«Հանուն արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնության» դեկտեմբերի 8-ի մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նախորդ երեքշաբթի օրը Հոլանդիայից Եվրոխորհրդարանի անդամ, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ռիա Օոմեն-Ռուիխտենը Եվրոխորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ուշադրությանն է հանձնել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր հերթական զեկուցագրի նախնական տարբերակը: Հատկանշական է, որ դա կատարվել է ուշ ժամանակ թուրքամետ խորհրդարանականների եւ Անատոլիայից որոշ լրագրողների ներկայությամբ:
Ըստ հաղորդագրության, «մտահոգություններն» ու «ափսոսանքներն» են կազմում Թուրքիային ուղղված բանաձեւի բովանդակության գլխավոր առանցքը, իսկ անդամակցության հեռանկարի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա:
Մտահոգությունների առումով նշվում է, որ «երրորդ տարին անընդմեջ նկատվում է բարեփոխումների գործընթացի դանդաղկոտություն», նաեւ Կիպրոսի հարցի վերաբերյալՙ «Թուրքիայի կառավարության ստանձնած պարտավորությունների ոչ լիարժեք կատարում»:
Գալով «ափսոսանքներին», բանաձեւը նշում է, որ «խոսքի եւ լրատվության ազատությունները լիարժեք ձեւով պաշտպանված չեն Թուրքիայում» եւ 301 հոդվածի ցարդ կատարված փոփոխությունները «բավարար չեն, քանի որ մարդկանց հետապնդումները դեռեւս շարունակվում են»:
Բանաձեւը կոչ է անում ամբողջովին վերացնել այդ հոդվածը: Նաեւ ափսոսանք է հայտնում, որ «հաճախակի արգելվում են ինտերնետային կայքերի բացումը, Թուրքիային հետ մղելով ժողովրդավարական հասարակություն դառնալու պահանջված մակարդակից»:
Ավելին, նշվում է, որ «Թուրքիան ոչ մի առաջընթաց չի արձանագրում փոքրամասնությունների պաշտպանության, նրանց մշակութային արժեքների պահպանման եւ հարգալից վերաբերմունքի դրսեւորման ասպարեզում»:
«Այս բոլոր թերությունները լրջորեն կանդրադառնան անդամակցության բանակցությունների վրա, եթե մինչեւ 2009-ի դեկտեմբերը գործնական քայլեր չձեռնարկվեն», նշված է եղել բանաձեւում, որն, այդուհանդերձ, ողջունել է նախագահ Գյուլի այցելությունը Հայաստան եւ հույս հայտնել, որ դա կնպաստի առավել նպաստավոր մթնոլորտ ստեղծելու երկու երկրների հարաբերություններում: Բայց դրա համար «կոչ ենք անում թուրքական կառավարությանըՙ բացել Հայաստանի հետ սահմանը եւ հաստատել քաղաքական ու տնտեսական լիարժեք հարաբերություններ նրա հետ», հորդորել է զեկուցագիրը:
«Ուրախ ենք նկատելու նոր մոտեցումը, որ մատնանշում է Թուրքիայի թերությունները», ասել է այս առթիվ Եվրոպահայերի դաշնության գործնական տնօրեն Լավրենտի Լեյլեկյանը:
Թարգմ. Հ. Ծ.