Վրաստանի վարչապետը չուղեկցեց Տիգրան Սարգսյանին պանթեոն ու Ս. Նորաշեն
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի վարչապետին նախորդ օրը չուղեկցեց հայ ականավոր գրողների ու գործիչների պանթեոն, ոչ էլ Ս. Նորաշեն եկեղեցի: Ու եթե Ս. Նորաշեն եկեղեցի այցելության դեպքում Հայաստանի վարչապետին չուղեկցելը կարելի է բացատրել հարցի շուրջ առկա լարվածությամբ,, ապա պանթեոն չայցելելու պատճառն ուղղակի հասկանալի չէ, եթե ելնենք անգամ զուտ վրացական տրամաբանությունից:
Այդ պանթեոնը թեեւ հայ գործիչների հիշատակն է հավերժացնում, բայց դա թիֆլիսահայությանն է պատկանում ամենից առաջ, իսկ այդ կերպ նաեւ` Թբիլիսիին, այսինքն` Վրաստանին:
Եթե Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին անձամբ հարգալից չի կարող գտնվել թիֆլիսահայության նկատմամբ, առանձնակի հոգ չէ, քանի որ դժվար թե Հայաստանի վարչապետի եւ Վրաստանի վարչապետի հաջորդ հանդիպմանը Վրաստանը ներկայացնի նույն Մգալոբլիշվիլին: Իսկ եթե դա վրաց պետության կառավարության մոտեցումն է, ուրեմն անհարկի էին երկու վարչապետների հայտարարությունները, թե Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բոլոր հարցերը լուծելի են:
Թբիլիսիում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստից հետո վարչապետ Սարգսյանը այցելեց պանթեոն, որի հարեւանությամբ այժմ կանգնած է Սուրբ Երրորդության կամ, ինչպես հնչում է վրացերեն, Սամեբա եկեղեցին:
Այն կառուցվել է Խոջիվանքի հայկական գերեզմանատան տեղում, ու մինչեւ օրս էլ վրացական եկեղեցու կողքին, հենց պանթեոնին հարող հատվածում առաջացած փոքրիկ ձորում կարելի է տեսնել դագաղներ, որոնցից դատարկության մեջ ցցված ոսկորները Հայաստանի վարչապետի այցելությունից առաջ չքացել էին, սակայն ձորի դատարկությանն էին դեռ «նայում» դատարկ դագաղները:
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրվեց երեք փաստաթուղթՙ արդյունքներն ամփոփող արձանագրություն, 2008-10 թթ. մշակույթի նախարարությունների համագործակցության ծրագիր եւ երկու պետությունների առեւտրային ռեժիմում փոփոխությունների արձանագրություն:
Եթե առաջին փաստաթուղթը արարողակարգային է, իսկ առեւտրային հարցերին վերաբերող արձանագրություն ստորագրելու անհրաժեշտությունը պայմանավորված էր ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու հանգամանքով, ապա մշակույթի նախարարությունների համագործակցության 2008-10 թթ. ծրագիրը պիտի որ ամենայն մանրամասնությամբ անդրադառնա հուշարձանների պահպանության խնդրին, որ արդեն, թերեւս, չի կարող վերաբերել Խոջիվանքի գերեզմանատանը, սակայն գուցե թե կարող է ներառել այսպես կոչված վիճահարույց 6 եկեղեցիների հարցը, որոնցից մեկն էլ Նորաշենն է:
Թե ինչու է Նորաշենի հարցը տեղափոխվում հայ եւ վրացի եկեղեցիների կողմից լուծելի հարցերի հարթություն, այնքան էլ հիմնավորված չէ, թեեւ վրաց պատրիարքարանի համատեղ հանձնախումբ ստեղծելու նախաձեռնությունը, որի մասին վարչապետների համատեղ ու ամեն կողմից մեկական հարցերով ասուլիսում նշեց Վրաստանի վարչապետը, մասամբ բացատրում է իրականում միջկառավարական հարցի միջեկեղեցական դառնալու պատճառը:
Այդ մասին«Ազգի»հարցին ի պատասխան հայկական պանթեոնում ներկայացրեց նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդՎազգեն սրբազան Միրզախանյանը. վրաց եկեղեցու հեղինակությունը բավականին մեծ է ու դա է հիմնական պատճառը, որ թեեւ հայկական չգործող եկեղեցիները գտնվում են Վրաստանի մշակույթի նախարարության հաշվեկշռում, բայց դրանց հարցը դարձել է միջեկեղեցական խնդիր:
Ու ինչ էլ ասելու լինեն պաշտոնական աղբյուրները, եկեղեցականներն ու ընդհանրապես այս խնդրին քիչ թե շատ առնչվող յուրաքանչյուր կառույց ու անձ, փաստ է, որ վրացի հոգեւորական հայր Թարիել Սիկինչելաշվիլու ձեռքով Ս. Նորաշենի շրջակայքում կառուցվել ու կանգուն է դեռ վրացական կրոնական սիմվոլիկայով պարիսպը, պղծվել են Թամամշովների գերեզմանները, ավերված է եկեղեցու ներսը, քերված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող Հովնաթանյան եղբայրների որմնանկարների մի մասը: Իսկ վրացական իշխանությունները միայն խոստանում են, որ եկեղեցու որեւէ փոփոխություն թույլ չի տրվի: