Այս հարցերին անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ 10-րդ նիստում
Հայաստանի ատոմակայանի անվտանգության ապահովման եւ բարձրացման հարցերն են երեկ քննարկվել նախագահին կից Հայաստանի ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) 10-րդ նիստում: Այն բացեց նախագահՍերժ Սարգսյանը, անդրադառնալով խորհրդի կատարած աշխատանքներին եւ ներկայացնելով ոլորտում կատարված եւ նախատեսվող միջոցառումները:
Հայաստանի նախագահը բավարար համարեց, որ ատոմակայանի անվտանգության մակարդակը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նա նշեց, որ ատոմային էներգիայի անվտանգության խորհուրդը ստեղծվել է 1996-ին եւ իր գործունեության ընթացքում ներգրավել բազմաթիվ մասնագետների: Խոսելով անվտանգության միջոցառումների մասին, Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական աջակցությունն այդ ուղղությամբ, տեղեկացնելով, որ հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման նպատակով, վերագործարկումից ի վեր, 90 մլն դոլարի ներդրումներ են կատարվել:
Նիստի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, երկրի նախագահը հույս հայտնեց, որ չնայած միջազգային ճգնաժամին, Հայաստանը կկարողանա պահպանել տնտեսական աճի բարձր տեմպերը եւ ցածր գնաճը: Ըստ Սերժ Սարգսյանի, բանկային համակարգի բարձր կապիտալիզացիան կօգնի մեղմել միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: «Ճգնաժամից առանց կորուստների դուրս գալը գրեթե անհնար է, բայց կարելի է եւ անհրաժեշտ է դրանք հասցնել նվազագույնի», ընդգծեց նախագահը:
Խոսելով էներգետիկ ծրագրերի մասին, Սերժ Սարգսյանը հիշատակեց Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ միացումը ներքին գազասպառման համակարգին, ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնումը, Երեւանի ՋԷԿ-ի տարածքում 270 Մ/վտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2010-ի առաջին կիսամյակի վերջում եւ նոր ատոմակայանի կառուցումը, որը ստացել է առաջնահերթ ազգային ծրագրի կարգավիճակ:
ԱԷԱԽ-ի նիստի ընդմիջմանը, պատասխանելով լրագրողների հարցերին, խորհրդի նախագահԱդոլֆ Բիրկհոֆերնայն կարծիքը հայտնեց, որ հայկական ԱԷԿ-ի անվտանգությունն այժմ շատ ավելի լավ վիճակում է, քան երբ խորհուրդը սկսեց իր աշխատանքները, եւ համապատասխանում է մյուս երկրներում գործող համանման ատոմակայանների չափանիշներին: Նրա հավաստմամբ, միջուկային անվտանգության աշխատանքները երբեք չեն ավարտվում եւ 3-4 տարի դրանք շարունակվելու են` ապահովելու համար ատոմակայանի անվտանգ շահագործումը հետագա 6 տարիների ընթացքում:
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենԳագիկ Մարկոսյանըլրագրողներին տեղեկացրեց, որ ԱԷԱԽ նիստում քննարկվելու են անվտանգության բարձրացման 7-8 նոր կանոնների ներդրման հարցերը, որոնք կարժենան մոտ 10 մլն դոլար: Ինչ վերաբերում է նոր ատոմակայանին, ապա գործող ԱԷԿ-ի տնօրենը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ արդեն մրցույթ է հայտարարվել նոր ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հետազոտություններն իրականացնելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ