«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԵՎ ՕՍԼՈՅՈՒՄ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՏԱՐՎԱ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Շվեդիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի են ունեցել Նոբելյան մրցանակների հանձնումը եւ դափնեկիրների ու հյուրերի համար կազմակերպված տոնական ճաշկերույթը: Հանդիսություններն ավանդաբար անցկացվում են Ալֆրեդ Նոբելի հիշատակի օրը. նա մահացել է 1896-ի դեկտեմբերի 10-ին:

Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում հանձնել է 12 մրցանակներից 10: Դափնեկիրներից մեկը գերմանացի Հարոլդ Հաուզենն է, որը դիպլոմի եւ ոսկե մեդալի է արժանացել արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմայի վիրուսի հայտնաբերման համար: Ֆրանսուազ Բարրե-Սինուսսին եւ Լյուկ Մոնտանյեն (Ֆրանսիա) մրցանակ են ստացել մարդու իմունադեֆիցիտի վիրուսի հայտնաբերման համար:

Ամերիկացի Էնրիկո Ֆերմին բացահայտել է տարրական մասնիկների ֆիզիկայում սիմետրիայի ինքնաբերական խախտման մեխանիզմը, իսկ ճապոնացիներ Մակոտո Կոբայակին եւ Տոսիհիդե Մասկավանՙ սիմետրիայի խախտման աղբյուրը:

Մրցանակներ են շնորհվել նաեւ երեք կենսաբաններիՙ ճապոնացի Օսամու Սիմումորային, ամերիկացիներ Մարտին Չալֆին եւ Ռոջեր Ցիենին, ինչպես նաեւ ֆրանսիացի գրող Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոյին:

Տնտեսագիտության ասպարեզում մրցանակ է շնորհվել ամերիկացի Փոլ Կրուգմանին:

Դափնեկիրներից մեկըՙ ամերիկացի 87-ամյա ֆիզիկոս Յոիտիրո Նամբուն Ստոկհոլմում չէր առողջական վիճակի պատճառով: Երեկ Չիկագոյում նրան դիպլոմ եւ ոսկե մեդալ է հանձնել ԱՄՆ-ում Շվեդիայի դեսպանը:

Խաղաղության Նոբելյան մրցանակը, Նոբելի կտակի համաձայն, հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Երեկ 2008-ի մրցանակը հանձնվել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիինՙ տարբեր աշխարհամասերում նրա երեսնամյա խաղաղարար գործունեության համար:

Այս տարի Նոբելյան մրցանակները շնորհվում էին 107-րդ անգամ: Գիտության վեց ճյուղերից յուրաքանչյուրում մրցանակի գումարը 10 մլն կրոն է (մոտ 1,2 մլն դոլար):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4