Ադրբեջանը բարեկամ երկի՞ր
Ամերիկայի հայկական համագումարը մեր ուշադրությանն է հանձնում Վիրջինիա նահանգի «Արամակ» ընկերության նախագահ Նիկ Բազարյանի նամակըՙ ուղղված ամերիկյան «Վաշինգտոն թայմս» թերթին, ի պատասխան նույն թերթում սեպտեմբերի 29-ին տպագրված «Ամերիկայի բարեկամը» խորագրով Կասպիցի նավթի օգտագործման խորհրդատու-մասնագետ Ռոբ Սոբհանիի հոդվածի: Բազարյանի նամակըՙ ուղղված թերթի խմբագրին, տպագրվել է «Վաշինգտոն թայմսում» նոյեմբերի 23-ին: Թարգմանաբար ներկայացնում ենք հիմնական մասերը:
«Իրանի միջուկային զենքի, վրաց-ռուսական հակամարտության եւ էներգիայի վերաբերյալ հետզհետե աճող մտահոգությունների ենթատեքստում վերջերս լրատվամիջոցներն ու արտաքին գերատեսչությունների մասնագետներն առավել մեծ ուշադրություն են դարձնում Կասպից ծովի արեւմտյան ափի երկայնքով տեղավորված Ադրբեջանի վրա, կոչելով նրան «Ամերիկայի բարեկամ», ներկայացնելով որպես ազատության, ժողովրդավարության եւ հանդուրժողականության տիպար երկիր եւ մանավանդ նշելով, որ Ռուսաստանին շրջանցելով նա էներգիայի ստացման լուծումներ է առաջարկում Արեւմուտքին:
Ադրբեջանով այսքան ոգեւորվելը նշանակում է աչք փակել փաստորեն օլիգարխային մի երկրի վրա, որը հետզհետե առավել ռազմատենչ է դառնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի դեմ վարած իր քաղաքականությունում: Նախագահ Ալիեւը շարունակ պարծենում է, որ երկրի պաշտպանության համար հատկացված բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեին: Ավելինՙ Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի կանոնները եւ Թուրքիայի հետ համագործակցելովՙ շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
Բարաք Օբամայի գլխավորությամբ նորաստեղծ կառավարությունը պարտավոր է զգուշությամբ մոտենալ Ադրբեջանին: Հոկտեմբերին անցկացված քվեարկություններին ընդդիմությունը չէր ընդգրկված, մամուլի ազատությունն ընդհանրապես անտեսված է, երբեմն նույնիսկ բռնություն է կիրառվում լրագրողների դեմ, եւ վերջապեսՙ ավելի քան 100 հազար ադրբեջանցիներ դեռեւս գտնվում են լքյալ վիճակում, սոսկ Արեւմուտքին հավատացնելու համար, որ երկիրն ունի փախստականների խնդիր:
Նորընտիր նախագահ Օբաման պետք է հիշի, որ Ադրբեջանն, ինչքան էլ որոշ բան ունենա առաջարկելու Արեւմուտքին, այդուհանդերձ այն տիպար երկիրը չէ, որ կարելի է բարեկամ համարել: Եվ եթե նրա քայլերն անպատասխան թողնվեն, ապա նրա վարած քաղաքականությունից կտուժեն ոչ միայն այդ երկրի, այլեւ մեկ ուրիշ երկրիՙ Հայաստանի քաղաքացիները»:
Թարգմ. Հ. Ծ.