«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


ՄՐՑԱՆԱԿ ՊԱՏՄԱԿԱՆ ՁԵՌՔՍԵՂՄՄԱՆ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա ընտրական մրցախաղի ժամանակ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի ձեռքսեղմումը պատկերող լուսանկարն արժանացել է մրցանակի: «Խաղաղություն եւ սպորտ» կազմակերպության շնորհած մրցանակը Մոնակոյում այդ պետության արքայազն Ալբերտ Երկրորդը հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին ու Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մախմութ Էզգեներին: Մրցանակի հանձնման արարողությանը ներկա են գտնվել սպորտի, քաղաքական եւ գործարար աշխարհի մոտ 300 ներկայացուցիչներ:

«Նախագահ Աբդուլլահ Գյուլը Երեւան էր ուղեւորվել այն համոզմամբ, որ սպորտը մարդկային հարաբերությունների մերձեցման, խաղաղության, եղբայրության, համբերատարության պրոպագանդման լավագույն միջոցներից մեկն է: 2008-ին Հայաստանի եւ Թուրքիայի տարիքային տարբեր հավաքականներ երեք խաղ անցկացրին միմյանց հետ: Այդ խաղերը նպաստեցին երկու երկրների ֆուտբոլասերների, լրագրողների, ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների եւ ղեկավարների միջեւ շփումներին», նշել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

«Խաղաղություն եւ սպորտ» կազմակերպությանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որում մասնավորապես նշվում է. «Ես խորապես զգացված եմ ժյուրիի որոշումից, որը երկու երկրների նախագահների ձեռքսեղմումը պատկերող լուսանկարն արժանացրել է տարվա լավագույն լուսանկարի մրցանակին: Համոզված եմ, որ սպորտը մարդկանց եւ ժողովուրդների միջեւ տարաձայնությունների հաղթահարման լավագույն միջոցներից մեկն է»:

Հիշեցնենք, որ ժամանակին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեծ խանդավառությամբ էր ընդունել Աբդուլլահ Գյուլի ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու փաստը. «Այդ հանդիպումը պատմության մեջ կմտնի որպես ֆուտբոլային դիվանագիտության փայլուն օրինակ: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մարզական միջոցառումների թվի աճը երկու երկրների միջեւ կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4