Հայաստանի վարչապետը Ս. Նորաշեն եկեղեցում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
Վերջին 70 տարում եզակի անգամ Թբիլիսիի Ս. Նորաշեն եկեղեցու ներսում հնչեց Տերունական աղոթքը: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը եկեղեցում հայտնվածների հուզված ու արտասվալից հայացքների ներքո կիսախավարում բարձրաձայնում էր աղոթքըՙ հայեցի խոսքով ողողելով Հովնաթանյանների որմնանկարների տեղ-տեղ պահպանված «պատմությունները»:
Երեկ պաշտոնական մեկօրյա այցով Վրաստանում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ նախարարական, խորհրդարանական պատվիրակների ուղեկցությամբ: Այցելության նպատակն ըստ էության հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն էր, որի ընթացքում ստորագրվեցին առեւտրի եւ մշակույթի ոլորտներին վերաբերող համաձայնագրեր, նաեւՙ նիստի արձանագրություն: Ակնկալվում էր, որ հայ-վրացական կառավարական մակարդակի հանդիպմանը կողմերը չէին կարող չանդրադառնալ Ս. Նորաշենի խնդրին:
«Ազգի»ընթերցողները լավատեղյակ են, թե տարիներ շարունակ ժամանակին հունական եկեղեցին վրացականի վերափոխած իրականության մեջ իր «հոգեւոր ծառայությունը» մատուցող վրացի քահանա հայր Թարիելն ինչպես սկսեց, եւ ըստ էության, ի հեճուկս անգամ սեփական իշխանությունների, ավարտեց եկեղեցին շուրջկալող պարիսպը, որի վրա վրաց կրոնական խորհրդանիշներ տեղադրվեցին: Վերջերս վրացի քահանան նաեւ հանդգնել էր պղծել եկեղեցու բակում գտնվող Թամամշովների շիրիմներըՙ ծանր տեխնիկայով քանդելով ու տեղաշարժելով դրանք:
Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու հետ տարբեր ձեւաչափերով հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնեց նախ Թբիլիսիի հայկական պանթեոն, ապա նաեւ եղավ Ս. Նորաշեն եկեղեցում: Ու թեեւ տասնամյակներ շարունակ Ս. Նորաշենը փակ է, ցորենի եւ գրքի պահեստ ծառայելուց հետո այսօր էլ վրացի քահանայի ոտնձգություններով է կարեւորվում, Հայաստանի վարչապետը եղավ եկեղեցում, մոմ վառեց, աղոթեց ներկաների հետ:
Մինչ վարչապետն ու նրան ուղեկցողները եկեղեցու ձախակողմյան հատվածում ծանոթանում էին շիրմաքարերի վիճակին, թիֆլիսահայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բացեցին եկեղեցու տախտակներով մեխված դռներն ու վառված մոմերով ներս մտան: Տեսարանն առավել հուզիչ էր, հատկապես որ մոմերի լույսով ակնհայտ էր, թե հայր Թարիելի ոտնձգություններն ուր են հասել: Պատերից շատ տեղերում ուղղակի քերված են Հովնաթանյանների որմնանկարները: Եկեղեցու ներսն ավերված է, իսկ խորանըՙ ձեւափոխված վրացականի: Սուրբ սեղանի վրա արդեն հայտնվել է վրացական այսպես կոչված Նինոյի խաչը:
«1937-ին, երբ հարց էր բարձրացվել վերացնելու այս եկեղեցին, ռուսազգի մի ճարտարապետ կարողացավ դիմակայել ու պահպանել այս հրաշքը», տերունական աղոթքը բարձրաձայնելուց հետո եկեղեցու ներսում հայտնվածներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: «1994-ին փորձ արվեց եկեղեցին վրացական դարձնելու, սակայն հայության ջանքերով դա տեղի չունեցավ: Այսօր առաջին անգամ վերջին 70 տարիների ընթացքում այստեղ հայոց մոմ վառվեց... Հուզված ենք բոլորս, բայց վստահ, որ մեր վարչապետի այցը պիտի ունենա իր լուրջ հետեւանքները, եւ մեր եղբայրներըՙ վրացի ժողովուրդը, մանավանդ կառավարությունն ու վրաց եկեղեցին պիտի անդրադառնան այս հարցի լուծմանը հօգուտ մեր ժողովուրդների»:
Սրբազանի խոսքով, ժողովուրդը վաղուց է սպասում դռների բացմանը, որ Աստծո ողորմությամբ է: Վիրահայոց թեմի առաջնորդը վստահություն հայտնեց, որ կգա օրը եւ նորոգված Ս. Նորաշենը կվերաօծվի ու պատարագ կմատուցվի:
Յուրօրինակ ոգեւորությամբ եկեղեցուց հեռացողներն ականատես եղան Ս. Նորաշենի հարեւանությամբ գործող հոգեւոր սեմինարիայի սաների հավաքույթին, որոնց մեջ, չնայած հայր Թարիելի Թբիլիսիից բացակայելու շատերի պնդմանը, հայտնվեց ինքըՙ սպիտակամորուս քահանան: Ու մինչ հայր Թարիելը փորձում էր պարզել, թե ովքեր են համարձակվել բացել Ս. Նորաշենի դռները, որեւէ սադրանքի չտրվելու մտադրությամբ հայերը հեռացան:
Ավելի ուշ, Թբիլիսիից վերադարձին վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպումից հետո հայ լրագրողներին տեղեկացրեց, որ Սաակաշվիլին խոստացել է անձամբ հետեւել խնդրի ընթացքին: Վարչապետ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին պատմել է Ս. Նորաշենի, դրանում դեռեւս պահպանվող Հովնաթանյանների որմնանկարների կարեւորության մասին: Ու թեեւ Վրաստանի նախագահին արդեն զեկուցել էին, որ Ս. Նորաշենի դռները բացվել են ու ներսում տերունական աղոթք է հնչել, Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Վրաստանի նախագահին է փոխանցվել Հայաստանի համար այս հարցի սկզբունքային լինելը:
Երեկ Վրաստանի մշակույթի նախարարության հարեւանությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Թբիլիսիի հայերի ասամբլեայի ներկայացուցիչները: Բողոքի կազմակերպիչներից Առնոլդ Ստեփանյանն«Ազգին»տեղեկացրեց, որ բողոքի ակցիայի օրվա ընտրությունը կապ չուներ Հայաստանի վարչապետի այցելության հետ, քանի որ ծրագրվել էր երկու շաբաթ առաջ, սակայն, թերեւս հատել է թիֆլիսահայության համբերությունը, եւ արդեն քաղաքականացված Ս. Նորաշենի խնդիրը բողոքի ակցիա է դարձել: Թիֆլիսահայերի ասամբլեան բանակցում է մշակույթի նախարարության հետ հիմնական երկու հարցադրում ունենալովՙ ի վերջո ո՞ւմ է վերադարձվելու Ս. Նորաշենը եւ ե՞րբ:
«Ազգը»դեռեւս կանդրադառնա Ս. Նորաշենի խնդրի առնչությամբ երեկ հնչած տարբեր կարծիքներին ու գնահատականներին: