Հայաստանի մշակույթի, արվեստի շուրջ 300 գործիչներՙ ակադեմիկոսներ, դոկտորներ, հասարակական, լրատվական կազմակերպությունների ղեկավարներ բաց նամակով դիմել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ: Անկեղծորեն ընդունենք, որ այս հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915 թվականից ի վեր: Պարոն նախագահ, այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ գործադրված ահռելի ոճրի հետ, որն անժամանցելի է: Սա ոչ միայն համայն հայ ժողովրդի ընդհանրական պահանջատիրությունն է, այլեւՙ համաշխարհային հանրության արդար ակնկալությունը: Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը: Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Կարծում ենքՙ սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը եւ համարձակ քայլ անել դեպի ապագա», ասված է նամակում: Նշված հայտարարությունը, մասնավորապես, ստորագրել են Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը, Էդվարդ Միրզոյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արա Շիրազը, Վիգեն Ստեփանյանը եւ այլք: