«Արարատի» մարզչական կազմը հրաժարական է տվել
«Արարատ» ֆուտբոլային ակումբում կրկին կարծես ամեն ինչ գլխիվայր է շրջվել: Վերջերս ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսում «Արարատի» ղեկավարները խուսափողական պատասխան էին տվել թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետագա ճակատագրի մասին վերաբերող հարցինՙ խոստանալով առաջիկայում այդ հարցի շուրջ առանձին ասուլիս կազմակերպել: Նրանք միայն նշել էին, որ ընդհանուր առմամբ գոհ են գլխավոր մարզչի աշխատանքից: Այն ժամանակ մենք այն եզրակացության էինք եկել, որ կամ «Արարատի» ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնանկ անել Վարուժան Սուքիասյանին, կամ էլ մարզիչն ինքն է պատրաստվում հրաժարական տալ:
Եվ ահա հայտնի է դարձել, որ «Արարատի» մարզչական կազմը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հրաժարական է տվել: Նրա հետ մեկտեղ իրենց պաշտոններից հրաժարվել են գլխավոր մարզչի օգնականներ Գեւորգ Քամալյանն ու Գագիկ Թամրազովը, ինչպես նաեւ «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Ստեփան Բաղդասարյանը: Ակնհայտ է, որ նման անսպասելի որոշումը լուրջ դրդապատճառներ ունի եւ ամենայն հավանականությամբ պայմանավորված է ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններով:
Ավելորդ չէ հիշեցնել, որ անցած մրցաշրջանի կեսերին նույնպիսի իրավիճակ էր «Արարատում»: Թիմն ընթանում էր առաջատարների շարքում եւ հանկարծ ակումբի ղեկավարությունը որոշեց գլխավոր մարզչին խորհրդատու հրավիրել արտերկրից: Այդ քայլը վիրավորական համարելով, Վարուժան Սուքիասյանն իր օգնականների հետ հրաժարական տվեց: Նրան փոխարինած սերբ մարզիչ Դուշան Միհիչի ղեկավարությամբ արարատցիները զիջեցին նվաճած դիրքերը եւ զրկվեցին մրցանակային տեղից: Բարեբախտաբար, 2008-ի մրցաշրջանի շեմին «Արարատի» ղեկավարությունը գուցե գիտակցելով իր սխալը, կրկին թիմի ղեկը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Բոլորին է հայտնի ընթացիկ մրցաշրջանում արարատցիների ունեցած հաջող մրցելույթների մասին: Մայիսին «Արարատն» իր պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ ՀՀ գավաթակիր, իսկ առաջնությունում մինչեւ վերջ պայքար մղեց չեմպիոնության համար:
Անսպասելի պաշտոնանկության բուն պատճառները պարզելու նպատակով զանգահարեցինք Վարուժան Սուքիասյանին: Վերջինս նշեց, որ մոտ օրերս մամուլի ասուլիս կկազմակերպի եւ իր նկատառումները կհայտնի պաշտոնանկության պատճառների մասին: «Արարատ» ակումբի ղեկավարների հետ հանդիպել չհաջողվեց:
Այսպիսով «Արարատը», որին շուտով հարկ կլինի Մոսկվայում Հայաստանը ներկայացնել «Համագործակցության գավաթի» խաղարկությունում, մնացել է առանց գլխավոր մարզչի: Ո՞վ կգլխավորի «Արարատը»: Այս հարցը հուզում է թիմի երկրպագուներին: Ըստ որոշ աղբյուրների, հնարավոր է թիմի ղեկը կրկին ստանձնի Արկադի Անդրեասյանը կամ էլ նոր մարզիչ հրավիրվի արտերկրից: Ամեն դեպքում «Արարատի» ղեկավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Վարուժան Սուքիասյանին արժանի փոխարինող գտնելու համար: Չէ՞ որ արարատցիները մոտ օրերս արդեն պետք է սկսեն հունվարին կայանալիք «Համագործակցության գավաթի» խաղարկության անմիջական նախապատրաստությունը: Բացի այդ, ներկայում ֆուտբոլային թիմերի կազմի համալրման ժամանակաշրջանն է եւ թիմում մարզչի առկայությունը շատ կարեւոր է սելեկցիոն աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար: Հուսանք, որ «Արարատի» ղեկավարությունը ճիշտ եզրահանգումներ կկատարի եւ թիմը չի տուժի մարզչական կազմի հերթական փոփոխությունից: Ցավալի կլինի, եթե Վարուժան Սուքիասյանի եւ նրա օգնականների կատարած հսկայածավալ աշխատանքը ջուրը թափվի: