Միքայել Թարիվերդիեւի անունն ու ճանաչումը գագաթնակետում են գտնվել ճիշտ այնքան, որքան նրա ներկայությունն էր ստեղծագործական կյանքում: Նրա բազմապրոֆիլ ստեղծագործական ժառանգությունում կինոյի համար գրված երաժշտությունը արվեստասեր լայն շրջանակներին այնչափ սիրելի ու հարազատ դարձավ, որ պարզապես քողարկեց Թարիվերդիեւի ստեղծագործության մյուս ուղղությունները: Սակայն անկախ դրանից նրա ինչպես անունն, այնպես էլ ստեղծագործությունները այժմ էլ հնչում են ու սիրելի են ունկնդրին: Ծագումով հայ թբիլիսցի տաղանդաշատ երիտասարդն իր կյանքի մեծ մասը Ռուսաստանումՙ Մոսկվայում է ապրել ու եղել է ժամանակի էլիտար հասարակության զարդ, որի ներկայությունը, պահվածքն ու արտաքինը մշտապես հիացմունք է առաջացրել: Տարիներ շարունակ անգամ կյանքի վերջին տարում համարվել է փլեյ-բոյ ու Ռուսաստանի սեքս խորհրդանիշ: Նրա ներկայությունը որեւէ հեռուստահաղորդումում որպես վարող արդեն իսկ պայմանավորել է հաղորդման հաջողությունն ու հետաքրքրականությունը հեռուստադիտողի համար:
Ժամանակակիցներն ու հաջորդներն իրավամբ պնդում են, որ Միքայել Թարիվերդիեւը անսովոր ճակատագրի տեր կոմպոզիտոր էր, որը, որքան էլ հարուստ ստեղծագործական ժառանգություն թողեց, այնուամենայնիվ շատ շատերի համար մնաց մեծագույն հաջողություն ունեցած «Գարնան 17 ակնթարթ» եւ «Բաղնիքդ անուշ» ֆիլմերի երաժշտության հեղինակ: Մինչեւ օրս էլ լիովին ստվերազրկված չեն նրա հեղինակած վոկալ շարքերը, երգեհոնի համար գրված գործերը, օպերաներն ու բալետները, գործիքային ստեղծագործությունները:
Այսչափ բազմանիստ ստեղծագործական ողջ ուղինՙ սկսյալ Գնեսինների անվան երաժշտամանկավարժական պետական ինստիտուտումՙ Արամ Խաչատրյանի դասարանում սովորելու պահից մինչեւ վերջին ստեղծագործությունը ձայնագրման հանձնելու պահը, անցել է Մոսկվայում: Անկախ դժվարություններից, որ նույնպես եղել են նրա համար, ապրել է կենսախինդ ու կենսատու կյանքով եւ մահացել հանգստավայրումՙ Սոչիում 1996 թվականի հուլիսի 25-ին, 65 տարեկանում: Նրա երաժշտությունն այսօր էլ ունկնդիր ունի եւ երիտասարդների շարքում ոչ պակաս, քան ավագների շրջանում:
Հենց սա էլ նկատի առնելով Համաշխարահային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ նախաձեռնել էին Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործությունների «Ժամանիր» շարքին նվիրված համերգ-միջոցառումը: Թարիվերդիեւի նշյալ շարքի գործերը ներկայացրեցին Մարգարիտա Հովսեփյանը (սոպրանո), Սաթենիկ Մաղաքյանը (դաշնամուր): Երաժշտագետ Կարինե Բրուտյանն էլ խոսեց կոմպոզիտորի գործերից, անցած ուղուց:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ