Հարցազրույց ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ
- Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունն այս տարի եւս Հայաստանում եւ Արցախում իրենց գործունեության մեջ նոր նախաձեռնություններ իրականացրին: Ի՞նչ կառանձնացնեք կատարվածից արդեն տարեվերջին:
- Դեռեւս հունվարին Ռուսաստանի հայերի միությունն ու Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը համատեղ անցկացրին Հայ-ռուսական տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին ՌԴ եւ ՀՀ տրանսպորտի նախարարները, կառավարության անդամներ, Հայաստանի եւ Ռուսաստանի գործարարներ, իսկ նախագահում էր այն ժամանակ դեռեւս Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Ֆորումում ոչ միայն տարբեր ներդրումային ծրագրեր քննարկվեցին, այլեւ որոշվեց ստեղծել հայ-ռուսական գործարար ընկերակցություն, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են:
Փետրվարին Համաշխարհային հայկական կոնգրեսը Երեւանում անցկացրեց «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները` հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով միջազգային գիտաժողով` ավելի քան 15 երկրներից ճանաչված գիտնականների, քաղաքագետ-վերլուծաբանների, քաղաքական-հասարակական գործիչների մասնակցությամբ:
Մեր երկու կազմակերպություններն իրենց մշտական ուշադրության կենտրոնում են պահում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները: Այս տարի ՌՀՄ Մոսկվայի քաղաքագիտության եւ միջազգային իրավունքի հայկական ինստիտուտը հրատարակեց նաեւ «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուն` Յուրի Բարսեղովի խմբագրմամբ եւ մեկնաբանություններով: Սա ղարաբաղյան հարցին առնչվող երկհատորյակի առաջին մասն է, որ կոթողային հրատարակություն է հիմնախնդրին առնչվող փաստաթղթերի համակարգված մատուցման ու մեկնաբանությունների առումով: Այս աշխատությանը նախորդել է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի եռահատոր հրատարակությունը:
- Նախորդ տարի ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն հայտարարեցին ստեղծագործական միությունների հետ համատեղ անցկացրած մի շարք մրցույթների մասին: Ի՞նչ է արվել մրցանակաբաշխությունների առնչությամբ:
- Դեռեւս տարեսկզբին մենք ամփոփեցինք նախորդ տարի Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների հետ հայտարարված համատեղ մրցույթների արդյունքները, հանձնվեցին մրցանակները: ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն այս տարի մրցութային ավելի քան 100.000 դոլար ֆոնդով հայտարարեցին նմանօրինակ մրցույթներ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի, Նկարիչների, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունների հետ, որոնց ամփոփումը կլինի արդեն հաջորդ տարի, իսկ Նկարիչների միության հետ անցկացված մրցանակաբաշխության արդյունքները ամփոփվել են, հաղթողները ստացել են մրցանակները: Այս կերպ ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանում ստեղծագործական ու գիտական մտավորականության հիմնախնդիրները` փորձում են ակտիվացնել ստեղծագործական միությունների, գիտական հիմնարկների գործունեությունը, այդ ամենը դիտելով որպես ռազմավարական կարեւորագույն նշանակության խնդիր Հայաստանի համար:
Կրթության բնագավառի հիմնախնդիրները մեզ համար շարունակում են մնալ առաջնային: Շարունակվում է «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժումը: Այս տարի համակարգչայնացման ծրագրում հիմնականում ներգրավվեցին Հայաստանի սահմանամերձ գյուղերի, աղետի գոտու բնակավայրերի դպրոցները: Շարունակվում է նաեւ դպրոցաշինության ծրագիրն Արցախում:
Այս տարի արդեն ամփոփեցինք եւս մեկ մրցույթի արդյունքներ, որ անցկացվում է 4-րդ անգամ: «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» աշակերտների եւ ուսանողների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության մրցույթի այս տարվա թեման էրՙ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»: Մրցույթի լավագույն աշխատանքները հրատարակվել են առանձին գրքույկով:
- Ավանդական են նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում, որ անցկացվեցին նաեւ այս տարի: Որո՞նք էին նոր նախաձեռնությունները:
- ՀՀԿ եւ ՌՀՄ օրերը Հայաստանում եւ Արցախում ունեն ինչպես ավանդաբար անցկացվող միջոցառումներ, այնպես էլ ամեն տարի ավելանում են նոր նախագծեր: Այս տարի եւս անցկացվեց Սփյուռքի օր: Նախորդ տարի ներկայացվել էին սփյուռքի տարբեր համայնքները, այս տարի ներկայացվեցին սփյուռքի հայ հայտնի մտավորականները: Օրերի շրջանակներում թեեւ նոր նախաձեռնություն էր «21-րդ դար. հայ ժողովրդի ազգային շահերը» երիտասարդական կոնֆերանսի անցկացումը, որ կազմակերպվել էր Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հետ համագործակցությամբ, սակայն այդ միջոցառումը նախորդ տարվա «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» երիտասարդական միջազգային համաժողովի հռչակագրի իրագործման հերթական քայլերի տրամաբանական շարունակությունն էր: Կոնֆերանսում երիտասարդության խնդիրները քննարկվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված ուղերձի դրույթների լույսի ներքո: Ի լրումն հոգածության մեր ծրագրերի` ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն այս տարի եւս մեկ ակցիա են սկսում «Շտապեք գործել բարին» խորագրով, որի շրջանակներում համագործակցության նոր քայլեր են իրականացվում որոշ մանկատների հետ:
- ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն հայ ժողովրդի կյանքում նշանակալի օրերի կապակցությամբ ակցիաների անցկացման ավանդույթ ունեն: Մեր տեղեկություններով, պատրաստվում է նաեւ 1988-ի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
- Ապրիլի 24-ին նվիրված տարատեսակ ակցիաներ են անցկացրել մեր կազմակերպությունները: Այս տարի ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան աշխարհի ավելի քան 20 երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց մի շարք միջոցառումներ, մասնավորապեսՙ ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին պատմող թռուցիկների պատրաստում եւ տարածում, հանդիպումներ, զրույցներ ու դասախոսություններ այդ թեմայով, քարոզարշավ, ցուցահանդես եւ այլն: Այս մոտեցումը հետապնդում է մեկ նպատակ. մեկ կենտրոնից համակարգել ակցիան:
Դեկտեմբերի 5-ին էլ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա խոնարհումի երեկո` նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին, «Բարձրաձայն լռություն» գրական-երաժշտական կոմպոզիցիայով:
- Ի դեպ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան ձեռնարկել էր հայ անվանի անձանց հետ հանդիպումների շարք: Ի՞նչ է արվել այս առնչությամբ:
- Այդ հանդիպումների նպատակը երիտասարդությանն արվեստին եւ գրականությանը մերձեցնելն է: Չէ՞ որ երիտասարդ սերնդի մեջ նկատվում է հոգեւոր նահանջ: Համակարգիչը, արվեստի բնագավառի անհաջող բիզնես-շոուները նրանց հեռացրել են իսկական արվեստից: Փորձում ենք ստեղծել արվեստի, գրականության ու երիտասարդության դաշինք, կամրջել այդ կապը: Այս միջոցառումների շարքում երիտասարդները հասցրել են հանդիպել Լորիս Ճգնավորյանի, Կիմ Բախշիի, Արա Գեւորգյանի հետ: Վերջերս կոմպոզիտորների տանը տեղի ունեցավ երաժշտական երեկո Ռոբերտ Ամիրխանյանի մասնակցությամբ, իսկ դեկտեմբերի 4-ին հանդիպումը Ջիվան Գասպարյանի հետ է:
- Միշտ խոսելով այս երկու կազմակերպությունների մասին` անդրադառնում ենք Հայաստանում եւ Արցախում ծավալած գործունեությանը: Որպես նաեւ ՌՀՄ փոխնախագահ` կմանրամասնեի՞ք կառույցի Ռուսաստանում ծավալած գործունեությունը:
- ՌՀՄ շահառուները հիմնականում Ռուսաստանում բնակվող հայերն են, եւ բնական է, որ կազմակերպության աշխատանքային գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է նրանց իրավական, աշխատանքային, սոցիալական, կրթամշակութային շահերի պաշտպանությանը: Այդ բնագավառում հաջողություններն ակնհայտ են: Եթե փորձենք մանրամասնել կատարվածը, շատ ժամանակ կպահանջվի, ուստի ընդհանրացնեմ մի քանի փաստերով: Այսօր այդ անծայրածիր երկրի որ անկյունում որեւէ հայի հետ ինչ-որ խնդիր է լինում, բոլորը դիմում են ՌՀՄ տարածքային կառույցներին կամ Մոսկվայում գործող կենտրոնական ապարատին, իսկ երբեմն էլ երեւանյան գրասենյակին: Այս փաստը վկայում է, որ ՌՀՄ-ն հայերի շրջանում բարձր հեղինակություն ունի եւ դա նրա մեծագույն նվաճումն է: Եվ եթե ավելացնենք, որ ՌՀՄ կազմում գործում են 70 տարածքային եւ ավելի քան 400 շրջանային ու քաղաքային կազմակերպություններ, որոնց կազմում տասնյակ հազարավոր ակտիվիստներ ընդգրկված են Ռուսաստանում բնակվող հայերի շահերի պաշտպանության խնդրում, կարծում եմ` պատկերը պարզ կլինի:
- Սարատովում երկու հարբած ոստիկանների կողմից հայ երիտասարդի դաժան սպանության առնչությամբ նոյեմբերի սկզբներին «Գոլոս Արմենիին» հանդես եկավ մի հոդվածով` քննադատելով Ռուսաստանի հայերի միության անգործությունը այս հարցում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
- Նախ ասեմ, որ երբ ուսումնասիրում ես հոդվածը, ապա պարզ երեւում է, որ Սարատովի դեպքը միայն առիթ է Ռուսաստանի հայերի միության եւ նրա ղեկավարի գործունեությունը քննելու եւ այդ ամենը ծուռ հայելու մեջ ներկայացնելու համար, եւ չգիտես ինչու` հայ-ռուսական, հայ-ամերիկյան հարաբերությունների, աշխարհաքաղաքական նոր իրադարձությունների, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայկական համայնքային կազմակերպությունների ֆոնին: Հոդվածում միաժամանակ անհաջող փորձ է արվում էթնիկ հիմքով Ռուսաստանում կատարվող սպանությունների համար պատասխանատվության ամբողջ բեռը հիմնականում բարդել ՌՀՄ-ի վրա, մոռանալով, որ դա համառուսաստանյան ներհամայնքային հասարակական կազմակերպություն է:
Հոդվածի հեղինակը գրում է, որ դժբախտաբար իրենց հայտնի չէ, թե ՌՀՄ-ն ինչ միջոցներ է ձեռնարկում կամ ձեռնարկո՞ւմ է արդյոք միջոցներ նման երեւույթների կանխման համար: Օրինական հարց է ծագում, թե անհայտ լինելու դեպքում ինչու են գրիչ վերցնում ու զբաղվում անհաջող գուշակություններով: Կարծում եմ, քննարկվող խնդրի նկատմամբ իրոք կառուցողական մոտեցում ունենալու դեպքում կփորձեին Մոսկվայում հրատարակվող իրենց թերթի միջոցով ՌՀՄ կենտրոնական ապարատում պարզել, թե ինչ է արվում այդ ուղղությամբ: Համոզված եմ, կտեսնեին, որ ազգային հողի վրա կատարված սպանության ոչ մի դեպք դուրս չի մնացել ՌՀՄ-ի եւ նրա նախագահի տեսադաշտից:
Այդ դեպքերի առիթով կազմակերպությունը, նրա ղեկավարը բազմիցս հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով` դիմելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների ղեկավարներին` միջոցներ ձեռնարկելու այդօրինակ երեւույթների կանխման համար: Չցանկանալով մանրամասնել` միայն ավելացնեմ, որ եթե այսօր ՌԴ համապատասխան մարմինները փորձ են անում դեմքով շրջվելու դեպի այդ երեւույթները, ակտիվացնելու պայքարը, ապա կարելի է ասել` քիչ չէ սրանում նաեւ ՌՀՄ-ի եւ նրա ղեկավարի ծառայությունը:
- Այսքան արվածի կողքին ո՞րն է պատճառը, որ թերթը անտեսել է այդ ամենը:
- Պատճառն այլ է, որի մասին գիտեմ ես, կարծում եմ, նաեւ թերթի խմբագիրը: Բայց չեմ ցանկանում խոսել դրա մասին, քանի որ այն չի բխում մեր կազմակերպության մասշտաբային գործունեության շահերից: Իհարկե, համաձայն եմ թերթի այն կարծիքին, որ Սարատովում հայ երիտասարդի եւ ընդհանրապես սկինհեդների կողմից Ռուսաստանում կատարվող սպանությունները հիմնականում էթնիկ հիմք ունեն, շատ դեպքերում` առանձնակի դաժանությամբ: Այդ դեպքերի զոհ են դառնում ոչ միայն հայերը, այլեւ կովկասյան, միջինասիական ազգությունների, այլ ժողովուրդների հիմնականում երիտասարդ ներկայացուցիչներ: Կարծում եմ, հարկ չկա այդ դեպքերի զոհերի դերում տեսնել միայն հայերին, մի բան, որ անում են որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ:
- Ի՞նչ նոր քայլեր կարելի է ձեռնարկել ՌԴ-ում այս հարցի առնչությամբ:
- ՌՀՄ-ն ակտիվորեն պայքարել է, այսուհետեւ եւս կպայքարի նման երեւույթների կանխարգելման համար` անկախ զոհերի ազգային պատկանելությունից: Իսկ այդ պայքարը նպատակաուղղված կլինի ոչ միայն առանձին դեպքերի, այլեւ ընդհանուր երեւույթի կանխարգելմանը:
Հարցազրույցը վարեց ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ