Վեհափառ հայրապետը շիրակցիներին հանգստության եւ հաշտության է կոչել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կիրակի օրը Մայր աթոռ Ս. Էջմիածնում ընդունելով եւ շուրջ մեկուկես ժամ զրուցելով Գյումրուց իրեն դիմած 11 հոգանոց պատվիրակության` Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խմբի անդամների հետ, փարատել է նրանց այն մտահոգությունները, թե թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վերջին շրջանի ինչ-ինչ բանսարկությունների հետեւանքով կարող է պաշտոնանկ արվել: Այս մասին խմբի ներկայացուցիչները տեղեկացրին երեկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում:
Գյումրիում ու մարզում նման մտահոգությունների պատճառ են դարձել Գյումրու քաղաքապետի եւ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի միջեւ առաջացած լարված հարաբերությունների եւ առաջնորդի դեմ ստորագրահավաքի փորձի մասին արդեն մոտ երկու շաբաթ շրջանառվող խոսակցությունները, տեղիք տալով նաեւ որոշ շահարկումների: Նույն անհանգստությամբ թելադրված էլ անցած շաբաթվա վերջին ստեղծվել էր հիշյալ զորակցության խումբը, սկսվել էր ստորագրահավաքՙ հաջակցություն առաջնորդ սրբազանի:
Կաթողիկոսի հետ հանդիպման մասին նախաձեռնող խմբի տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Վեհափառ հայրապետը իրավիճակին լավատեղյակ է եղել եւ իր խոսքում պատմելով նաեւ թեմում կատարված ու կատարվող աշխատանքների մասին, նշել է, թե ստորագրահավաքներով ոչ թեմի առաջնորդ է նշանակվում, ոչ փոխվում: Հանդիպման ավարտին Վեհափառը հորդորել է թույլ չտալ իրավիճակի սրում եւ խնդիրը խաղաղությամբ ու հաշտությամբ կարգավորելու, նույնն էլ թեմում սերմանելու կոչ է արել:
Գ. Մ.