարի հետոՙ 2003-ին հայ գործարար Գեւորգ Ավետիսյանն իր քրոջ հետ հիմնել է «Միկո Ինթերնեշընլ» ընկերությունը, որն արտադրում է «Մառլենկա» մեղրով տորթըՙ հին հայկական բաղադրատոմսի համաձայն: Չեխերեն եւ անգլերեն գրված տեքստի ներքեւում նաեւ հավերժական Արարատի համայնապատկերն է:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա