«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2008-12-06 | #228, 2008-12-09 | #229, 2008-12-10


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱ

Երեկՙ դեկտեմբերի 9-ին Լոնդոնի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի թիվ 17 սենյակում տեղի է ունեցել «Թուրքիայի փոքրամասնությունները շարունակում են դիմակայել մշակութային ցեղասպանությանը» թեմայով խորհրդաժողովՙ նվիրված ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 60-ամյակին, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց.

ա) Թուրքիայի վարչապետի եւ պաշտպանության նախարարի վերջերս կատարած հայտարարությունները: Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորայի այցելության առիթով նոյեմբերի 4-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է. «Թուրքիան բաղկացած է մեկ ազգից, մեկ դրոշից եւ մեկ հողատարածքից, եւ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս ամենին, պետք է հեռանան երկրից»:

Իսկ նոյեմբերի 10-ին Բրյուսելում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «տարագրությունը (ցեղասպանության ժամանակ) նպաստեց կառուցելու թուրքական պետությունը: «Հնարավոր կլինե՞ր արդյոք այսօր պահպանել միեւնույն ազգային պետականությունը, եթե հույներն ու հայերը շարունակեին ապրել առաջվա նման Թուրքիայի զանազան շրջաններում», ասել է նա:

բ) Քրդերի, հայերի, ասորիների, կիպրահայերի եւ կիպրաասորիների մարդու իրավունքները: Խորհրդաժողովը կազմակերպել են «զորակցություն բոլոր ցեղասպանությունների զոհերին» ընկերակցությունը, «Նոր սերունդ» մշակութային ասոցիացիան, «Հալաբջա» կենտրոնը (CHAK) համագործակցությամբ «Սեյֆ» կենտրոնի:

Հրավիրված են եղել ելույթ ունենալու Դեզմոնդ Ֆերնանդեսը («Քրդերի եւ հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակ), պրոֆ. Խաչատուր Փիլիկյանը, Աքիֆ Ուանը, Ռեբուար Ֆաթահը (քրդական լրատվամիջոցներից) եւ մի ասորի/սիրիացի Թուրքիայից:

Խորհրդաժողովը հովանավորել է եւ նախագահել անկախ խորհրդարանական դոկտ. Բոբ Սպինքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4