«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


«ՕՍՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՂ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ ՀԱՅԵՐԸ»

Հայտարարել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին

 «Ազգը»նախորդ համարում «Նախաձեռնողներից ոչ ոք «ցեղասպանություն» բառը չի օգտագործում» վերնագրով անդրադարձել էր «հայերից ներողություն խնդրելու» նպատակով ինտերնետային ստորագրահավաք կազմակերպելու չորս թուրք մտավորականների նախաձեռնությանը: Միաժամանակ նշվել էր, որ այս նախաձեռնությունն ընդամենն ընդունելի է դարձնում թուրքական ժխտողականությունը, թերեւս դրանով մեծացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու թուրքական պետական առաջադրանքի արդյունավետությունը:

Այլ կերպ, «հայերից ներողություն խնդրելու» պարագայում նախաձեռնողների խնդիրն ամենեւին ցեղասպանության ճանաչումը չէ, այլ 1915-ի իրադարձությունների հանգեցումը ցեղասպանությունից էապես տարբերվող «Մեծ աղետի», որը, հենց ստորագրահավաքի կազմակերպիչ Ջենգիզ Աքթարի արտահայտությամբ, իրենքՙ հայերն են օգտագործում: Աքթարին լրացնում է Բասքըն Օրանը. «Համոզված եմ, որ այս (1915-ի իրադարձությունների բնութագրումը որպես ցեղասպանություն ե՛ւ գիտականորեն, ե՛ւ քաղաքականապես սխալ է»:

Չնայած պատմական ճշմարտությունը ստորագրահավաքով աղավաղելու հաշվենկատ փորձերին, հակազդեցությունից չեն խուսափել վերոհիշյալ չորս մտավորականները, որոնք նախքան նախաձեռնությունը «հայամետի» համարում ունեին ինչպես աջ, այնպես էլ ձախ քեմալականների շրջանում: Վերջիններին գլխավորում է պաշտոնապես սոցիալ-դեմոկրատական կոչվող, «Սոցինտերնի» անդամ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Իսկ աջ քեմալականներին գլխավորելու հավակնություն է դրսեւորում «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունըՙ Ազգայնական շարժում կուսակցությունը:

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների նկատմամբ քեմալականության անհանդորժողականությունը սոցիալ-դեմոկրատներին միավորում է նեոֆաշիստ ազգայնամոլների հետ: Հայկական դավադրության որոնումներն ընդհանուր են դառնում միմյանց հետ հայատյացության մրցակցություն ծավալող այս կուսակցությունների համար, որոնցից Ազգայնական շարժումըՙ ի դեմս գլխավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի, հակազդեցությամբ առաջինն է արձագանքում «հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքին եւ կտրականապես դատապարտում է նախաձեռնությունը:

Բահչելիի արձագանքը կարեւորվում է այն առումով, որ նրա Ազգայնական շարժում կուսակցությունը զբաղեցրած տեղերի քանակով երրորդ քաղաքական կազմակերպությունն է Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Ինչ վերաբերում է արձագանքի բովանդակությանը, ապա դա էլ երեւան է հանում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ հայերի եւ Հայաստանի նկատմամբ թուրքական խորհրդարանում առկա նկրտումները, որոնք նաեւ հասարակականի երանգ են կրում, քանի որ քաղաքական յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է հասարակության որոշակի հատվածին:

Բահչելիի արձագանքի մասին դեկտեմբերի 7-ի համարում տեղեկացրել է ինտերնետային «Սոնսայֆա» թերթը: Ըստ թերթի, վերջինը հաղորդագրություն է տարածել, որտեղ «հողային պահանջներից չհրաժարվող Հայաստանի առջեւ սահմանները բացելու պատրաստակամության եւ վերջինի հետ դիվանագիտական շփումներ» հաստատելու համար խստագույնս դատապարտել է վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, ապա եւ այլասերվածության ցուցանիշ է համարել 4 մտավորականներիՙ հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությունը:

Բահչելին ասել է. «Վերջին տարիներին հանուն պատմության հետ առերեսման «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը միակողմանի զիջողության հակումներով ազդարարում է մեր նախնիներին դատաստանի առջեւ կանգնեցնելու գործընթացի մեկնարկը: Զարգացումները ցույց են տալիս, որ այսպես կոչված ցեղասպանությունից բխող անարգանքն ու զրպարտությունները հանդուրժող կառավարության շուրջը պաշարման օղակ է ձեւավորվում եւ կիրառման մեջ է դրվում այդ օղակն աստիճանաբար սեղմելու սցենարը: Ստորագրահավաքի պատմական ճշմարտությունները կատարելապես անտեսող, բարեգթությունից եւ արդարամտությունից զուրկ նախաձեռնությունն արգասիք է անտեղյակության արյունահեղ այն իրադարձությունների, որոնք Օսմանյան կայսրությունում պատճառել են իմպերիալիզմի ձեռքին գործիք դարձած հայ հպատակները: Որեւէ հանցանք չենք կատարել, որ ներողություն խնդրենք: Օսմանյան կայսրության նահանջի հետ արյունահեղ կոտորածների, մշտական բռնությունների, անվերջ արտագաղթերի ենթարկված թուրք ազգը, պահելով սրտի խորքում պատմական այս իրադարձությունների վիշտը, մի նոր դուռ բացեց աշխարհի համար: Մեր նախնիների հիշատակն անարգելու, նրանց իբրեւ հանցագործ ներկայացնելու իրավունքը տրված չէ որեւէ մեկին: Սակայն պետք է ճշտել ներողության հարցը, թե ով ումից է խնդրելու: Ահաբեկչության զոհը դարձած օսմանյան պետական գործիչների, սպանված թուրք դիվանագետների, դեռեւս վերքերը չսպիացած Ղարաբաղի կոտորածների համար ներողություն ակնկալելը, հայերի բռնություններին ենթարկված մեր ազգի ամենատարրական եւ պատմական իրավունքն է: Ամեն պատեհ առիթի դեպքում ցեղասպանության 100-ամյա ստին դիմող հայերը պարտավոր են խոստովանել եւ ընդունել ընդամենը 16 տարի առաջ Ադրբեջանում իրենց կատարած մարդկային սոսկալի վայրենությունը, պետք է ազատեն գրավյալ տարածքները: Արժանապատվությունն անարգող այս վիրավորանքն անընդունելի է, իսկ հարաբերությունների զարգացումըՙ անհնար այս պարտադրանքով եւ զիջումներով»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4