Դոյչլանդֆունկը եթերը տրամադրեց մարտի 1-ի պարտությանը
«Ձեր տանը դեմոկրատիա չկա՞», նոյեմբերի 25-ինՙ Հայաստանի շախմատային հաղթանակի օրը հարցրեց գերմանուհի ծանոթներիցս մեկը, իր ասելովՙ խոր հիասթափված:
Հիասթափությունը կարող էր նաեւ շախմատի դրեզդենյան օլիմպիադայում իրենց թիմի անհաջող խաղից լինել, մտածեցի: Հայաստանի հաղթանակն այնպիսի շքեղ տրամադրությամբ էր շպարել երեսս, որ ժպիտս չնահանջեց: «Շախմատից չհաղորդեցին, որտեղի՞ց լուր ունենամ, փոխարենը ձեր անարդար դատավարությունների, քաղբանտարկյալների մասին իրազեկ դարձա», 1270 խաղացողների, 141 երկրների 252 թիմերի մեջ Հայաստանի կվինտետի փառահեղ կրեշչենդոյի մասին իմ իրազեկմանն ի պատասխան «արդարացավ» տիկին Շեեքեն, ում ասելով, իր շրջապատում շատերն էին լսել Դոյչլանդֆունկի առավոտյան 9:10-ին հեռարձակվող «Եվրոպան այսօր» հաղորդումը, որ նոյեմբերի 25-ին եթերը նվիրել էր Հայաստանին:
Անկեղծ ասած, «Եվրոպայի խորհուրդը պահանջում է Հայաստանում ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին» վերնագրյալ հաղորդումը կարդացել էի նույն առավոտ ինտերնետով ու զարմացել, որ Երեւանում գտնվող գերմանացի լրագրողը նմանօրինակ լուրջ խնդրի մասին իր հաղորդումը կարող է պատրաստել երեւանյան մի բնակարանից դուրս չգալովՙ ներկայացնելով միայն այդ սենյակում գտնվողների միագույն կարծիքը:
Ինչեւիցե, մինչ բնագիրը թեթեւակի համառոտածՙ հայ ընթերցողների ուշադրությանը փոխանցելը, հավելեմ, որ Եվրոպայում բնակվող մեր շատ զրուցակիցներ զայրացած ու զարմացած են, որ իրենց երկրների տեղական ռադիոն ու հեռուստատեսությունը լայն հանրությանը չեն իրազեկել շախմատի օլիմպիադայի մասին: Իսկ վիեննաբնակ ճանաչված հեռուստալրագրողներից մեկը հենց նոյեմբերի 25-ին ռադիոյով Հայաստանի մասին նման հաղորդում սփռելը պատահականություն չի համարում:
Մարտի 1-ի պարտության ստվերը ծածկելու է մերՙ նույնիսկ սպորտայի՞ն հաղթանակները:
«Ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ 70 համակիրներ նստած են հայկական բանտերում: Նրանք փետրվարին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը կասկածի տակ են դնում: Եվրոպայի խորհուրդը պահանջում է նրանց (բանտարկյալների) ազատ արձակումը եւ Հայաստան է առաքել մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին», ասաց գերմանական ռադիոյի հաղորդավարըՙ եթերը տրամադրելով Գեզինե Դորնբլյութի Երեւանից պատրաստած հաղորդագրությանը:
Սուսաննա Մաթեւոսյանը Երեւանի իր բնակարանում մթերքներ է փաթեթավորում ամուսնու համար: Շաբաթվա մեջ 1-2 անգամ, ամսվա մեջՙ 70 կգ, ջուրը ներառյալ, արտոնված է, որ նա ամուսնուն տեսակցելիս ուտելիք տանի: Սուսաննայի ամուսինը Դավիթ Մաթեւոսյանն է, տարվա երեք քառորդն անցկացրել է բանտում, նախկինում նա Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի ղեկավարն է եղել: Մաթեւոսյանը ձերբակալվել է մարտի 1-ին, ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ, ամռանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: «Դատավարությունը ֆարսի էր նման, կարծիք է հայտնում Մաթեւոսյանների տանը գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական խմբից Անահիտ Բայանդուրը, որն ընդդիմության համակիր է:
Դատավարությունը շատ փոքր մի սենյակում էր ընթանում: Կարող էին միայն քչերը ներկա լինել: Դատավարության ժամանակ գործը չէր լսվում, նման էր միջնադարյան տրիբունալի: Դատավորն ու դատախազը լուռ էին, հետո կարդացին դատավճիռը, որ նախօրոք էր հաստատված: Ընդհանրապես ոչ մի երկխոսություն, ոչ մի հարց, ոչ մի պատասխան չեղավ»:
Հետո ներս է մտնում Մաթեւոսյանների որդինՙ Թեւոսը, որ իրանագիտություն է սովորում: Նա էլ կառավարության դեմ ակտիվ աշխատանք է տանում: «Չգիտեմ, թե հիմա ինչ կարող է անել շարժումը, բայց գիտեմ, թե ինձ նման անհատ քաղաքացիներն ինչ կարող են անել: Ես փորձում եմ թեման հրապարակային ուշադրության մեջ պահելՙ բլոգով: Ոչ ավելին: Վերջին անգամ հորս գրավոր հարցազրույցը թարգմանեցի:
ԵՄ-ի տարբեր անկյուններից, նաեւՙ Թուրքիայից, Կենտրոնական Ասիայից, ուրիշ երկրներից, ուր քաղբանտարկյալներ կան, մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտում: Դա ինձ դուր է գալիս: Նրանք ասում ենՙ Հայաստանում այնպես է, ինչպես մեզ մոտ: Նրանք գրում ենՙ «ձեր կառավարությունը չի մտածում երկրի մարդկանց մասին» կամՙ «նրանք չեն մտածում Հայաստանի ապագայի մասին», ասում է Թեւոսը:
«Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք: Բայց ինչպեսՙ չգիտեմ», շարունակում է Սուսաննան:
Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է: Ստրասբուրգի խորհրդարանական վեհաժողովը բազմիցս զբաղվել է Հայաստանի ձերբակալվածների խնդրով: Եվ մեծ մտահոգություն է հայտնել, որ նրանց առնվազն մի մասը քաղաքական շարժառիթներով է կալանավորված: Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կառավարությանը մինչեւ հունվար ժամկետ է տվել: Եթե անարդարորեն բանտարկվածները մինչ այդ ազատ չարձակվեն, խորհրդարանականները Հայաստանի պատվիրակությանը կզրկեն ձայնի իրավունքից: Ցայժմ ամեն դեպքում որեւէ նշան չկա, որ այս սպառնալիքը Հայաստանի կառավարության վրա ուժեղ տպավորություն է թողել, ասել է Ստրասբուրգի խորհրդարանական վեհաժողովի խոսնակը:
Սուսաննա Մաթեւոսյանն էլ փոքր հույս է կապում Եվրախորհրդի հետ: «Անկեղծ ասածՙ չգիտեմ: Առաջ հավատում էի դրան»:
Ստրասբուրգի ճնշման տակ Երեւանի կառավարությունը անկախ հանձնաժողով է ստեղծել, որը պիտի ուսումնասիրի մարտյան իրադարձությունները: Այս հանձնախմբում ընդդիմության ներկայացուցիչներ էլ են ընդգրկված: Սակայն արդյունքները դեռ չկան:
«Մենք շատ լավ գիտենք, որ ամեն ինչ մեզանից է կախված: Մեր հույսը մեզ վրա պիտի դնենք»: Անահիտ Բայանդուրի այս խոսքերով է եզրափակում իր հաղորդումը գերմանական Դոյչլանդֆունկ ռադիոն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա