Երեկ «Հայելի» ակումբում դերասան Ազատ Գասպարյանն ու տիկնիկային թատրոնի գեղղեկ Ռուբեն Բաբայանն անդրադարձան թատրոնի խնդիրներին ու դերասանների աշխատավարձերին:
«Եթե դերասանը, բեմադրիչը ապահովված լինեին, իրենց թույլ չէին տա նկարահանվել սերիալներում: Մեզ ստիպեցին, որ մեր արժանապատվությունը մի կողմ դնենք», ասացԱզատ Գասպարյանը: Նա գնահատական տվեց նաեւ դատավորների աշխատավարձերը կրկնապատկելու մասին ԱԺ ընդունած նախագծին. «Տեսան, որ 30-40 հազար դրամով արվեստագետները սովից չմեռան, այս տարի էլ աշխատավարձերը չբարձրացրին: 20 տարի ափ նետած ձկան նման հազիվ շնչում ենք, իսկ դատավորները, դատախազներն ու քննիչներըՙ կուշտ ապրում»: Դերասանը վստահ է, որ իրենց հանդեպ այդ մոտեցման պատճառով երիտասարդ սերունդը հիասթափվում է արվեստից:
Տիկնիկային թատրոնի գեղղեկՌուբեն Բաբայանիկարծիքով խնդիրը հասել է վտանգավոր սահմանիՙ իշխանական օղակներից իջնելով մինչեւ հասարակություն. «Չենք գիտակցում, թե ինչ մեծ դեր ունի մշակույթը կիրթ հասարակություն ունենալու գործում»:
Որոշ ժամանակ առաջ ԿԳ նախարարությունն արգելեց ներկայացումների տոմսերը դպրոցներում վաճառելը` այն որակելով դրամահավաքություն: Դիմել են ԿԳ նախարարին, ԱԺ մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահին, սակայն ապարդյուն: Բանախոսն առաջարկեց երկխոսության միջոցով քննարկել խնդիրներն ու լուծումներ ներկայացնել:
Հայկական մշակույթի օրեր Սիրիայում
«Շատ եմ կարեւորում նմանատիպ միջոցառումներըՙ ազգի ճանաչման լավագույն ձեւը մշակույթն է: Այսօր ոչ միայն իրար ճանաչելու, այլեւ հասկանալու կարիք ունենք: Եթե ոչ մշակույթի լեզվով, ապա ինչպես կարելի է միմյանց ճանաչել», ասաց Ռ. Բաբայանը եւ շարունակեց. «Հանդես եկանք Դամասկոսում, Լաթաքիայում եւ Հալեպումՙ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա պատրաստած «Հենց էն հուռին» եւ «Անհաղթ աքլոր» ներկայացումներով: Ի դեպ վերջին ներկայացումը Լաթաքիայում խաղացինք նաեւ արաբերեն լեզվով, որը հաճելի անակնկալ էր տեղի հանդիսականների համար: Իհարկե ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Սակայն Հալեպում Հայաստանի հյուպատոսարանի գործունեությունը թերեւս ուղեւորության տխուր երեւույթներից էր: Նրանք բացարձակապես անուշադրության մատնեցին տիկնիկային թատրոնի ելույթները: Հալեպում բավականին մեծ հայկական համայնք կա, գործում է մոտավորապես 15 հայկական դպրոց եւ կարելի էր ավելի լավ կազմակերպել: Արդյունքը եղավ այն, որ 400 հոգանոց դահլիճն ընդամենը 80 տոկոսով էր լցված հանդիսականներով: Ու շատ-շատերը դժգոհեցին` որովհետեւ չկարողացան տեսնել ներկայացումները: Ամեն օր չէ, որ տեղի են ունենում նմանատիպ մշակութային օրեր», դժգոհեց Ռուբեն Բաբայանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ