Թուրքերը գրում են «Ֆրանսիայի հերթական անամոթության մասին»
Ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, որը Նիկոլա Սարկոզիի զինակիցներից է եւ նրա նախագահ ընտրվելուց հետո գլխավորում էր նրա «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը, անցյալ շաբաթավերջին հրաժարվել է կուսակցության առաջնորդի պաշտոնից` իրեն առաջարկված տնտեսության վերաշխուժացման նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար: «Պարիզիեն» թերթը տեղեկացնում է, որ նախագահ Սարկոզին դեմ է կուսակցական եւ նախարարական պաշտոնների համատեղմանը:
Եվ արդեն դեկտեմբերի 8-ին «Ժողովրդական շարժման միության» ժամանակավոր առաջնորդի պաշտոնում հաստատվել է Քսավյե Բեռնարի թեկնածությունը, որը մինչ այդ Ֆրանսիայի աշխատանքի նախարարն էր: «Ֆիգարո» թերթը գրում է, որ Պատրիկ Դեւեջյանը հույս ունի երկրի տնտեսական կյանքի վերաշխուժացման ծրագրերն Ազգային ժողովում անցկացնել առանց լուրջ խոչընդոտների: Նրա խոսքերով, վերաշխուժացման նպատակով հատկացված 26 մլրդ եվրոն տարբեր նախարարությունները պարտավոր են օգտագործել համակարգված ձեւով, շեշտը դնելով նոր նախագծերի վրա:
Նյու Յորքի «Թրքիշ նյուզ» կայքը Պատրիկ Դեւեջյանի նշանակմանն անդրադարձել է «Ֆրանսիայի հերթական անամոթությունը. ԱՍԱԼԱ-ի նախկին դատապաշտպանը դարձավ նախարար» թունոտ հրապարակմամբ: Թուրքական այդ աղբյուրը, անկասկած, ակնարկում է Դեւեջյանի իրավաբանական եւ պատգամավորական հայանպաստ գործունեությունը: