Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստն այսօր ու վաղը տեղի կունենա Երեւանում եւ Սեւանում: Օրակարգում ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության հեռանկարներն են ու կազմակերպության զարգացման հարցեր: Այս մասին երեկ ՀԱՊԿ երեւանյան գրասենյակում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալՏոկտասին Բուզուբաեւը:
Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն նաեւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի համատեղ ջանքերին, «Կանալ» օպերատիվ-պրոֆիլակտիկ գործողության շրջանակներում թմրամիջոցների դեմ ուղղված պայքարի ուժեղացմանը, անօրինական միգրացիային հակազդելուն վերաբերող հարցեր: Օրակարգում են նաեւ տեխնածին ու բնական արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետեւանքների վերացման հավաքական ներուժի ձեւավորման եւ այլ հարցեր:
Ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախագահի ստորագրությանը մոտ օրերս, ըստ Բուզուբաեւի, կներկայացվի քարտուղարության մշակած միջոցառումների ծրագիրը: Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշեց, որ մոտավորապես դեկտեմբերի 20-ին Ղազախստանի նախագահն առաջարկել է արդեն նախագահների մակարդակով հանդիպել Աստանայում:
Պատասխանելով լրագրողների հարցերին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանի առնչությամբ նշեց, որ բարեբախտաբար երկիրը գտնվում է թմրամիջոցների, անօրինական միգրացիայի հիմնական ուղիներից դուրս: Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-Եվրոմիություն համագործակցության առնչությամբ մոտեցումների պարզաբանման առումով Բուզուբաեւը ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն որեւէ խնդիր չի տեսնում կազմակերպության անդամ երկրների եւ այլ կառույցների համագործակցության մեջ, միայն թե չլինեն ՀԱՊԿ գործող սկզբունքներին հակասող սկզբունքներով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ