Դրեզդենում անցկացված շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում բացի գլխավոր մրցանակներից, խաղարկվում էր նաեւ շախմատի կանանց աշխարհի նախկին բազմակի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու անվան գավաթը: Այն հանձնվեց Ուկրաինային, որի տղամարդկանց եւ կանանց հավաքականների ընդհանուր արդյունքը լավագույնն էր օլիմպիադայում: Ուկրաինայի տղամարդկանց հավաքականը գրավել էր 4-րդ տեղը (17 միավոր), իսկ կանայք դարձել էին արծաթե մրցանակակիրներ (18 միավոր)ՙ միայն լրացուցիչ գործակիցներով ոսկե մեդալները զիջելով վրաց շախմատիստուհիներին:
Գափրինդաշվիլու գավաթի համար պայքարում Ուկրաինայի եւ Հայաստանի հավաքականները վաստակել էին հավասարՙ 35-ական միավոր (Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել էր 19 միավոր, կանանցըՙ 16): Միայն լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով այդ մրցանակը բաժին էր հասել ուկրաինացիներին:
Եվ ահա պարզվում է, որ շուտով այդ գավաթն էլ կհանձնվի Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Բանն այն է, որ 11-րդ տուրի ավարտից հետո Ուկրաինայի տղամարդկանց հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը հրաժարվել է դոպինգ ստուգում անցնել: Այդ արարքի համար ուկրաինացի գրոսմայստերին երկու տարվա որակազրկում է սպառնում: Իլյումժինովը նշել է, որ Իվանչուկի մասնակցությամբ պարտիաների արդյունքները (Արոնյանը նրա հետ ոչ-ոքի էր խաղացել) չեղյալ են համարվելու, ուստի Ուկրաինայի հավաքականի արդյունքը փոփոխության կենթարկվի: Իսկ Գափրինդաշվիլու անվան գավաթը կհանձնվի Հայաստանին:
Ինչ խոսք, սա ուրախալի փաստ է հայ շախմատիստների համար, որոնք իրենց գերազանց ելույթներով իրոք արժանի էին նաեւ Գափրինդաշվիլու գավաթին: Բայց կա մի հանգամանք, որ զգալի չափով նվազեցնում է գավաթի արժեքը: Բանն այն է, որ այդ գավաթը զարդարող ադամանդն անհայտ հանգամանքներում անհետացել է, երբ ուկրաինացիները Դրեզդենից վերադարձել են Կիեւ: Դա տեղի է ունեցել Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում եւ կասկած չկա, որ հենց օդանավակայանի աշխատակիցներից մեկն է գողություն կատարել: Կորստի մասին հավաքականի անդամները տեղեկացրել են լրատվամիջոցներով, իսկ ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել են հեռախոսով: Եվ միայն Կիեւ ժամանելուց երկու օր անց են նրանք ոստիկանական տեղամասում պաշտոնապես դիմում գրել կատարված գողության մասին: Բնականաբար, հետաքննություն է սկսվել: Սակայն ոստիկանությունը հայտնում է, որ եթե շախմատիստները ժամանակին հայտնեին կատարվածի մասին, ապա հնարավոր կլիներ հանցագործության թարմ հետքերով ձերբակալել կողոպտիչներին: Մնում է հուսալ, որ դա նրանց կհաջողվի եւ Հայաստանին գավաթը կհանձնվի ադամանդե քարով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ