Ռուսաստանը չի պատրաստվում գնալ մեր տարածաշրջանից
Վերականգնվելու միտումներ ցույց տվող ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության բանակցությունների ֆոնին Վրաստանում ծավալվող իրադարձություններն ու տիրող տրամադրությունները շրջապտույտի նմանվելու դրսեւորումներով են արտահայտվում:
Մասնավորապես, օգոստոսյան իրադարձություններից հետո վրաց իշխանությունների հետ ժամանակավորապես իրենց պայքարը դադարեցրած ընդդիմադիրները դեռեւս նոյեմբերի 2-ին վերսկսեցին իրենց բողոքի ակցիաները` երկրի նախագահի հրաժարականը պահանջելու հիմնական լոզունգով: Սակայն ընդդիմության իսկ որոշած վերջնաժամկետը` նոյեմբերի 25-ը, հատել է վաղուց, իսկ քայլեր առանձնակի չեն իրագործվել:
Դրա փոխարեն ավելի հաճախակի են դառնում տարբեր երեւույթների առնչությամբ մեկնաբանությունները Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի մատուցմամբ, որոնցից վերջինն էլ վերաբերում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր Վրաստանին չառաջարկելու հանգամանքին: Մյուս կողմից, նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւս ամբողջությամբ ընդդիմադիր կեցվածք է ընդունել, անգամ արդեն հայտարարել «Շարժում հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին:
Վրաց միասնական ընդդիմությունն էլ, ի դեմս պահպանողական կուսակցության առաջնորդ Կախա Կուկավայի, վստահ է, որ գարնանը Վրաստանում տեղի կունենան ռադիկալ քաղաքական փոփոխություններ, որոնք կարելի է ընդհանրացնել մեկ դրույթում. Վրաստանի նախագահի ձերբակալություն:
«Ժամանակն է գիտակցելու, որ Սաակաշվիլու օրոք երկիրը չունի հեռանկար», վրացական կայքէջերի փոխանցմամբ, հայտարարել է Կուկավան: Ավելին, ըստ նրա, ԱՄՆ նախկին նախագահ Բուշը աջակցում էր Սաակաշվիլուն, իսկ նորընտիր նախագահը` Վրաստանին: Ըստ ընդդիմության, եվրոպական տերությունները Սաակաշվիլու հետ ընդհանրապես խոսել չեն ցանկանում:
Թերեւս այսօրինակ հայտարարություններ անող ընդդիմությունը որոշ ժամանակ անց ավելի շատ կողմնակիցներ կունենա, տարբեր գնահատականներով, վրաց հասարակության մեջ կարող են աճել հակաարեւմտյան տրամադրությունները, քանի որ Վրաստանին չտրվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը, մինչդեռ այս տարվա հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրությունների հետ անցկացված համաժողովրդական հարցման արդյունքում Վրաստանի քաղաքացիների 77 տոկոսը կողմ էր արտահայտվել ՆԱՏO-ին անդամակցելուն:
Առավել հետաքրքրական է, որ եթե ՆԱՏՕ-ն, հայտարարելով Ռուսաստանի հետ համագործակցության բանակցությունների վերսկսման մասին, նշում է նաեւ որեւէ նախապայման չունենալու մասին, ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նախարարական հանդիպմանը Հելսինկիում օգոստոսյան պատերազմը հիմնական քննարկման առարկա է:
Ռուսաստանն էլ պահանջում է վերանայել Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը այն պատճառաբանությամբ, թե նոր իրողությունները նոր մանդատի անհրաժեշտություն են առաջացրել: Թերեւս մանդատի վերանայումը կարող է հավանական դառնալ, քանի որ դրա գործողության ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
Բացի այդ, Ռուսաստանը կրկին, ի հեճուկս եվրատլանտյան երկրների խնդրանք-պահանջների, ի դեմս վարչապետ Վլադիմիր Պուտինի, հայտարարում է, որ Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների ցանկության դեպքում նրանց ամեն օգնություն ցույց կտա անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
Պուտինը «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի ընթացքում նշել է նաեւ, թե Ռուսաստանը կշարունակեր ջանքերը Վրաստանի տարածքային վերամիավորման ուղղությամբ, եթե չլիներ զինված ներխուժումը Հարավային Օսիա: Ավելին, ըստ Պուտինի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ Ռուսաստանի կնքած պայմանագրերը լավագույն երաշխիքն են, որ Ռուսաստանն այդ տարածաշրջանից ոչ մի տեղ գնալ չի պատրաստվում»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ