«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


ԽՈՐԵՆ ԳԵՎՈՐԸ ԿՓՈՐՁԻ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Համբուրգում գտնվող բռնցքամարտի «Ունիվերզում» ակումբի 29-ամյա միջին քաշային մարզիկ Խորեն Գեւորը փորձ է անելու նվաճել Եվրոպայի չեմպիոնի թափուր մնացած տիտղոսը, իրազեկում է գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը»:

«Ես շատ լավ եմ պատրաստվել եւ վստահ եմ, որ կհաղթեմ», ասել է Հայաստանում ծնված մարզիկը, որ նոյեմբերի 29-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գտնվող Հարթվալ արենայում ուժերը կչափի 32-ամյա Ամին Ասիկաինենի դեմ:

Գեւորի մարզիչ Ֆրիթց Զդունեկը հույս ունի, որ մրցապայքարը նախատեսվածից շուտ կավարտվի: «Կարծում եմ, որ Ասիկաինենին հաղթելու համար Խորենը պիտի նոկաուտ անի, հայրենի արենայում նրան միավորներով հաղթելը շատ դժվար կլինի», ասել է Խորեն Գեւորի 61-ամյա մարզիչը:

Ամին Ասիկաինենը 2006-ի մայիսից 2007-ի հունիսն արդեն Եվրոպայի չեմպիոն է եղել: Խորեն Գեւորը պրոֆեսիոնալ ռինգում իր 32 մրցամարտից 3-ն է պարտությամբ ավարտել: 2007-ի օգոստոսին առաջին անգամ աշխարհի չեմպիոնության համար մրցապայքարում նա պարտություն կրեց բեռլինաբնակ իր հայրենակցիցՙ միջին քաշայինների IBF վարկածով աշխարհի անպարտելի չեմպիոն Արթուր Աբրահամից: «Դա անցյալ է: Այդ խաղից շատ բան սովորեցի եւ հիմա պատրաստ եմ նոր սկզբի համար», ասել է Խորեն Գեւորը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4