«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2008-11-29 | #223, 2008-12-02 | #224, 2008-12-03


ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐ ԵՆ

Քաղծառայության օրենքում լրացումներ կատարելու նախագիծն այժմ գտնվում է ԱԺ-ում: Նախագծի դրույթները մանրամասնելու նպատակով երեկ «Հայելի» մամուլի ակումբում հյուրընկալված քաղծառայության խորհրդի նախագահՄանվել Բադալյաննասաց. «Նախագիծը հրատապ էր, մասնավորապես կա մի փոփոխություն, որ առնչվում է ժամկետին: Խոսքը վերաբերում է պետական կառավարման ոլորտի ստաժով քաղաքացիական ծառայության համակարգ մուտք գործելուն: Քաղաքացիական ծառայության ստաժին, քաղաքացիական ծառայության դասային աստիճանին զուգահեռ պետք է լինի պետական կառավարման ոլորտի ստաժ: Նշված չափորոշիչը սահմանված էր մինչեւ 2009-ի հունվարի 1-ը: Սակայն նախագիծն իր նշանակությունը լիովին չի իրականացրել եւ համակարգը ինքնաբավ չի դարձել: Այդ պատճառով քաղծառայության խորհուրդն օրենսդիրին առաջարկել է չափորոշիչը սահմանել մինչեւ 2015 թ.»:

Ըստ Բադալյանի, հասարակության կարող ուժերից շատերը քաղաքացիական ծառայության ստաժ կամ դասային աստիճան չունեն եւ անհրաժեշտ մեխանիզմներ պետք է առաջ քաշել նրանց աշխատանքը թեթեւացնելու համար:

«Մանկավարժն ուզում է աշխատել մարզպետարանի կրթության բաժնում, սակայն նա քաղծառայող չէ, չի կարող ունենալ քաղծառայության ստաժ, դասային աստիճան, ինչպես օրենքն է պահանջում մյուսների նկատմամբ: Ուսուցիչն իր մասնագիտական ստաժով կարող է դառնալ չինովնիկ: Համակարգ կներգրավվեն կրտսեր պաշտոնից, որի համար պահանջվում է միայն միջնակարգ կրթություն: Այնուհետեւ իրենք կունենան պաշտոնական առաջխաղացում: Եթե կարեւորել ենք քաղծառայության համակարգի անհրաժեշտությունը, ուրեմն մարդիկ պետք է լինեն պրոֆեսիոնալ եւ բացակայեն նրանց աշխատանքը կաշկանդող, սահմանափակող երեւույթներ», ասաց Մանվել Բադալյանը: Անդրադառնալով քաղծառայության աշխատանքի համար նախատեսված մրցույթին ու աշխատակազմի ղեկավարների շնորհիվ մրցույթի միջոցով «խնամի-բարեկամին» աշխատանքով ապահովելու երեւույթին, Մանվել Բադալյանն ասաց. «Օրենքը նախատեսում է զրույցի, քննարկումների միջոցով աշխատակազմի ղեկավար ընտրել լավագույնին: Եթե նա սրտացավություն, պատասխանատվություն եւ բարոյականություն չունի, իրավական բոլոր լուծումները թերի են մնալու: Նշանակման խնդիրն ամենացավոտ հարցերից մեկն է: Եթե աշխատակազմի ղեկավարներն իրենց թույլ են տալիս մրցույթից առաջ ասել, որ իմաստ չունի մասնակցելը, որովհետեւ հաղթող թեկնածուն արդեն որոշված է, կարող եմ գնահատել ընդամենը մեկ բառով` ցինիզմ», ասաց Մանվել Բադալյանը` վստահեցնելով, որ ինքն էլ քաջատեղյակ է, որ նմանատիպ երեւույթները հաճախակի բնույթ են կրում:

Վերջերս սոցիալական քարտերի հանձնման բաժնում իրավապահները հենց տեղում արձանագրեցին կաշառքի մի շարք դեպքեր: «Ազգ»-ի հարցին, թե «ի՞նչ է արվում համակարգում կաշառակերության մակարդակը նվազեցնելու գործում», քաղծառայության խորհրդի նախագահը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է ոլորտում ներգրավելու ազնիվ վարքագծով մարդկանց: Քաղծառայության համակարգը մրցույթով ընդգրկվելու միջոցը նույնպես նպաստում է կաշառակերության դեպքերի նվազեցմանը: «Կաշառք վերցնողների նկատմամբ կիրառվում է պատժամիջոց, նրանք հեռացվում են աշխատանքից», ասաց Բադալյանը` միաժամանակ փաստելով, որ կաշառակերության դեպքերը բավականին շատ են արձանագրված:

Անդրադառնալով ատեստավորմանը, բանախոսը նշեց, որ վերջին 6 տարվա ընթացքում ատեստավորում չանցած պետական պաշտոնյաների թիվն անցնում է 500-ից:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4