«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


Killer Queen-Ը 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ WBA, WIBF ՉԵՄՊԻՈՆԻ ԻՐ ՏԻՏՂՈՍԸ

«Այս մրցապայքարը մեծ մարտահրավեր է Սյուզիի համար. Տոկտաուլովան ոչ մի անգամ նոկաուտ չի եղել: Ուրեմն Սյուզին առիթ ունի փաստելու, որ կարող է տեխնիկապես լավ բռնցքամարտ ցույց տալ ու փայլել», դեկտեմբերի 5-ին, նախքան մրցամարտը սկսվելը, Pro Sieben-ի եթերից հաղորդեց բռնցքամարտի թագուհի Ռեգինա Հալմիխը, որ մեծ սպորտը թողնելուց հետո հեռուստատեսության համար բռնցքամարտի մեկնաբան է աշխատում:

Հալլե-Զաալեի Բրանդբերգե մարզադահլիճում Սյուզի Քենտիկյանը 8-րդ անգամ պաշտպանեց աշխարհի WBA, WIBF չեմպիոնի իր տիտղոսըՙ ռուս Անաստասիա Տոկտաուլովայի դեմՙ 10 ռաունդ տեւած մրցապայքարում:

Հենց սկզբից երեւաց, որ 31-ամյա 1,60 սմ հասակ ունեցող, 50,1 կգ կշիռ Անաստասիա Տոկտաուլովան արտասահմանում մեծ փորձառություն էր կուտակել, «մինչեւ վերջին թելը մարզված էր» եւ ուժեղ հարվածներ կարող էր տեղալ: Պրոֆեսիոնալ ռինգում նրա 10 տարին իզուր չէր անցել, ինչպես մեկնաբաններ Ռեգինա Հալմիխն ու Մաթթիաս Պրոյսը նշեցին, 21-ամյա 1,55 սմ հասակ, 50,6 կգ կշռող ունեցող «դինամիտից» Տոկտաուլովան պաշտպանվելու գիտակից ռազմավարություն էր մշակելՙ որքան հնարավոր է հեռավորություն պահել: Բայց դե Սյուզին, որ այս անգամ իսկապես փայլուն տեխնիկա էր ցույց տալիս, «հրշեջի նման» էր վրա հասնում, ու հեռավորությունը երբեմն այնքան էր կրճատվում, որ երկու գլուխների բախում էր դառնում: Թեպետ Տոկտաուլովան հենց սկզբից էլ ջանում էր տիրապետող, թելադրող դառնալ ռինգում, բայց դա նրան չհաջողվեց. ինչպես չորրորդ ռաունդում հեռուստադիտողներիս փոխանցեցին մեկնաբանները, «փոքրիկ սատանան» ռինգում ամեն ինչ մաքուր ու հրաշալի էր իրականացնում, ու ամեն անգամ խիտ մարզադահլիճը արժանին էր հատուցումՙ «Սյու-զի, Սյու-զի» վանկարկելով: Հինգերորդ ռաունդում Քենտիկյանը աջ-ձախ հարվածներ էր ուղղում, վեցերորդումՙ էլի հրաշալի տեխնիկա, իսկ յոթերորդում արդեն դահլիճը գերմաներենին զուգահեռ ռուսերեն «մալաձեց Սյուզի էր» գոռում: Իններորդ ռաունդում արդեն պարզ էր, որ Սյուզի Քենտիկյանը միավորներով առաջ էր մրցակցից: Մրցամարտի ավարտին, 98:92, 99:92, 99:91 արդյունքները հաղորդելուց հետո, Սյուզին մոտեցավ բարձրախոսին ու հայտնեց, որ մրցամարտն իրեն շատ է դուր եկել: Ինքը Տոկտաուլովային լավ էր ճանաչում, շատ մեծ հարգանք է տածում նրա հանդեպ եւ ուրախ է, որ կարողացավ երկրպագուներին տված խոստումը կատարելՙ երկար, տեխնիկապես լավ, մաքուր մրցամարտ ցուցադրելով ու 23-րդ պայքարում անպարտելի մնալով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4