«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

90 տարի առաջ` 1918 թվականին, Կալիֆոռնիայում Մեծ եղեռնի ականատեսԱրշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան»հուշագրության հիման վրա նկարահանվեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ էր նրանով, որ գլխավոր դերակատարը հենց Արշալույս Մարտիկանյանն էր: Կորցնելով ծնողներին, քույրերին եւ երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջեւ, 14-ամյա չմշկածագցի Արշալույսը խոշտանգվել է թուրք եւ քուրդ պաշտոնյաների հարեմներում: Հայկական Ժաննա դը Արկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, մղձավանջային սարսափներից հետո հավատափոխ չի լինում եւ փախչելով Քեմալ էֆենդիի հարեմից, շուրջ երկու տարի ապրում է լեռներում: Երկար թափառումներից հետո բնակություն է հաստատում Նյու Յորքում: Այստեղ էլ 1918 թվականին անգլերեն լեզվով լույս է տեսնում նրա «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը, ուր հեղինակը պատմում է աքսորի ճանապարհի սարսափների մասին:

Ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Եվրոպայում` ամենուրեք բացառիկ հաջողության հասնելով: Ֆիլմից ստացված 30 միլիոն դոլար շահույթը Ամերիկյան նպաստամատույց Near East Relief կոմիտեն տրամադրում է սիրիական անապատներում տառապող հայերին` փրկելով ավելի քան 100 000 կյանք: 1920 թվականին, երբ Կարմիր բանակը մտնում է Կովկաս, քաղաքական նկատառումներով ֆիլմը ոչնչացվում է: 85 րոպե տեւողությամբ ֆիլմից պահպանվում է միայն 20 րոպեանոց մի հատված, որի մի օրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում:

«Հոգիների աճուրդ» ֆիլմի նկարահանման 90-ամյակի առթիվ լույս է ընծայվելՏիգրան Մանգասարյանիհեղինակած«Մինչեւ հոգիների աճուրդը»վեպ-պատկերապատումը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: «Գիրքը գրված է «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա: Այն գրաֆիկական ոճով է արված, կառուցման սկզբունքով նման է ֆիլմի սցենարի: Հրատարակվել է անգլերեն: Երբ աշխատում էի գրքի վրա, տեղյակ չէի, որ «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը լույս է տեսել նաեւ հայերեն», նշեց Տիգրան Մանգասարյանը: Գիրքը նվիրված է Մեծ եղեռնի արհավիրքներով անցած բոլոր հայերին: Գրքի խմբագիր ու հովանավորՍոսի Գեւոնյանիխոսքերով, Արշալույս Մարտիկանյանն իսկական հերոսուհի էր. «17 տարեկան հասակում նա արդեն անցել էր դժոխքի բոլոր ճանապարհներով եւ նորից վերապրել այդ ամենն արդեն ֆիլմում նկարահանվելով, իսկական հերոսություն է: Մինչ ԱՄՆ գալը, նա պատահաբար հանդիպում է Զորավար Անդրանիկին, որը նրան խորհուրդ է տալիս իր տեսածները պատմել հասարակությանը:

Ցավոք, Արշալույսի հետագա կյանքը նույնպես ողբերգական էր, տղան ծերության օրոք նրան տանում է տարեցների տուն: Այստեղ էլ 1996-ին մահանում է եւ նույնիսկ շիրմի վրա գերեզմանաքար չկա»: Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենՀայկ Դեմոյանընշեց, որ այս գիրքը տարբերվում է ցեղասպանության մասին պատմող մյուս գրքերից. «Ոչ ոք ներկայացված չէ որպես թշնամի, այն ուղղակի ներկայացնում է մի աղջկա պատմությունը: Սովորաբար նման արհավիրքներ տեսած մարդիկ պարփակվում են իրենց մեջ ու չեն պատմում իրենց տեսածների մասին, այս առումով Արշալույս Մարտիկանյանի հուշերը բացառիկ արժեք ունեն: Այս գիրքը եւս մեկ հարված կլինի ժխտողականություն կոչվող պատին»:

ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4