Եթե շարունակվի այն նույն գործելակերպը, որ որդեգրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որոշ ժամանակ անց արդեն Վրաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իր կենսագրականում գոնե մի քանի օր նախարար աշխատած լինելու գրանցում կկարողանա անել:
Երբ ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նախորդ շաբաթավերջին հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին, դեռեւս նոյեմբերի 1-ին փոփոխությունների ենթարկված Վրաստանի կառավարությունում սպասվելիք կադրային նոր փոփոխություններից սկսեց խոսել երկրի վարչապետը: Վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլու ներկայացմամբ, Աբաշիձեին առաջարկվել է Վրաստանի մշակույթի նախարարի պաշտոնը, որից մինչեւ 2004-ի սկիզբը Ռուսաստանում Վրաստանի դեսպան աշխատած Աբաշիձեն հրաժարվել է:
Կրթության նախարար Գիա Նոդիային կփոխարինի Նիկա Գվարամիան, որ մինչեւ նոյեմբերի 1-ի կադրային փոփոխությունները զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախարարին իր պաշտոնում փոխարինել է տեղակալ Բաթու Կուտելիան, արտգործնախարար է դարձել մշակույթի նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Հետաքրքրական է, որ Վաշաձեն արդեն իսկ հայտարարել է, թե Վրաստանի բոլոր դեսպաններին եւ փոխարտգործնախարարներին կառաջարկվի հրաժարական տալ: Այս ամենով հանդերձ, երկար տարիներ Ռուսաստանի, իսկ 2007-ից նաեւ Վրաստանի քաղաքացիություն ունեցող Վաշաձեն նշել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի լինելու:
Միեւնույն ժամանակ, հավանական է, որ Վրաստանի դեսպանը վերադառնա Ռուսաստան, բայց «Ռուսաստանի երեք դեսպանություն Վրաստանի տարածքում չի լինի»: Իսկ մինչ այդ Շվեյցարիան, Մոսկվայի եւ Թբիլիսիի հետ երկկողմ համաձայնությամբ, պաշտոնապես համաձայնել է ներկայացնել Ռուսաստանի շահերը Վրաստանում:
Ա. Հ.
Հ.Գ. Այսօր պաշտոնական այցելությամբ Վրաստանում է Հայաստանի վարչապետը: Նախորդ անգամ, երբ պատրաստվում էր այցելությունը, Վրաստանում փոխվեց վարչապետը: Հուսանք, որ այսօր այդօրինակ փոփոխություն չի լինի` ի շարս նախարարական փոփոխությունների: