Հայ երիտասարդությանը, Հայաստանի իշխանություններին
Մենք` «21-րդ դար. հայ ժողովրդի ազգային շահերը եւ երիտասարդությունը» համահայկական երիտասարդական գիտաժողովի մասնակիցներս եւ կազմակերպիչներս,
- ելնելով ՀՀ նախագահի` ժողովրդին եւ Ազգային Ժողովին ուղղված առաջին ուղերձի դրույթներից,
- արտահայտելով ավելի քան ութսուն հայկական երիտասարդական կազմակերպությունների, կենտրոնների ու ակումբների միասնական կամքն ու վճռականությունը,
- ակնկալելով հայրենի իշխանությունների աջակցությունն ու վստահությունը,
- գիտակցելով հայ երիտասարդության դերն ու նշանակությունն ազգային ու պետական խնդիրների լուծման գործում, ինչպես նաեւ սեփական պատասխանատվությունը հայ ժողովրդի ու նրա ապագա սերունդների առջեւ,
- հավաստելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը Հայրենիքին ու հազարամյակների խորքից ժառանգած նախնյաց արժեքներին,
հայտարարում ենք.
* Մենք պատրաստակամ ենք սատարելու եւ մեր ակտիվ մասնակցությունն ունենալու ՀՀ նախագահի ուղերձի, որպես մեր երկրի այսօրվա եւ վաղվա անելիքների ու պարտականությունների հստակ եւ գործուն ծրագրի դրույթների իրագործման հարցում եւ կոչ ենք անում հայ երիտասարդությանը` յուրաքանչյուրն իր մասնագիտության եւ գործունեության սահմաններում դրսեւորել կամք, ակտիվ կենսադիրքորոշում համապետական եւ համաժողովրդական կարեւորություն ունեցող այդ խնդիրների կատարման ուղղությամբ:
* Մեր գործունեությամբ այսուհետեւ եւս նպաստելու ենք հայ երիտասարդության համախմբմանը ազգային արժեքների ու գաղափարների շուրջը, հանդես ենք գալու երիտասարդության ոլորտում խորապես հիմնավորված ու իմաստավորված, Հայրենիքի մրցունակության ռազմավարական տեսանկյունից կայուն ու հեռանկարային պետական քաղաքականության իրականացման օգտին:
* Կարեւորում ենք երկրի հասարակական, քաղաքական կյանքին երիտասարդության մասնակցությունն ու պետական շինարարության գործում երիտասարդ մարդկանց պարտադիր դերակատարությունը, որն անփոխարինելի է ազատ եւ նոր հազարամյակին համընթաց քայլող հասարակություն ձեւավորելու ճանապարհին:
* Հաստատակամ ենք բարելավելու համագործակցային դաշտը հայկական երիտասարդական կառույցների միջեւ, սեփական ներուժի արդյունավետ օգտագործման հաշվին կատարելագործելու Հայրենիք-Սփյուռք գործակցության գաղափարական ու կազմակերպական դաշտը:
* Կոչ ենք անում Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդությանը լցվելու հավատով ու վճռականությամբ մեր պետության վաղվա օրվա ու մեր ապագայի նկատմամբ, ցուցաբերել ակտիվ կենսադիրքորոշում, տիրոջ իրավունք ու տիրական վերաբերմունք հանդես բերել հայրենիքի հանդեպ, նախապատրաստվել վաղվա օրվան եւ պատվով ստանձնել ազգի ու պետության բեռը ուսերին կրելու եւ հայորդաց հաջորդ սերնդին փոխանցելու մեզ բաժին ընկած սուրբ պարտականությունը:
* Հայ երիտասարդության անունից, երկրի ապագա տիրոջ իրավունքով, մեր ուսերին կրելով նրա ճակատագրի հիմնական պատասխանատվությունը, նպատակադրված ենք մեր վճռական մասնակցությամբ նպաստել ամուր, հզոր պետականության կերտմանը` հետագա սերունդներին թողնելով կայացած պետական կարգ ու կառավարման համակարգ, զարգացած ու բարգավաճող տնտեսություն, միջազգային վարկ ու հեղինակություն վայելող, տարածաշրջանում ազդեցիկ ու իր կեցվածքով վճռորոշ դեր ունեցող զորեղ պետություն:
* Հռչակում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու ազգային-պետական շահերով առաջնորդվող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, պետական կառույցների հետ` ի շահ մեր ժողովրդի ու մեր պետության ապագայի:
Կազմակերպիչներ`
Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն
Երիտասարդական ակումբների դաշնություն
Աջակցությամբ`
Համաշխարհային հայկական կոնգրեսի
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Ծաղկաձոր, հոկտեմբեր, 2008
Ծանոթություն. սույն ուղերձն ընդունվել է վերոհիշյալ գիտաժողովի ընթացքում, հոկտեմբերի 21-ին, եւ նախագիծն ուղարկվել է Հայաստանում ու սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպություններին: Նրանց դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա ուղերձը խմբագրվել է` արտահայտելով նաեւ այն երիտասարդների կամքն ու ցանկությունը, որոնք չկարողացան մասնակցել գիտաժողովին: