«Տեղեկանալով Վաշինգտոնից, որ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հետեւողականորեն իրագործելու է իր նախընտրական խոստումները, թուրք կառավարական պաշտոնյաները խելացնոր շտապողականության մեջ են Հայաստանի հետ ինչ-որ համաձայնության գալու` նախքան Օբամայի երդմնառության պաշտոնական արարողությունը հունվարին», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, բերելով հետեւյալ հիմնավորումները.
«Թուրքական իշխանությունները, բախվելով հայկական կողմի վճռականությանը, փոխեցին իրենց մարտավարությունը եւ առավել արդյունավետ միջոցներ սկսեցին կիրառել: Նրանք Վաշինգտոնում այն տպավորությունն են ցանկանում թողնել, որ հայերն ու թուրքերը լավ առաջընթաց են արձանագրում իրենց տարաձայնությունները հարթելու գործում, որքան էլ դա իրականությանը չհամապատասխանի:
Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նոյեմբերի 24-ի այցը Թուրքիա նրանք ներկայացրին որպես Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ հարաբերությունների բարելավման քննարկումներ հետապնդող այցելություն: Նրան շնորհված արտակարգ ընդունելությունն էլ այդ նպատակին էր ծառայում: Թուրքական իշխանություններն ու լրատվամիջոցները ամեն առիթով նշում են, որ Հայաստանի նախագահը շուտով այցելելու է Թուրքիա, տպավորություն ստեղծելով, թե իբր ամեն ինչ հարթ է ընթանում եւ կարգավորվում է: Մինչդեռ ՀՀ նախագահի այցելությունը, եթե կայանա, տեղի է ունենալու հոկտեմբերին, երբ երկու երկրների ֆուտբոլի ազգային թիմերը դարձյալ հանդիպեն, այս անգամ թուրքական մարզադաշտում:
Երրորդ կեղծիքը տարածված այն լուրն է, թե իբր Հայաստանը ընդունել է պատմաբանների խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը, մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ նման խմբի ստեղծումը «բացարձակապես անհրաժեշտ չէր»:
Եվ վերջապես անցյալ շաբաթ թուրքական իշխանությունները տարածեցին այն լուրը, թե իբր Վրաստանում իրենց դեսպանին տալու են նաեւ Հայաստանին հավատարմագիր հանձնելու լիազորությունները: Սա խիստ խելամիտ քայլ էր, որի նպատակն էր, երեւի, ցույց տալ, որ Թուրքիան լուրջ միջոցառումներ է գործի դնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բնագավառում:
Միաժամանակ «Թրքիշ էրլայնզ» օդագնացության ընկերությունը հայտարարեց, որ սկսելու է չարտերային թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, դարձյալ ստեղծելով այն թյուր տպավորությունը, թե հարաբերությունները երկու երկրների միջեւ բարելավվում են:
Ի պաշտպանություն իրենց կառավարության նմանատիպ քարոզչական քաղաքականության, թուրքական թերթերը մեկը մյուսի հետեւից հարցազրուցներ են տպագրում հայ եւ թուրք գործարարների հետ, որոնք համատեղ գործունեություն են ծավալում, հավաստիացնելով, որ Հայաստանի տնտեսական վիճակը կբարելավվի, հենց որ սահմանները բացվեն երկու երկրների միջեւ: Այս լրատվամիջոցները, սակայն, հարցազրույցներ չեն անցկացնում այն հայերի հետ, որոնք Հայոց ցեղասպանության հարցում արդարություն եւ փոխհատուցում են պահանջում:
Ցավալի է, որ որոշ հայ անհատներ, իրենց նեղ, անձնական շահերից ելնելով, այնպիսի հայտարարություններ են անում, որոնք հաստատում են Թուրքիայի կառավարական շրջանների ստեղծած այն կեղծ տպավորությունը, թե իբր ամեն տարակարծություն հետզհետե հարթվում է երկու երկրների միջեւ, եւ երրորդ երկրները (օրինակ` Միացյալ Նահանգները) կարիք չունեն այնպիսի նախաձեռնություններով հանդես գալու, որոնք կխոչընդոտեն նորափթիթ բարեկամությանը:
Հայերն աշխարհով մեկ պետք է շարունակեն պայքարել այս թյուր տպավորությունների դեմ, մինչեւ թուրքերը պահանջներ դնելու փոխարեն սկսեն լրջորեն զբաղվել բարեփոխություններ կատարելով իրենց երկրում»:
Թարգմ. Հ. Ծ.