«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2008-12-03 | #225, 2008-12-04 | #226, 2008-12-05


«ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԱՅԼ` ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ»

Տեսակետներ` ԼՂՀ նախկին պաշտոնյաներից ու Կոմանդոսից

«Լեռնային Ղարաբաղի խնդրում բանակցային գործընթացի ներկա ֆորմատը եւ այն, ինչ ընթանում է այնտեղ, ես ճիշտ չեմ համարում: Հակառակորդը դեռ որեւէ բան չասած, որեւէ փոխզիջման տարբերակ չընդունած, մենք արդեն ասում ենք, որ տալիս ենք: Թե ի՞նչ ենք տալիս, ի՞նչ ենք ուզում` ոչ մեկս չգիտի», երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարՍամվել Բաբայանը:

ԼՂ խնդրի լուծումն, ըստ Բաբայանի, պետք է լինի Ստեփանակերտի հետ. Երեւանը չպետք է մասնակցի բանակցություններին, քանի որ Երեւանն ուղղակի պաշտպանում է իր հասարակության մի մասի շահերը:

«Ես գտնում եմ, որ ինչ բանակցություններ էլ ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ի վերջո ԼՂՀ-ն մտնելու է այդ գործընթացի մեջ: Առանց Ղարաբաղի որեւիցե մեկը չի կարողանալու այդ խնդիրը լուծել», նշեց Բաբայանը:

«Փոխզիջումներ լինելու են, բայց դրանք չեն լինելու հանուն Ադրբեջանի, այլ լինելու են հանուն աշխարհի հետ զարգացումների: Դրանք պետք է լինեն չափավոր, ազգային շահերը հաշվի առնող եւ չպետք է մեր ունեցածը հենց այնպես տալ, առանց ինչ-որ բանի, ինչ է, թե Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղը», նման տեսակետ հայտնեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին գլխավոր հրամանատարը:

«Աշխարհը մեզ պարտադրում է գնալ Ադրբեջանի հետ փոխզիջման: Կգնաք, էլի, ինչի՞ եք վռազում: Գնում եք հող տալո՞ւ,- հռետորական հարցադրում արեց Ս. Բաբայանը:-Վռազկոտությունը պայմանավորում եմ նրանով, որ ուզում են լավ ապրել: Հողերը տալիս են ճանապարհները բացելու համար: Ուրիշ ձեւակերպում չունեմ: Ես էլ ասում եմ, որ հողերն էլ տաք, լավ չենք ապրելու»:

Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ինքը չի հակադրվում նման քաղաքականությանը, նա արձագանքեց. «Ես բազմաթիվ անգամ խոսել եմ: Ի՞նչ անեմ, ըմբոստանա՞մ, միտի՞նգ անեմ: Որ ի՞նչ: Իմաստ չեմ տեսնում, որովհետեւ խնդրի լուծումը դեռ չկա: Դեռ փաստաթուղթ չեն ներկայացրել, թե ինչի շուրջն են բանակցում»:

Իսկ թե ո՞րն է պատճառը, որ Ղարաբաղը չի եղել որպես բանակցող կողմ, այլ Հայաստանն ու Ադրբեջանն են ճանաչվել բանակցող կողմեր, ասուլիսին ներկա գտնվող արցախյան պատերազմի հրամանատարԱրկադի Տեր-Թադեւոսյաննէլ (Կոմանդոս) տվեց իր պատասխանը: Ըստ Կոմանդոսի, ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմին էական վնաս է հասցրել նախկինում թույլ տրված սխալներից մեկը, որ Հայաստանի զինուժը մտել էր Քելբաջար: Ըստ Կոմանդոսի, Ղարաբաղի զորքը Սամվել Բաբայանի գլխավորությամբ կարող էր Քելբաջարը վերցնել: Իսկ իրագործած սխալով այժմ Ադրբեջանը հնարավորություն ունի շահարկելու հարցը եւ ներկայացնելու, թե իբր Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր այն հանգամանքին, թե, օրինակ, ինչո՞ւ Ղարաբաղի իշխանությունները չեն ըմբոստանում ու չեն հայտարարում, որ իրենք չեն լիազորել Հայաստանին բանակցություններում հանդես գալ իր անունից: Սամվել Բաբայանը նշում է, որ ուղղակի պետք է հասկանալ Ղարաբաղի իրավիճակը. «Նա չի կարող այսօր ըմբոստանալ կամ հարցեր բարձրացնել, բայց վերջին խոսքը նրանն է լինելու»: Վերջինս հիշեցնում է, որ իր ԼՂՀ ՊԲ հրամանատար եղած ժամանակ ինքը բացահայտ հայտարարել է, որ որեւիցե մեկին ԼՂՀ-ն չի լիազորել հանդես գալու իր անունից:

«Այն ժամանակ ոչ մեկը Երեւանին թույլ չի տվել Ստեփանակերտի փոխարեն բանակցություններ վարել», ընդգծում է Բաբայանը:

Լիազորությունների հարցով իր կարծիքը հայտնեց նաեւ ԼՂՀ ԱԳ նախկին նախարարԱրման Մելիքյանը. «Ես որեւէ բան չեմ կարող ասել. ԼՂՀ-ն պետք է ասի, լիազորե՞լ է Հայաստանին հանդես գալու իր փոխարեն բանակցություններում, թե` ոչ: Ողջ գործընթացի ժամանակ Ղարաբաղը իր տեսակետը արտահայտել է առանձին եւ այստեղ ես ԼՂՀ իրավունքների սահմանափակում չեմ տեսնում: Իմ նախարար եղած ժամանակ լիազորման հարց չի եղել: Մենք ազատ ենք եղել միջնորդների հետ շփման ժամանակ»:

Ի դեպ, Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում որեւէ ճակատագրական եւ վտանգավոր զարգացում չի տեսնում Ղարաբաղի նախկին արտգործնախարարը: Վերջինիս կարծիքով` վտանգավոր զարգացում լինելու դեպքում թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում կա բավարար մարդկային ներուժ, որը կընդդիմանա այդ վտանգավոր զարգացումներին:

Կոմանդոսն ու Սամվել Բաբայանը ներկայացրին պատճառը, թե ինչու հայկական զինուժը չկարողացավ ազատագրել Շահումյանը:

Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ 92-ին, երբ հայկական ուժերն ազատագրեցին Շուշին, բավական մեծ ռեսուրս գնաց այդ ուղղությամբ եւ հյուսիսային ուղղությունը որոշակի թուլացել էր: Դրա հետ մեկտեղ, ըստ Կոմանդոսի, ադրբեջանցիները բավական մեծ ուժեր էին կուտակել այդ ուղղությամբ, պատրաստվել էին լուրջ հարձակման, ներգրավելով նաեւ այլազգի վարձկանների: Այդ հանգամանքը, ըստ Կոմանդոսի, մեր հետախուզության թերության պատճառով բաց է մնացել ուշադրությունից: Բացի այդ, ինչպես նշում է գեներալը, վատ իմաստով դեր է խաղացել նաեւ այն, որ այդ ժամանակ որոշակի տարաձայնություններ էին առաջացել ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ:

Հետաքրքրական էր նաեւ գեներալ Սամվել Բաբայանին ուղղված հարցի այն պատասխանը, թե ինչո՞ւ վերջինս որեւէ կերպ չի արձագանքում այն փաստի առնչությամբ, որ իր ազատամարտիկ ընկերներից շատերը գտնվում են բանտերում: Ս. Բաբայանն ասաց, որ այժմ այդ ազատամարտիկների գործերով գնում է դատական գործընթաց, որ ինքը չի կարող միջամտել այդ գործընթացներին, քանի որ դատավոր չէ եւ չի կարող որոշել, թե ով է մեղավոր, ով` ոչ:

Դրանից բացի, ԼՂՀ ՊԲ նախկին նախարարը բերեց մեկ այլ պատճառ եւս. «Երբ ասում եք, որ իմ մարտական ընկերներն են ու ինչո՞ւ ես չեմ զբաղվում նրանց պաշտպանությամբ, ես էլ ասում եմ. «Բա որ ես էլ իրենց մարտական ղեկավարն եմ եղել, ինչի՞ չեն զբաղվել իմ պաշտպանությամբ, երբ ես ձերբակալված էի: Ամեն մեկն ինքն է իր համար փոս փորում»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4