Նոյեմբերի 4-24-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ճապոնական Koransha concert and planning agency-ի հրավերով հյուրախաղերով հանդես եկավ Ճապոնայի Տոկիո, Նիգատա, Տոյամա, Օսակա խոշոր քաղաքների հայտնի համերգասրահներում` Suginami Koukaido, Shinjuku BunkaCenter եւ այլն: Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի ընթացքում տվել է 15 համերգ, որից 4-ը` Տոկիոյում: Ծրագիրը բավականին հարուստ էր: Ընդգրկված էին Խաչատրյանի, Չայկովսկու, Ռախմանինովի, Բորոդինի, Ռիմսկի-Կորսակովի եւ այլ անվանի կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:
Հյուրախաղերից ստացած տպավորությունները երեկ լրագրողներին ներկայացրեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղղեկ եւ գլխավոր դիրիժորԷդուարդ Թոփչյաննու խմբի ղեկավարԴավիթ Թերզյանը:
«Դասական երաժշտություն, բարձր արվեստ ընկալելու համար պետք է համապատասխան կրթություն ստանալ: Առանց պատրաստվածության անհնար է Վագների երաժշտությունն ընկալել: Հայաստանում այդ պատրաստվածության չափանիշներն օրեցօր ընկնում են: Մեզ մոտ հեռուստատեսությունը պրոպագանդում է մի բան, որ անհնար է արվեստ կոչել», ասաց Թոփչյանը:
Օրեր առաջ օպերայի կիսադատարկ դահլիճում տեղի ունեցավ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան: Հանդիսատեսի սակավությունը Թոփչյանն այսպես բացատրեց. «Ժամանակն է, որ դիվանագիտությունը մի կողմ թողնենք: Լինելով պրոֆեսիոնալ երաժիշտ` Տերտերյանի օպերան շատ դժվարությամբ ընկալեցի: Դժվարանում եմ ասելՙ օպերա էր, թե` ոչ: Ավելի շատ նման էր թատերական-երաժշտական ներկայացման: Զարմանում եմ, թե ինչ ունկնդիր պետք է լինի, որ նստի երկու ժամ եւ օպերան լսի: Տերտերյանի բեմադրած «Երկրաշարժ» օպերան իրավունք ունի բեմադրվել Մետրոպոլում, Լասկալայում: Սրանք արդեն կայացած թատրոններ են: Իրենց երկացանկում ավելի քան 200 օպերա ունեն, արտակարգ պատրաստված լսարան, եւ ուզում են էքսպերիմենտալ երաժշտություն մատուցել: «Երկրաշարժը» մեր դահլիճի համար չէ: Մեկ-երկու անգամ կբեմադրեն եւ վերջ: Ավելի լավ էր այդ գումարներով բեմադրեին «Աիդա», որպեսզի նոր սերունդը լսեր եւ սիրահարվեր դասական երաժշտությանը: Եվ երբ ունկնդիրը հասունանար, կցուցադրեինք «Երկրաշարժի» պես ժամանակակից օպերա: Եվ ընհանրապես զրկված ենք օպերա հասկացողությունից: Բեմադրվում է միան «Անուշ», «Արշակ 2-րդ»: Իհարկե սա էլ պետք է լինի, բայց օպերա վերամբարձ հասկացությունը միայն այդքանով չի ավարտվում: Պուչչինիի պես տիտանի 100-ամյա հոբելյանը տեղի ունեցավ, սակայն Հայաստանում որեւէ արձագանք չեղավ: Մենակ Ֆիլհարմոնիան «Մադամ Բաթերֆլայ» նվագեց: Վաղուց Մոցարտ, Չայկովսկի մեր բեմերում չի հնչում: Վագներն էլ անհաս փառքի ճամփա է դարձել: Հնչում է մի հատ Վերդի` խղճուկ կատարմամբ»:
Դիրիժորը վստահ է, որ դասական երաժշտության ընկալման գործում մեծապես պետք է նպաստեն երաժշտական դպրոցներն ու կոնսերվատորիաները, որոնք, սակայն, «կործանված են». «Եթե քաղաքի կենտրոնի երաժշտական դպրոցներից մեկի տնօրինությունը հանձնեն մեկին, ում ես վտահում եմ որպես երաժշտական ղեկավարի, պատրաստ եմ նրան օգնելու: Դայշին Կաշանմոտոյի, Սիդկավեցկու մակարդակի երաժիշտներ պատրաստ են տարին 2 ամսով գալ Հայաստան եւ վարպետության դասեր անցկացնել հայ երաժիշտների հետ: Խոստանում եմ, որ 7 տարի հետո կունենանք փայլուն երիտասարդներ, որպեսզի 10-15 տարի հետո փակուղու առաջ չկանգնենք», եզրափակեց Թոփչյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ