Մեր պարտեզում ծաղիկներ կան
Տարբեր գույնի, տարբեր ձեւի
Ո՜նց են բուրում, ո՜նց են ժպտում
Ծաղիկները մեր պարտեզի:
Բանաստեղծական այս տողերը պատկանում են 10-ամյա Լիլիթ Սաքոյանին: Նրա առաջին ու վերջին «Փշրված անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուում փոքրիկ աղջնակը երգել է երազանքների, խաղալիքների, սիրելի քաղաքի ու հարազատ դարձած դպրոցի մասին:
Զարմանալի է, թե ինչպես է 10-ամյա աղջնակի հոգին փոթորկել Արցախի ճակատագիրը:
«Մեծ ցավ ես ապրել, սակայն կաս, կապրես/Քեզ հետ են բոլոր հայերն աշխարհի/Արցախ հայկական, մեր մարմնի մասնիկ/Հայոց գալիքի պայծառ երաշխիք»:
Լուսանկարից մեզ նայող մանկական անմեղությամբ աչքերը կարծես արտահայտում են ուրախություն ու միաժամանակ տրտմություն: Զայրույթով ես լցվում ճակատագրի, իրականության նկատմամբ ու հերթական անգամ փաստում, որ մահը զորեղ ու անխիղճ երեւույթ է: Մինչդեռ Լիլիթի հոգում այնքան սեր, կյանք ու ջերմություն կար, որոնք լավագույն կերպով արտահայտվել են ստեղծագործություններում: Բանաստեղծություններից մեկում փոքրիկ արվեստագետը գրում է, թե երազում է տեսնել «քնքուշ Փարիզն» ու հավելում.
«Դեռ փոքրիկ եմ, դեռ կհասցնեմ...»:
Սակայն Լիլիթի իղձերն էլ հազարավոր գյումրեցիների ցանկությունների հետ միահյուսվեցին ու անկատար երկինք բարձրացան: Այժմ Լիլիթ Սաքոյանը 30 տարեկան կլիներ ու երեւի մարդկությանը կնվիրեր ավելի հասուն ստեղծագործություններ, եթե չլիներ... դեկտեմբերի 7-ը: Լիլիթի բանաստեղծությունները գյումրեցիների, իսկ ավելի ուշ նաեւ բոլոր փոքրիկների համար վերածվեցին ապրելու, սիրելու պատգամի, կյանքի խորհրդի:
Իր ստեղծագործություններով Լիլիթը մասնակցեց Շուշիի առաջին դպրոցի հիմնադրմանը: Ֆոնդին փոխանցվեց «Փշրված անուրջներ» գրքի վաճառքի ողջ հասույթը, որպեսզի այլ մանուկներ կարողանան դպրոց հաճախել:
1992-ին «Փշրված անուրջներն» արժանացել է «Հայ գրող» պաշտոնաթերթի, իսկ 1993-ին Իտալիայում «Միքելե Կոսուի» մրցանակներին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ