Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ծննդյան 80-ամյակի առթիվ
Գիտամշակութային մեծ նվաճումներով աշխարհին հայտնի մեր ժողովուրդը աչքի է ընկել վառ անհատականություններով ու նվիրյալներով, որոնք անմնացորդ ծառայել ու ծառայում են իրենց հայրենի երկրին ու ժողովրդին: Այդ մարդկանց համար հաստատուն ու հանրօգուտ նկարագիր ունենալը գոյատեւումի երանելի իմաստ է, ընտրած բնագավառների խոր իմացություն: Այս բարձր հատկանիշների ներդաշնակությունը կերպավորված է կատարյալ հայի ու քաղաքացու, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական համակարգի տաղանդավոր կազմակերպիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանի կյանքի 80-ամյա տարեգրության մեջ:
Նա ծնվել է Գորիսում: Քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել 1952-ին: Նույն թվականին կարճ ժամանակով աշխատանքի է անցել «Խորհրդային Հայաստան» թերթում որպես գրական աշխատող, բայց շատ չանցած գործուղվել է հարազատ ծննդավայր որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար: Հաջորդ տարվանից նա աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում, նախ որպես հրահանգիչ, ապա բաժնի վարիչ: 1957-ին ընտրվում է նույն շրջկոմի գաղափարական գծով քարտուղար:
1959-ին Հ. Սիմոնյանը մեկնում է Մոսկվա եւ ընդունվում ԽՍՀՄ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան, որն ավարտում է 1962-ին, այնտեղ էլ նույն տարում պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն եւ հրատարակում իր առաջին գիտական աշխատությունը: Գալով Երեւան, նա աշխատանքի է անցնում ՀԿԿ կենտկոմի կուսպատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1966-1977 թթ. Հ. Սիմոնյանն աշխատել է ՀԿԿ կենտկոմումՙ դասախոսական խմբի ղեկավարի եւ բաժնի վարիչի առաջին տեղակալի պաշտոններում: 1977-1990 թթ. նա գլխավորել է նշված ինստիտուտի կոլեկտիվի աշխատանքը: 1990-1991 թթ. վարել է ՀՀ ԳԱԱ պատմության եւ տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը, իսկ 1991-1994 թթ. եղել է հայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ: 1994-2007 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական էր, միաժամանակ 1999-2003 թթ. ղեկավարելով Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնը: Տարբեր տարիներ եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ:
Հ. Սիմոնյանը եղել է շրջանային եւ քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ կենտկոմի անդամ: Նա հասարակական ակտիվ աշխատանքներ է կատարելՙ լինելով բազմաթիվ գիտական խորհուրդների, գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների կազմում, եղել է Հայաստանի ժողովրդական համալսարանների հանրապետական խորհրդի, Հայաստանի մտավորականության խորհրդի նախագահ եւ այլն:
1960-ական թվականներին Սիմոնյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը հայկական սփյուռքն էր, հատկապես այնտեղ գործող հայ քաղաքական ուժերը, նրանց գործունեությունը, փոխհարաբերությունները, Խորհրդային Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Ուսումնասիրությունների արդյունքում 1968-ին հրատարակվում է նրա «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» գիրքը:
1970-ական թվականների սկզբներից Սիմոնյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում եղել են քաղաքական-փիլիսոփայական բնույթի հարցերը: Նա ընթերցողներին է ներկայացնում ծավալուն մենագրություններՙ «Ինդուստրիալ հասարակության տեսությունները» (1973 թ.), «Արդի բուրժուական գաղափարախոսության քննադատական ուրվագծեր» (երկու հատորով, 1977 թ.), «Գիտատեխնիկական հեղափոխությունը եւ նրա սոցիալական հետեւանքները» (1982 թ.) եւ այլն: Այդ աշխատությունների հեղինակը ընթերցողներին էր ներկայացնում բուրժուական գաղափարական մի շարք ուղղությունների ծագման ու զարգացման պատմությունը, հետեւում նրանց հետագա փոխակերպումների փուլերին, բացահայտում դրանց սոցիալ-դասակարգային էությունը:
Գիտական մեծ արժեք է ներկայացնում հեղինակի 1980 թ. հրատարակած «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը եւ քաղաքականությունը» ուսումնասիրությունը, որում հանգամանորեն բացահայտված են այդ գաղափարախոսության հիմնական բաղադրիչներըՙ օսմանիզմ, իսլամիզմ, պանիսլամիզմ, թուրքիզմ, պանթուրքիզմ: Խորությամբ վերլուծելով հատկապես պանթուրքիզմի էությունը (ծայրահեղ շովինիզմ եւ մարդատյաց ռասիզմ), հեղինակը կատարել է կարեւոր եզրահանգումներ:
Գիտնականը միաժամանակ շարունակում էր Հայաստանի եւ Անդրկովկասի կոմունիստական շարժման պատմության վերաբերյալ հանդես գալ բազմաթիվ հրապարակումներով, եղել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (Երեւան), «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (Թիֆլիս) կոլեկտիվ աշխատությունների ստեղծողներից մեկը եւ ընդհանրապես այդ տարիներին համարվում էր նշված թեմատիկայի խոշոր մասնագետներից մեկն Անդրկովկասում:
1970-ականների վերջերից Հ. Սիմոնյանի գիտական ուսումնասիրությունների միակ բնագավառը դառնում է հայագիտությունը: Մի շարք հրապարակումներից հետո` 1991 թ. լույս է տեսնում նրա «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» մենագրությունը: 1996-ին երկու ստվարածավալ գրքերով ընթերցողների սեղանին է դրվում «Անդրանիկի ժամանակը» մեծարժեք աշխատությունըՙ գրված հայ ազգային-ազատագրական շարժման լայն համայնապատկերի վրա: Մենագրությունում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել հարյուրավոր նորահայտ արխիվային փաստաթղթեր եւ նյութեր: Աշխատությունը միանգամայն նոր խոսք է ազգային հերոսի կյանքի ու մարտական անցած ուղու մասին: Շարունակելով հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության խորքային պեղումները, Հ. Սիմոնյանը ստեղծում է «Ազատագրական պայքարի ուղիներում» քառահատոր աշխատությունը, որի առաջին երկու հատորները լույս են տեսել 2003-ին, իսկ մյուս երկուսը պատրաստ են տպագրության: Ժամանակաշրջանի համաշխարհային իրադարձությունների լույսի ներքո այնտեղ բացահայտված են 1905-1914 թթ. հայոց պատմության նորանոր շերտեր: Այս ամենին հավելենք, որ 2009-ի ապրիլին լրանում է Կիլիկիայի հայերի ջարդերի 100- ամյակը եւ այդ առիթով շուտով լույս կտեսնի գիտնականի «Կիլիկիահայերի կոտորածները» ծավալուն մենագրությունը:
Ինչպես տեսնում ենքՙ նշանավոր գիտնականի կեսդարյա վաստակը ծանրակշիռ է եւ ուսանելի: 1970-ին Հ. Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, իսկ մեկ տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում: Գիտության մեջ ներդրած ավանդի համար նա 1986-ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1996-ինՙ իսկական անդամ:
Հայ ժողովրդի նորագույն ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից Հ. Սիմոնյանը արցախցիների կողքին էր: Քաջատեղյակ լինելով կովկասյան Հայաստանը բաժան-բաժան անելու պատմությանը, նա իր գրչով ճշմարտությունը հաղորդում էր ժողովրդին: Չեն մոռացվել այդ տարիների նրա տասնյակ հոդվածներն ու հրապարակային ելույթները, որոնք խանդավառում էին մարդկանց: Լինելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նա հեղինակել եւ քննարկման է ներկայացրել որոշումների բազմաթիվ նախագծեր: Այդ տարիների պատմության շատ վավերագրեր ու նյութեր, որոնք նաեւ արտացոլում են քաղաքական գործչի ու գիտնականի գործունեությունը, պահպանվում են ՀՀ ազգային արխիվում (տե՛ս «Հ. Սիմոնյանի ֆոնդ»):
1964 թվականից Հ. Սիմոնյանը Երեւանի պետական համալսարանում եւ հանրապետության ուրիշ բուհերում դասավանդել է պատմություն եւ փիլիսոփայություն, ղեկավար մասնակցություն է ունեցել բուհական դասագրքերի եւ ծրագրերի ստեղծմանը: Նա գիտական զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Բաքվում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլուրՙ ըստ արժանվույն ներկայացնելով հայրենի գիտության նվաճումները: Նրա գրվածքներից մի քանիսը լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում:
Ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը բացառիկ ունակություններով օժտված անհատականություն է: Հարգանքի է արժանի նրա աշխատասիրությունը: Նա մտավորականի բարձր տիպար էՙ պարզ, անկեղծ ու բարյացակամ:
Սրտանց շնորհավորելով բազմավաստակ ու մեծանուն գիտնականի ծննդյան 80-ամյա հոբելյանը, նրան ցանկանում ենք նորանոր հաջողություններ, արեւշատություն եւ բեղուն ստեղծագործական աշխատանք:
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր